ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Մենք պէտք է կապ հաստատենք Թեհրանի հետ»

Զախարովան մեկնաբանել է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի դիրքորոշման հարցը

«ԱԼԻՔ» – Մոսկւայի դիրքորոշումը Բաքւի եւ Երեւանի միջեւ կապերն ապաշրջափակելու հարցում ակնյայտ է, քանի որ դա յայտնի է։ Դրա մասին ըստ News.am-ի՝ երէկ՝ օգոստոսի 28-ին, ճեպազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցման գաղափարը եւ այդ հարցում Իրանի դիրքորոշումը։

«Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանաւորւածութիւնները ձեռք կը բերւեն եւ կիրականացւեն կողմերի փոխադարձ համաձայնութեամբ եւ փոխընդունելի պայմաններով այնպէս, որ կը բաւարարեն ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ինչպէս նաեւ տարածաշրջանի հարեւան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի շահերը»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ Հիւսիս-Հարաւ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին խօսելու դէպքում Ադրբեջանի եւ Իրանի հետ շփումների հիմնական աշխատանքն իրականացւում է այսպէս կոչւած արեւմտեան ուղղութեամբ՝ Ռուսաստանից Կասպից ծովի երկայնքով ադրբեջանական տարածքով եւ հետագայում դէպի Իրան։

«Երթուղին, որը Հայաստանի տարածքով պէտք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկւում է Հարաւային Կովկասի տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերը։

Այս եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացւում են ըստ ամենաբարձր մակարդակով՝ ներառեալ 2020 թւականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թւականի յունւարի 11-ին ձեռք բերւած եռակողմ պայմանաւորւածութիւնների։

Մենք տեսել ենք Իրանի պաշտօնեաների յայտարարութիւնները, որոնք մտահոգութիւն են յայտնում այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերեալ եւ, համապատասխանաբար, բացատրում են այս մօտեցման, այդ վերաբերմունքի պատճառները։ Ինձ թւում է, որ դուք պէտք է ուղիղ կապ հաստատէք Թեհրանի հետ»,- եզրափակել է Զախարովան:

Յիշեցնենք, որ Իրանը բազմիցս մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանի կողմից առաջ քաշւած այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարի վերաբերեալ։

Վերջին անգամ Իրանի գերագոյն առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին իր դիրքորոշումն այս հարցում արտայայտել էր Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպմանը։ Ըստ Իրանի գերագոյն առաջնորդի՝ Թեհրանը առաջւայ պէս համարում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։

Այաթ. Խամենէին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականութեան կարեւորութիւնը եւ նշել, որ հայ-իրանական յարաբերութիւնները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրայ՝ անկախ այլ երկրների քաղաքականութիւնից։ Նա նաեւ յաւելել է, որ օտարերկրեայ պետութիւնները չպէտք է միջամտեն հարեւան երկրների յարաբերութիւններին։

Related Articles

Back to top button