Հայաստան - Արցախ

Իշխան Սաղաթէլեան. «Հայաստանի փոփոխութիւնների բանալին Հայաստանում է»

«ԱԼԻՔ» – Տարածաշրջանում, այդ թւում՝ Հայաստանի շուրջ, տեղի են ունենում բուռն իրադարձութիւններ, հանդիպումներ են անցկացւում տարբեր երկրների համապատասխան պաշտօնեաների միջեւ, որոնցում քննարկւում է Հայաստանի հարցը։ Եւ այս պայմաններում Հայաստանի իշխանութիւնները հեծանւային շոու են անցկացնում՝ զւարճացնելով հանրութեանը. News.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

Նրա կարծիքով՝ պատերազմից յետոյ իշխանութիւնները ցանկանում են տպաւորութիւն ստեղծել, թէ իբր ամէն ինչ կարգին է, եւ փորձում են մոռացութեան մատնել իրենց գործունէութեան արդiւնքում ՀՀ-ին պատճառած բոլոր կորուստները։

Սաղաթէլեանի համոզմամբ՝ Արեւմուտքը սատարում է Հայաստանի իշխանութիւններին եւ աչք է փակում նրանց անօրինականութիւնների վրայ՝ նման կերպ Փաշինեանին բռնապետի վերածելով։

Պատգամաւորը նշել է, որ Հայաստանի ապագայի հարցում այս կամ այն արտաքին քաղաքական վեկտորի վրայ յոյս դնելը կործանարար գործելաոճ է։

«Սա նաեւ իշխանութիւնների գործունէութեան արդիւնքն է, որոնք փորձում են մեզ համոզել, թէ Հայաստանը չի կարող գործօն լինել տարածաշրջանում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի փոփոխութիւնների բանալին Հայաստանում է։ Եթէ երկրի ղեկին լինեն հայրենասէր ու պրոֆեսիոնալ ուժեր, Հայաստանը կունենայ ե՛ւ դաշնակիցներ, ե՛ւ արտաքին գործընկերներ»,- նշել է Սաղաթէլեանը։ Նա կեղծ յայտարարութիւններ է անւանել, թէ Ռուսաստանը Հայաստանի ընդդիմութեան հետ զօր ու գիշեր մտածում է Հայաստանում իշխանափոխութիւն անելու մասին։

«Թուրքիային եւ Ադրբեջանին ապաւինող Հայաստանի իշխանութիւնները խօսում են ընդդիմութեան գործակալների մասին»,- ասել է Իշխան Սաղաթէլեանը։

Նա նշել է, որ ՀՀ գործող իշխանութիւնների օրինակարգութիւնը սպառւել է, նրանք խախտել են սահմանադրական կարգը, աւելին, Ալիեւի հետ համաձայնութեամբ Արցախը յանձնել են Ադրբեջանին։

Սաղաթէլեանը չի բացառել, որ իշխանութիւնները կը գնան արտահերթ ընտրութիւնների ճանապարհով՝ փորձելով վերարտադրւել։

«Դրա համար պատճառներ կան: Նախ՝ դա նրանց հնարաւորութիւն կը տայ ամրապնդել իրենց դիրքերն իրականացւող ծրագրերն աւարտին հասցնելու գործում։

Երկրորդ՝ եթէ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին արագ որոշում ընդունւի, իշխանութիւնները սովորաբար աւելի լաւ են պատրաստւում, ինչը հնարաւորութիւն է ընձեռում հասնել առաւելութեան։

Միեւնոյն ժամանակ, արտահերթ ընտրութիւնների անցկացման վերաբերեալ վերջնական որոշում կարող է եւ չընդունւել, քանի որ իշխանութիւնները կարող են պարտւել»,- յաւելել է պատգամաւորը։

Նա անհրաժեշտ է համարել հարցը չհասցնել յաջորդ ընտրութիւններին, որոնք տեղի կունենան երկու տարի անց, քանի որ այս ընթացքում իշխանութիւնները կարող են լուրջ, անդառնալի խնդիրներ ստեղծել երկրի համար։

Ընդդիմութեան գլխաւոր խնդիրը, նրա գնահատմամբ, շարունակում է մնալ լայն զանգւածների հետ ամենօրեայ աշխատանքը։

Պատգամաւորը նշել է, որ ամռանն այդ աշխատանքն ինտենսիւ կերպով անցկացւել է:

«Յանուն հայրենիքի» շարժումը նոյնպէս հսկայական աշխատանք է կատարել, դրանց թւում՝ մարզերում։ Ներկայում ամփոփւում են արդիւնքները՝ աշնանը «Յանուն հայրենիքի» շարժման շրջանակում փողոցային լարւած պայքար սկսելու համար։

Քաղաքացիների հետ հանդիպումներն անհրաժեշտ, բայց ոչ բաւարար միջոց են, քանի որ գործ ունենք լուրջ տեղեկատւական համակարգերի տիրապետող եւ տեղեկատւական ահաբեկչութիւն իրականացնող իշխանութիւնների հետ։ Նրանց յաջողւում է շատ արագ հերոսներին դաւաճան դարձնել եւ հակառակը։ Դրան զուգահեռ գործում է նրանց ամօթալի ռեպրեսիվ մեքենան»,- ընդգծել է նա։

Սաղաթէլեանը պարզաբանել է, որ իշխանութիւնների ապօրինութիւնների պատճառով հասարակութեան մէջ դժգոհութիւն է կուտակւել, եւ ընդդիմութեան խնդիրն է կազմակերպել այդ մարդկանց, դուրս բերել փողոց եւ հակադրել իշխանութիւնների ռեսուրսներին, ներառեալ՝ դրսի աջակցութեանը։

«Ընդդիմութիւնը, ի տարբերութիւն իշխանութիւնների, խայտաբղէտ է։ Ցաւօք, ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնք պայքարում են առաւելութեան հասնելու, այլ ոչ թէ բուն նպատակին՝ իշխանութեան հեռացմանը հասնելու համար։ Իսկ ընդդիմութեան ցանկացած պառակտում ձեռնտու է իշխող ռեժիմին: Այս դաշտում կան Նիկոլի դէմքով ընդդիմադիրներ, որոնք խոչընդոտներ են ստեղծում։ Սակայն ժամանակի ընթացքում այս ամէնը բացայայտւում է, եւ հասարակութիւնը տալիս է իր գնահատականը։

Ընդդիմութեան աւելի լայն համախմբման համար անհրաժեշտ են ոչ միայն յայտարարութիւններ, այլեւ գործնական, անկեղծ քայլեր։ Սա կաւելացնի յաջողութեան հասնելու հնարաւորութիւնները»,- նշել է քաղաքական գործիչը։

Նա յայտնել է, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախութեան օրը, կանցկացւի խոշոր միջոցառում, որտեղ կը խօսւի ընդդիմութեան ծրագրերի մասին, ներառեալ՝ Արցախի հիմնախնդրի լուծման թեմայով։

«Մենք ոչ մէկին թոյլ չենք տայ մոռացութեան մատնել Արցախի հարցը եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութիւնը, որը Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պաշտպանութեան երաշխիքն է։ Այդ օրակարգին տուրք տալը (Արցախի հարցը մոռանալը– ԽՄԲ.) նշանակում է սատարել Փաշինեանի եւ Ալիեւի քաղաքականութեանը: Կորցնելով Արցախը՝ մենք վտանգեցինք Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը: Արցախի հարցը մեզ համար փակւած չէ»,- եզրափակել է Սաղաթէլեանը։

Related Articles

Back to top button