ԻրանՄիջազգայինՔաղաքական

Պաշտպանութեան նախարարը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

«ԱԼԻՔ» – Պաշտօնական այցով Սիրիայում գտնւող պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէն երէկ՝ նոյեմբերի 17-ին հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկւել են տարածաշրջանի պաշտպանութեան եւ անվտանգութեան խնդիրները: Կողմերը կարեւորել են ահաբեկչութեան դէմ պայքարում Իրանի եւ Սիրիայի համագործակցութեան ընդլայնման եւ ամրապնդման, ինչպէս նաեւ ահաբեկչական խմբաւորումների վերջնական չէզոքացման անհրաժեշտութիւնը, այնպէս որ այն նպաստի տարածաշրջանային կայունութեանն ու անվտանգութեանը:

Գեներալ Նասիրզադէն հանդիպել է նաեւ Սիրիայի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Քաֆա Մելհեմի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծւել է տարբեր ոլորտներում երկու երկրների փոծգործակցութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը, յատկապէս պաշտպանութեան, անվտանգութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի ոլորտներում, տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան ամրապնդման նպատակով:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի առաւօտեան գեներալ Նասիրզադէն հանդիպել է նաեւ Սիրիայի պաշտպանութեան նախարար գեներալ Ալի Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպման ընթացքում գործընկերներն ընդգծել են տարածաշրջանի երկրների առանցքային դերը անվտանգութեան ապահովման գործում եւ կոչ են արել դուրս բերել օտարերկրեայ զօրքերը տարածաշրջանից։

Քննարկելով ահաբեկչութեան դէմ պայքարում Իրանի եւ Սիրիայի համագործակցութեան ծրագրերը՝ երկու նախարարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ «Դիմադրութեան ճակատի» դրութեանը։

Նշենք, որ շաբաթ երեկոյեան Դամասկոս ժամանելուն պէս լրագրողների հետ ճեպազրոյցում գեներալ Նասիրզադէն ընդգծել է Սիրիայի տեղը Իրանի արտաքին քաղաքականութեան մէջ: Բարձր գնահատելով ահաբեկչութեան դէմ պատերազմում Սիրիայի արժէքաւոր փորձը, նա Սիրիան անւանել է «Դիմադրութեան առանցքի գլխաւոր յենասիւնը»։

Related Articles

Back to top button