Իշխան Սաղաթէլեան. «Բռնաճնշումները շարունակւելու են, նոր մասշտաբներ են ստանալու»

Հայաստանի իշխանութիւնները կը շարունակեն ուժեղացնել ընդդիմութեան նկատմամբ կիրառւող ճնշումը, իսկ Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ընտանիքի շուրջ տեղի ունեցողն ընդամէնը քաղաքական ուժերի եւ ազգային հայեացքներ ունեցող մարդկանց դէմ ուղղւած աւելի լայնամասշտաբ արշաւի մի մասն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում յայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը: Տեղեկացնում է News.am-ը:
Նրա խօսքով՝ իշխանութիւնների գործողութիւնները պէտք է դիտարկել երկրի պետական կարգը փոխելու, տարածքային զիջումների գնալու եւ Սահմանադրութիւնը փոփոխելու նրանց ծրագրերի համատեքստում։
«Այս ամէնը պէտք է դիտարկել ընդհանուր պատկերի մէջ՝ ինչ է կատարւում, ինչ է ուզում գործող իշխանութիւնը եւ յանուն ինչի է այս ամենն արվում։ Ըստ էութեան, Նիկոլ Փաշինեանը յայտարարել է Երրորդ Հանրապետութեան ապամոնտաժման եւ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր կազմաւորում ստեղծելու մասին։ Դրան զուգահեռ՝ նա ճանապարհային քարտէզ է ներկայացրել Հայաստանի նոր տարածքներն Ադրբեջանին յանձնելու եւ ուժի սպառնալիքով Սահմանադրութիւնը փոխելու վերաբերեալ»,- յայտարարել է Սաղաթէլեանը։
Նա կարծում է, որ այս ֆոնին իշխանութիւնները տարբեր եղանակներով փորձում են մեկուսացնել ու չէզոքացնել ընդդիմութեանը։
«Այս ճանապարհին նրանք փորձում են տարբեր մեթոդներով, պիտակաւորումներով ու յօդւածներով մեկուսացնել ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին, կալանաւորել մարդկանց, զրկել նրանց գոյքից, երկրում վախի մթնոլորտ տարածել, որպէսզի ի վերջոյ կեանքի կոչեն Հայաստանի համար այս կործանարար ծրագիրը»,- ասել է պատգամաւորը։
Սաղաթէլեանն անդրադարձել է նաեւ Լաչինում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերին, որտեղ, նրա խօսքով, քննարկւել են էներգակիրների առեւտրին առնչւող հարցեր։
«Այսօր տեսաք յայտարարութիւնը, որ Լաչին քաղաքում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները եւ քննարկել էներգառեսուրսների առեւտրի հարցեր։ Այսինքն՝ երկիրն արդէն յանձնել են Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողութեանը, իսկ այս ճանապարհին փորձում են չէզոքացնել բոլոր խոչընդոտները»,- յայտարարել է նա։
Սաղաթէլեանի խօսքով՝ տեղի ունեցողն ընդդիմութեան համար անակնկալ չէր։
«Մենք այս ամենի մասին հերթով ասել ենք նախընտրական շրջանում։ Եւ ամէն օր կրկնում էինք՝ եթէ չարիքի այս իշխանութիւնը վերարտադրւի, երկրում ձեւաւորւելու է մէկ մարդու իշխանութիւն, բացարձակ բռնապետութիւն։ Նրանք փորձելու են թշնամու պահանջով եւ վերջինիս գրած Սահմանադրութեամբ ստեղծել կախեալ պետութիւն։ Սա շատ ծանր է անդրադառնալու մեր ժողովրդի, բնակչութեան եւ պետականութեան վրայ»,- նշել է պատգամաւորը։



