Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջութեամբ հրաժարւել ուրանի հարստացումից

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահի յատուկ բանագնաց Սթիւ Ուիտկոֆը Օմանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցութիւններում Թեհրանից չի պահանջել ամբողջութեամբ հրաժարւել ուրանի հարստացման ծրագրից։ Այս մասին յայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտօնեաներին։ Այս մասին է տեղեկացնում news.am-ը:
Վերջիններս բանակցութիւնները որակել են «ծաւալուն եւ երկխօսութեան պահպանմանը միտւած»: Ուիտկոֆը, որը գլխաւորում էր ԱՄՆ պատւիրակութիւնը, չի առաջարկել, որ Իսլամական Հանրապետութիւնն ամբողջութեամբ դադարեցնի ուրանի հարստացումը, այլ կենտրոնացել է նրա վրայ, որ «այն չօգտագործւի զէնքի մէջ», ասել են թերթի աղբիւրները։
Ըստ պարբերականի, բանակցութիւնների առաջին փուլը Իրանի համար յաջող է անցել եւ թոյլ է տւել հասնել այն հիմնական նպատակներին, որոնք անհրաժեշտ էին քննարկումները նոր մակարդակ տեղափոխելու համար, այն է՝ Վաշինգտոնի ուշադրութեան կենտրոնում եղել է Թեհրանի միջուկային ծրագիրը, իրանական միջուկային օբիեկտների վերացման հարցը չի բարձրացւել, չեն քննարկւել երկրի կապերը պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման, շիական «Հեզբօլլահ» կազմակերպութեան եւ հութիների «Անսար Ալլահ» շարժման հետ: