Բագրատ Սրբազան. «Պատերազմ էք յայտարարել սեփական ժողովրդին, պատերազմը կը տեսնէք՝ որն է»
«ԱԼԻՔ» – «Պատերազմ էք յայտարարել սեփական ժողովրդին, պատերազմը կը տեսնէք՝ որն է»: Այս մասին Սուրբ Աննա եկեցում բակում, «Տաւուշն յանուն հայրենիքի» մայիսի 31-ի օրն ամփոփելիս յայտարարել է Բագրատ Սրբազնը՝ ակնարկելով ՀՀ ԱԳՆ շէնքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանութեան ուժերի կողմից խաղաղ ցուցարարների դէմ անհամաչափ բիրդ ուժի կիրառմանը:
«Նորից կասեմ, մտքներովդ չանցնի վախեցնել: Եթէ մահը մեզ չի վախեցնում, ոչ մի կալանք էլ մեզ չի վախեցնի:
Քրէական գործեր են յարուցել, որպէսզի բնութագրեն զանգւածային անկարգութիւն, դնեն պատասխանատուների վրայ, իսկ պատասխանատուն ես եմ, յետոյ գան ձերբակալ են ու գործ յարուցեն»,- ասել է Սրբազանը։
Խօսելով Ոստիկանութեան վարքագծի մասին Բագրատ Սրբազանը յայտարարել է․
«Դուք, ծառայելով նրան, ծառայում էք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրայ արիւն կայ՝ ձեր ընկերների արիւնը։ Դուք սրա՛ մասին մտածէք։
Մեզ թշնամացրել են այս մարդիկ։ Դրա՛ մասին մտածէք դուք։ Վտանգը ոչ թէ մեզնից է, այլ ձեզ հրաման տւողներից՝ թէ՛ բարոյապէս, թէ՛ իրաւական իմաստով»,- ասել է Սրբազանը։
Յիշեցնենք, որ երէկ՝ մայիսի 31-ին, շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ հաւաքւել էին ՀՀ ԱԳՆ շէնքի մօտ, պահանջելով հանդիպում ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ:
Ոստիկանութեան ուժերն արգելել են Բագրատ Սրբազանի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան մուտքը նախարարութեան շէնք, իսկ ցոյցը ցրելու նպատակով սադրել են բախում, կիրառելով անհամաչափ ուժ: Ոստիկանութեան կողմից ձերբակալւել եւ բերման է ենթարկւել 28 քաղաքացի: Կան մարմնական վնասւածք ստացածներ, որոնց տեղափոխել են բժշկական հաստատութիւններ:
Յատկանշական է, որ ոստիկանութեան կողմից ծեծի են ենթարկւել նաեւ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողները:
Այդ մտահոգութիւնները եւ վախերը խօսում են այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք
«Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման երթի ժամանակ, լրագրողների հետ զրոյցում Բագրատ Սրբազանն անդրադարձել է ՀՀ գործող իշխանութիւններին պաշտպանելու անհրաժեշտութեան մասին Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող յայտարարութիւններին՝ նշելով, որ թշնամու մտահոգութիւններն ու վախերը վկայում են այն մասին, որ շարժումն ընթանում է ճիշտ ուղղութեամբ:
«Նշանակում է ճշտագոյն, գծւած, ուղիղ, թիրախային ճանապարհի մէջ ենք»,- ասել է նա։
Այսօր Գիւմրիում մեծ հաւաք կը լինի
Սուրբ Աննա եկեղեցու բակում, Բագրատ Սրբազանը յայտարարել է, որ այսօր՝ յունիսի 1-ին Գիւմրիում մեծ հաւաք է լինելու:
«Վաղը ժամը 11:30-ին Երեւան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատւածից աւտոերթով կը շարժւենք Գիւմրի, օրը կանցկանցնենք Գիւմրիում:
Ժամը 14:00-ին Գիւմրու Թատերական հրապարակում միջոցառում կը լինի: Երեխաներն են հանդէս ունենալու: Այնուհետեւ նոյն վայրում, ժամը 18:00-ին մեծ հանրահաւաք»,- յայտարարել է նա: