
«ԱԼԻՔ» – Կիրակի՝ ապրիլի 13-ին, ԻԻՀ ԶՈՒ հրամկազմի հետ իրանական նոր տարւայ կապակցութեամբ հանդիպմանը այաթ. Խամենէին զինւած ուժերը երկիրն իր գրկում ապահով հսկող ցանկապատ անւանելով, ընդգծել է, որ նման ազգային առաջադրանքը լիարժէք իրականացնելու համար պէտք է ապահովել առաւելագոյն պատրաստւածութիւն եւ ապարատային ու ծրագրային միջոցների ամրապնդում:
Գերագոյն առաջնորդը յաւելել է. «Երկրի առաջընթացը զայրացրել է Իրանի բարգաւաճումը չկամեցողներին: Իհարկէ, կան թոյլ կողմեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսականն ու կենցաղայինը, որոնց համար անկասկած կայ համապատասխան լուծում»:
Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Բաղերին հանդիպման սկզբում անդրադարձել է Իրանում եւ տարածաշրջանում նախորդ տարւայ զարգացումներին յիշատակելով Պաղեստինի հարցի շուրջ համաշխարհային զարթօնքի կարեւորութիւնը եւ Գազայի ու Լիբանանի ժողովրդական օրինակելի դիմադրութիւնը՝ Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների դէմ:
Բաղերին թւարկել է նաեւ պաշտպանական եւ զսպող ուժի միջոցների արդիականացման շարունակական ընթացքը, առաջադէմ տեխնիկայի ու սպառազինութիւնների արտադրութիւնը, ճկունութեամբ աչքի ընկնող զօրավարժութիւնների անցկացումը, զինւած ուժերի ստորաբաժանումների միջեւ լիակատար համակարգումը, երկրի առաջընթացին եւ կառուցմանը նպաստելը, «մէյդանի» ու դիւանագիտութեան լիակատար համակարգումն ու սիներգիան, եւ կառավարութեան հետ համագործակցութիւնը՝ տարւայ կարգախօսն իրականացնելու համար, ԶՈՒ-ի օրակարգային կարեւոր կէտերից են համարւում: