Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աննա Գրիգորեան. «Առաջիկայ զիջումներից առաջ փորձում են չէզոքացնել հիմնական դերակատարներին»

«Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանի համոզմամբ՝ Հայաստանում ընթացող ձերբակալութիւններն ու քննչական գործողութիւնները քաղաքական նպատակ ունեն եւ կապւած են իշխանութիւնների կողմից սպասւող զիջումների հետ։

Դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում նա նշել է, որ իշխանութիւնները փորձում են «չէզոքացնել հիմնական դերակատարներին» եւ ընդդիմադիր հայեացքներ ունեցող քաղաքացիների շրջանում վախի մթնոլորտ ստեղծել։ Նրա կարծիքով՝ հնարաւոր զիջումների շարքում կարող են լինել Տիգրանաշէնի յանձնումը եւ նոր Սահմանադրութեան ընդունումը։

Գրիգորեանը քննադատել է նաեւ բանակում ստեղծւած իրավիճակը՝ նշելով, որ վերջին տասնօրեակում երեք զինծառայողի զոհւելը չի համապատասխանում խաղաղութեան պայմաններին։ Նրա կարծիքով՝ իշխանութիւնները պատասխանատւութիւնը փորձում են տեղափոխել իրենց ստեղծած յանձնաժողովի վրայ։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխութիւններին՝ պատգամաւորը նշել է, որ իշխանութիւններին անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնութիւն՝ Մայր օրէնքը փոխելու համար, եւ «Հայաստան» խմբակցութիւնը նման մանդատ իր ընտրողներից չի ստացել։

Գրիգորեանը առանձնացրել է Տիգրանաշէնի հարցը՝ այն համարելով Հայաստանի համար ռազմավարական նշանակութեան տարածք։ Նրա համոզմամբ՝ դրա յանձնումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ պետութեան կենսունակութեան համար։ Նա նաեւ չի բացառել, որ արդէն յայտարարւած զիջումներից բացի՝ կան այլ պայմանաւորւածութիւններ, որոնք դեռ չեն հանրայնացւել։

Related Articles

Back to top button