Գրիգոր Մուրադեան. Եթէ Հայաստանի ընդերքը դարձաւ սակարկման առարկայ, ուրեմն գործ ունենք նէոգաղութացման հետ

TRIPP-ի այս փաստաթուղթն իրաւական ուժ չունի եւ չի էլ յաւակնում ունենալ։ Սա քաղաքական բանակցութիւնների արդիւնքում ի յայտ եկած յուշագիր է։ Կողմերն ընդունում են, որ TRIPP-ի յաջողութիւնը կախւած է ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան յետագայ ինստիտուցիոնալիզացումից, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ ամբողջական կարգաւորման առաջընթացից, այսինքն, եթէ այս ճանապարհի կառուցման եւ գործելու արդիւնաւէտութիւնը պայմանաւորւած է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքմամբ, իսկ այն, իր հերթին, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեամբ, որի հեռանկարը բնաւ չի նշմարւում, ուրեմն այս փաստաթուղթը ներկայ փուլում որեւէ իրական արժէք չունի, միայն ՔՊ-ի համար նախատեսւած նախընտրական քարոզչական հնարքներից է:
TRIPP-ի այս փաստաթղթի իրաւաբանական վերլուծութիւնը «Դասեր» հաղորդաշարում ներկայացրեց Սաթիկ Սէյրանեանի հիւրը՝ ՀՀ արդարադատութեան նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական, «Արդարութիւն՝ իրաւունքի միջոցով» իրաւախորհրդատւական ընկերութեան տնօրէն Գրիգոր Մուրադեանը:
Վերջինս նկատեց՝ առանց մանրամասների, թէ ինչպէս է հայկական կողմն իրապէս վերահսկելու ընդունարանը, այսինքն, առաջին գրասենեակը, այս փաստաթուղթը որեւէ կարեւորութիւն չի ներկայացնում ՀՀ-ի համար, այն դեռեւս նախընտրական խաբկանք է. ամբողջ հարցն այս փաստաթղթի կիրառումն է՝ գործնականում ապահովելով ՀՀ ինքնիշխան իրաւունքները:
«Ճի՞շտ ենք հասկանում, որ այս փաստաթղթում ուղիղ կապ կայ Հայաստանի կողմից նոր զիջումների ու այս փաստաթղթի յաջողութեան հետ։ Այսինքն՝ եթէ սահմանադրական հանրաքէն, որն Ադրբեջանի, Թուրքիայի կողմից պարտադրւում է Հայաստանին, ձախողւի, կարող են ասել, որ մենք ձախողել ենք այդ փաստաթղթի յաջողութիւնը։ Հայաստանի ժողովրդին շանտաժի միջոցով ստիպելու են, որ գնայ, կողմ քւէարկի՞ Ադրբեջանի պահանջած Սահմանադրութեան փոփոխութեանը… Իսկ եթէ չստացւի՞։ Ոչ ոք չի կարող ստիպել մեր ժողովրդին՝ անել իրենց յարմար քւէարկութիւն։
Պարզ է, չէ՞, որ այս փուլում ԱՄՆ-ը որեւէ իրաւական պատասխանատւութիւն՝ կապւած TRIPP-ի փաստաթղթի հետ, իր վրայ չի վերցնում»,-ասաց Գրիգոր Մուրադեանը:
Նրա խօսքով՝ Եթէ Հայաստանը չի կառավարելու Front office-ը կամ, այսպէս կոչւած, առաջնային գրասենեակը, սա Հայաստանի համար ոչ մի նշանակութիւն չունեցող փաստաթուղթ է։ Թղթում 10 տեղ ընդգծւած «Հայաստանի սուվերենութիւն» արտայայտութիւնը եւս ոչ մի նշանակութիւն չունի, բացի նախընտրական հնարք լինելուց։
Նկատենք, որ Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի համատեղ ներկայացրած այդ փաստաթղթում գրւած է. «ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ ակնկալւող օգուտներն են՝ նոր շուկաների բացում ամերիկեան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, տարածաշրջանում առեւտրի համար փոխկապակցւածութիւն, որը հումք, կարեւորագոյն հանքանիւթեր եւ հազւագիւտ մետաղներ կբերի ամերիկեան շուկաներ, ԱՄՆ, Եւրոպայի եւ Ասիայի միջեւ յաւելեալ առեւտրային ուղիների տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ եւ ապրանքները կարողանան տեղաշարժւել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխութիւններից»։
«TRIPP-ի միջոցով ԱՄՆ ակնկալւող օգուտների թւում այս թղթում նշւում է փոխկապակցւածութիւնը, որը հումք, կարեւորագոյն հանքանիւթեր եւ հազւագիւտ մետաղներ կբերի ամերիկեան շուկաներ: ԱՄՆ-ի համար այդ ի՞նչ օգտակար հանածոների մասին է խօսքը, դրանց թւո՞ւմ են արդեօք Հայաստանի ընդերքի հանածոները, կա՞ արդեօք դրանց վերաբերեալ առանձին պայմանաւորւածութիւն, ի՞նչ համամասնութիւնների մասին է խօսքը:
Ներկայիս աշխարհում գրեթէ անթաքոյց պատերազմներ են մղւում հանքանիւթերի, հազւագիւտ մետաղների, ռեսուրսների համար, եւ Հայաստանի ընդերքը, յատկապէս Սիւնիքը, հարուստ է դրանցով։ Այդ դէպքում պարզ չէ՝ Հայաստանի ընդերքի հարստութիւնը եւ՞ս պէտք է այդ ճանապարհով դուրս բերւի, եւ եթէ այո, ի՞նչ համամասնութեամբ, արդեօ՞ք ուկրաինական սցենարը մեր պարագայում կրկնւելու է… Եթէ՝ այո, ուրեմն մենք գործ ենք ունենալու նէոգաղութացման հետ։ Եթէ՝ ոչ, ինչո՞ւ է այս փաստաթղթում խօսք գնում մեր ընդերքի մասին»,-ասաց Գրիգոր Մուրադեանը:
Յիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ նախագահն Ուկրաինայից պահանջեց, որպէսզի էլեկտրոնիկայի մէջ օգտագործւող հազւագիւտ հողային մետաղներ մատակարարի Միացեալ Նահանգներին՝ Ամերիկայի տրամադրած շուրջ 300 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցութեան դիմաց։
168.am



