ԱԳՆ նախկին փոխնախարար. «Կովկասում՝ Իրանի արտաքին քաղաքականութիւնը հաստատւում է նախագահականից բարձր ատեանում»
Էբրահիմ Ռահիմփուր. «Եթէ Արեւմուտքն այստեղ (Կովկասում) միջազգային սահմանների փոփոխութեան համար կարմիր գիծ չի սահմանել, ապա Ուկրաինայի դէպքում եւս չի կարող այդ սկզբունքով առաջնորդւել»
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Պէտք է հաշւի առնել, որ Հարաւային Կովկասի վրայ ազդում են տարածաշրջանի էներգետիկ (յատկապէս գազի) զարգացումները։ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխադրման պայմանագիրը կաւարտւի 2025 թւականի սկզբին, եւ Ռուսաստան-Եւրոպա փոխգործակցութեան հետագայ ձեւը լինելու է այդ զարգացումների ամենակարեւոր ազդակներից մէկը:
Իրանի դերը Կովկասում նոր կարեւորութիւն է ստացել, յատկապէս, ուկրաինական պատերազմի բերումով։ Պատմականօրէն Իրանը վերապահումներով է վերաբերւել տարածաշրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի հաւակնութիւններին: Այնուամենայնիւ, Իրանն այժմ տարածաշրջանում «մեծ եռեակ» տէրութիւններից մէկն է։
Ռուսաստան, Թուրքիա, Իրան եռեակն ի սկզբանէ ստեղծւել էր Սիրիայի ճակատագրի վերաբերեալ խորհրդակցութիւնների համակարգման նպատակով: Վերջին հաշւին այս եռեակն է, որ Կովկասում անվտանգութեան օրակարգ սահմանելու հարցում դերակատարութիւն ունի: Երեք տէրութիւններն էլ տարբեր աշխարհայեացքներ են ունեցել եւ տարբեր յարաբերութիւններ են զարգացրել Հարաւային Կովկասի երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Սա այնքան էլ Թեհրանի կարծիքից հեռու չէ, Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանային փոխգործակցութեան շրջանակը պէտք է ձեւաւորւի հենց տարածաշրջանի երկրների մասնակցութեամբ:
Իսկ Ռուսաստանը Թեհրանի համար կարեւոր գործընկեր է պատժամիջոցների օղակից ազատւելու եւ նոր գործընկերութիւն ստեղծելու հնարաւորութիւնների առումով: Թեհրանը փորձում է ներդրումներ ներգրաւելով առաւելագոյնս օգտագործել տարանցիկ հնարաւորութիւնները, յատկապէս, երեք գումարած երեքի շրջանակներում։ Այնուամենայնիւ, կան նաեւ մարտահրաւէրներ, որոնց ուղղութեամբ Իրանը պէտք է աշխատի: Ներկայ իրավիճակում կարեւորագոյն հարցերից մէկն այն է, թէ ինչպիսի՞ն է Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան վերաբերեալ։ Թէ Իրանը կարո՞ղ է լինել Ռուսաստանի մերձաւոր առեւտրային եւ անվտանգութեան գործընկերը, սահմանափակելով նրա արտաքին հաւակնութիւնները: Եւ մէկ այլ հարց, թէ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ աւելի սերտ տնտեսական յարաբերութիւնները համատեղելի են արդեօք թուրքալեզու տնտեսական բլոկի նկրտումների հետ: Թէ ի՞նչպէս է Իրանը կարգաւորում իր առաջնահերթութիւնները, յատկապէս տարածաշրջանային անվտանգութեան ճգնաժամերի համատեքստում, սրանք հարցեր են, որոնք պահանջում են յստակ պատասխաններ:
Տարածաշրջանում Իրանի դիրքը հասկանալու համար «Caucasuswatch»-ը զրուցել է Էբրահիմ Ռահիմփուրի հետ, ով արտաքին գործերի նախկին նախար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի (2013-2021 թթ.) պաշտօնավարման ժամանակ՝ զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտօնը, ինչպէս նաեւ Կասպից ծովի հարցերով յատուկ յանձնակատարի դերը:
Էբրահիմ Ռահիմփուրը հարցազրոյցում անդրադարձել է Ռուսաստանի հարաւային նաւահանգիստներում Իրանի ներդրումներին, Վոլգայով նաւարկելու արդիւնքներին եւ Կասպից ծովով տարանցիկ առեւտրի տնտեսական շահաւէտութեան խնդիրներին: «Մենք նաեւ անհամբեր սպասում ենք «Հիւսիս-Հարաւ» միջանցքի զարգացմանը՝ Չաբահարից Եւրոպա տանող հնարաւորութիւններով ճանապարհին: Ցաւօք, Իրանը չկարողացաւ ամբողջութեամբ օգտագործել իր տարանցիկ հնարաւորութիւններն ու դիրքը տարածաշրջանում առեւտրային երթեւեկութիւնը զարգացնելու համար»,- այս եւ Կովկասում տիրող իրավիճակի մասին հարցերի շուրջ է խօսել Էբրահիմ Ռահիոմփուրը։
Հարց- Ի՞նչ դիրք ունի Կովկասն այսօր Իրանի առաջնահերթութիւններում։
Կովկասը պատմականօրէն մեծ նշանակութիւն ունի եւ քաղաքականապէս շատ կարեւոր է մեզ համար։ Խորհրդային Միութեան փլուզումից եւ իրաւայաջորդ երկրների ի յայտ գալուց յետոյ Իրանի համար հարեւանութիւնը զգալիօրէն վերաիմաստաւորւեց: Ինչպէս միշտ, Թեհրանը գնաց կառուցողական ճանապարհով։ Վերջերս մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի շուրջ երկու տարածքային պատերազմի ականատեսը եղանք, որոնցով փոխւեց նաեւ տարածքային պատկերը։ Ուկրաինայի պատերազմից եւս ազդւեց ողջ տարածաշրջանն ու այն շրջանը, որտեղ զարգացումները փոխկապակցւած են նոյն այս հակամարտութեան հետ: Կովկասի կարեւորութիւնը Եւրոպայի համար կայանում է նրանում, որ այն գտնւում է ուկրաինական պատերազմի հարեւանութեամբ: Պատերազմ, որին հասարակական կարծիքը յստակօրէն առաջնահերթութիւն է տւել: Եթէ Եւրոպան այստեղ (Կովկասում) չբարձրաձայնի միջազգային սահմանների անձեռնմխելիութեան իր կարմիր գծերի մասին, ապա չի կարող այդ սկզբունքի մասին պնդել Ուկրաինայի դէպքում: Այս հարցը համահունչ է Իրանի դիրքորոշմանը, քանի որ Թեհրանը չի կարող ընդունել տարածքային ստատուս քւոյի որեւէ վերանայում որեւէ վայրում, յատկապէս,իր հարեւանութեամբ գտնւող շրջաններում։
Հարց- Յունիսին Ադրբեջանն ու Իրանը Նախիջեւանում համատեղ զօրավարժութիւններ են անցկացրել։ Կար նաեւ Ղարաբաղում սպասւող հետագայ համատեղ զօրավարժութիւնների մասին խօսքը։ Որո՞նք են այս երկու երկրների անվտանգութեան ընդհանուր սպառնալիքները, ի՞նչ նպատակ ունէր համատեղ «հակաահաբեկչական» վարժանքը, եւ ի՞նչ ուղերձ են այդ զօրավարժութիւնները փոխանցել Երեւանին։
Մենք տեղեակ ենք Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայէլի ունեցած դերակատարութեան մասին՝ ղարաբաղեան հակամարտութիւնում։ Թէեւ Եւրոպայի դիրքորոշումն այս հարցերում մեզ համար այնքան էլ պարզ չէ։ Սա բաց հարց է իրանցի դիւանագէտների համար: Նախկինում մենք ընդգծել ենք մեր կարմիր գծերը՝ երկու կովկասեան հարեւանների սահմանի երկայնքով զօրավարժութիւններ անցկացնելով։ Այս գործողութիւնը սահմանների անփոփոխութեան վերաբերեալ մեր դիրքորոշումը Բաքւին ու Մոսկւային փոխանցելու համար էր։ Ձեր նշած վերջին զօրավարժութիւնը ռազմավարական նշանակութիւն չունէր։ Սա ցոյց տւեց Թեհրանի ցանկութիւնը յարաբերութիւնները կարգաւորել (Բաքւի հետ) եւ նւազեցնելու լարւածութիւնը։ Ահաբեկչական ընդհանուր սպառնալիք չկայ, թէեւ մեզ շարունակում է անհանգստացնել Իսրայէլի սպառնալիքը Ադրբեջանի տարածքից։
Հարց- Վերադառնանք 2022 թւականին ԻՀՊԿ զօրավարժութիւններին Հայաստանի սահմանի երկայնքով։ Այն ժամանակ լուրերի վերնագրերում գերիշխող մեսիջն այն էր, որ Թեհրանը չի հանդուրժելու Սիւնիքի երկայնքով հայկական տարածքների օկուպացումը։ Նոյն ուղերձը փոխանցել է Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսարան բացելը։ Իրանի պաշտպանութեան նախարարները մասնակցել են ոչ պաշտօնական եռակողմ հանդիպումներին Հնդկաստանի եւ Հայաստանի հետ, որն, ինչպէս ենթադրւում է, ռազմական նիւթատեխնիկական երաշխիքներ է տրամադրում դէպի ծով ելք չունեցող Հայաստանին: Չհաստատւած լուրեր են պտտւում Երեւանի եւ Թեհրանի միջեւ զէնք գնելու համաձայնագրի մասին։ Հարցս հետեւեալն է՝ Իրանը դարձել է Հայաստանի անվտանգութեան երաշխաւո՞րը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Հնդկաստան-Իրան եռեակին, ապա պէտք է ասել, որ սա հաստատւած դիւանագիտական շրջանակ չէ։ Ակնյայտ է, որ Հայաստանը փորձում է հաւասարակշռել վիճակը Ադրբեջանի հետ։ Պակիստանն աջակցում է Ադրբեջանին եւ Հնդկաստանին Կովկասում Հայաստանի կողքին տեսնելը փաստացիօրէն հին մրցակցութեան երանգ ունի: Ինչ վերաբերում է Իրանը՝ որպէս անվտանգութեան երաշխաւորի դերում տեսնելը, դա մեր արտաքին քաղաքականութեան պաշտօնական գիծը չէ, եւ մենք փորձում ենք չէզոքութիւն պահպանել։ Իրանի պաշտօնական դիրքորոշումը խաղաղութեան ու կայունութեան կողմնակից լինելն է։ Մենք ցանկանում ենք տարածաշրջանից հեռացնել Իսրայէլին, ինչպէս նաեւ Թուրքիային։ Մենք փորձում ենք սահմանափակել Ռուսաստանի ազդեցութիւնը տարածաշրջանում, քանի որ Թեհրանը նոյնպէս պատմականօրէն տուժել է Մոսկւայի ծաւալապաշտ էութիւնից։
Հարց- Նկատի ունենալով Մերձաւոր Արեւելքում (Գազա, Լիբանան) լարւածութեան աճը, հարց է առաջանում՝ արդեօք Իսրայէլի ընդգծւած ներկայութիւնը տարածաշրջանում կարող է Մերձաւոր Արեւելքի ճգնաժամը տարածել Կովկասի վրայ։ Որոշ անկախ աղբիւրներ յայտնել են, որ նախագահ Փեզեշքիանը վճռական է տարածաշրջանում Իսրայէլի շահերի դէմ գործողութիւնների հարցում:
Հակամարտութեան տարածումը Շամաթից դէպի Կովկաս այնքան էլ հաւանական չի թւում։ Իրանի դէմ Իսրայէլի գործողութիւնները սադրիչ էին, բայց ոչ լայնածաւալ: Իրանն ուղիղ կերպով իր մտահոգութիւնները փոխանցել է Բաքւին: Ալիեւը կարծես թէ ստացել է ուղերձը, յատկապէս այն մասին, որ Ադրբեջանի տարածքից Իսրայէլի գործողութիւններն անցանկալի հետեւանքներ կունենայ հէնց Բաքւի համար: Նախագահ Փեզեշքիանի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ է, սակայն տարածաշրջանում ազգային անվտանգութեան քաղաքականութեան վերաբերեալ վերջնական որոշումներն ընդունւում են նախագահականից աւելի բարձր ատեաններում։
Հարց- Թեհրանը շահագրգռւած է Կասպից ծովը առեւտրային կապերով միացնել Սեւ ծովին եւ ներդրումներ է կատարել Ռուսաստանի հարաւային նաւահանգստային ենթակառուցւածքներում: Հաշւի առնելով Կասպից ծովի արագ գոլորշիացումը եւ Վոլգա գետի ջրային ռեսուրսների չափից աւելի օգտագործումը Ռուսաստանի կողմից, հետեւանքների սլաքը կարծես թէ ուղղւելու է Իրանի ազգային անվտանգութեան եւ սոցիալական ուղղութեամբ։ Կլիմայական այս մարտահրաւէրի աշխարհաքաղաքական հետեւանքները կարեւոր է՞ք տեսնում:
Կասպից ծովը բազմակողմ համագործակցութեան մեծ ներուժ ունի, բայց դա չի իրականացւել։ Ուկրաինական պատերազմը բացասաբար է անդրադարձել այս իրավիճակի վրայ։ Կասպից ծովի համաձայնագիրը յուշում է, որ ոչ ոք, բացի ափամերձ երկրներից, չի կարող մտնել տարածաշրջան։ Նոյնիսկ այս դէպքում տեսնում ենք, որ «Զանգեզուրի միջանցք» երեւոյթով արտատարածաշրջանային դերակատարներին տարածաշրջան բերելու փորձ է արւում, եւ այս առումով դա բացասական ազդակ է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հարաւային նաւահանգիստներում Իրանի ներդրումներին, ապա Իրանը դժգոհ չէ Վոլգայով նաւարկելու հնարաւորութեան համար եւ Կասպից ծովով տարանցիկ առեւտրի տնտեսական օգուտներից։ Մեր ներդրումների վերադարձը գոհացուցիչ ցուցանիշ ունի: Մենք նաեւ անհամբեր սպասում ենք «Հիւսիս-Հարաւ» միջազգային միջանցքի զարգացմանը՝ Չաբահարից Եւրոպա տանող զարկերակին։ Ուկրաինայի պատերազմն ընդհատեց այս նախագծի ամբողջական զարգացումը, սակայն մենք կայուն առաջընթաց ենք գրանցում։ Մենք մտահոգութիւններ ունենք Կասպից ծովի փոքրացման ու ջրերի գոլորշիացման հետ կապւած, բայց ես կարծում եմ, որ դա գլոբալ խնդիր է: Մենք հոգում ենք շրջակայ միջավայրի մասին այնքան, որքան ցանկացած ափամերձ երկիր, կամ մնացած աշխարհը, եւ գուցէ աւելին: Այս միջանցքը մեզ թոյլ է տւել նւազեցնել միջազգային պատժամիջոցների պատճառով առաջացած որոշ ճնշումները։ Ցաւօք, Իրանին չի յաջողւել ամբողջութեամբ օգտագործել իր տարանցիկ դիրքը տարածաշրջանում առեւտրային երթեւեկութիւնը առաւելագոյնի հասցնելու համար: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ բնապահպանական ճգնաժամի մասշտաբները այնքան լուրջ են, որքան ձեր հարցն է յուշում։ Գիտական ամբողջական արձանագրութիւն եւս չունեմ տեղում տիրող իրավիճակի մասին, սակայն վստահ չեմ, որ մօտալուտ ճգնաժամ է սպասւում Կասպից ծովում։
Հարց- Իրանի ռազմածովային ուժերը վերջերս զօրավարժութիւններ են անցկացրել Կասպից ծովում՝ Աստարայի մերձակայքում։ Ինչպիսի՞ն է այս տարածաշրջանում Իրանին սպառնացող վտանգը:
Այդ զօրավարժութիւնները ռազմավարական նշանակութիւն չունէին։ Սա զսպող ուղերձ է բոլորի համար, եւ չունի յստակ հասցէատէր: Ուղերձն այն է, որ մենք պատրաստ ենք հնարաւոր ցանկացած խնդրին պատասխանելու եւ ուշադիր հետեւում ենք բոլոր անցուդարձերին: Իրանի ռազմածովային ուժերի ներկայութիւնը երեւելի է, իսկ մեր հարեւանները պէտք չէ որպէս ուղերձ ընկալեն այն:
Հարց- Ադրբեջանը վերջերս դիմել էր BRICS-ին անդամակցելու համար։ Իրանը միացել է Եւրասիական մաքսային միութեանը կնքելով յատուկ պայմանագիր: Հաշւի առնելով այս երկու ոչ արեւմտեան շրջանակների զուգահեռ ընդլայնումը, Կովկասում Իրանի արտաքին քաղաքականութեան հիմնարար փոփոխութիւն տեսնո՞ւմ էք: Արդեօ՞ք երեք գումարած երեք շրջանակը միայն «մենք՝ մերոնցով» ֆորում է, թէ հնարաւոր է տարածաշրջանային տնտեսական շահերն աւելի բազմակողմ շրջանակների հետ համադրել:
Ադրբեջանի միանալը BRICS-ին աւելի շատ քաղաքական, քան տնտեսական քայլ է եւ կոչւած է հաճոյանալու Ռուսաստանին: Մեր դէպքում Ռուսաստանն ու Իրանը պատժամիջոցների ենթարկւած երկրներ են։ Պատժամիջոցները փաստօրէն մեր երկրները վերածում են տնտեսական բլոկի, որը ձեռնտու է Հնդկաստանին ու Չինաստանին, քան Արեւմուտքին: Իսկ Արեւմուտքը թուլացնում է իր տնտեսական ազդեցութիւնը տարածաշրջանում պատժամիջոցների ռեժիմով: Երեք գումարած երեք շրջանակը ուժեղ հաւաք է, բայց դեռ շատ աշխատանք կայ տանելու: Ներկայումս նոյնիսկ պարզ չէ՝ այս ժողովը կարող է բլոկ դառնալ, թէ ոչ։