Դոկտ. Էհսան Մովահեդիան. «Սիւնիքը չեն կարող օտարել Պաղեստինի օրինակով»
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Օրերս թուրքական ԶԼՄ-ների առաջին թեման էր «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը կրող նախագծի սառեցման մասին լուրն էր, ինչը դիւանագիտութեան ասպարէզում՝ առանց ռազմական ուժի կիրառմամբ՝ սպառնալիք համարւող նախագծի չէզոքացման թարմ օրինակներից կարելի է համարել:
Միւս կողմից Կովկասի հարցերով իրանական փորձագիտական շրջանակներին հետաքրքրող իրադարձութիւններից կարելի է առանձնացնել Շուշիից Ալիեւի վերջին յայտարարութիւնը, որով նա ապացուցեց, որ նրան չի յաջողւել Շուշիում իրանական Գոհարիէ մզկիթի ճարտարապետութեան ու պատմութեան փաստի հետ հաշտւել, եւ ամէն առիթով փորձում է կոթողի պատմութիւնը խեղաթիւրելով՝ արդարացում գտնել կոթողի վրայ կատարւող «վերանորոգումների» ու փոփոխութիւնների համար:
Այս կապակցութեամբ դոկտ. Էհսան Մովահեդիանը երկու թեմաների շուրջ գրառում է հրապարակել, որտեղ կարելի է պարզել, թէ որոնք են պատմութիւն կերտող քաղաքակրթութեան փաստացի ժառանգորդներին յուզող խնդիրները, իսկ որոնք՝ այն խեղաթիւրել փորձող կողմի…
Մովահեդիանը մէջբերում կատարելով Ալի Բաղերի Քանիի CNN Turk-ին տւած հարցազրոյցից, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատարը պատասխանելով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է. «Ինչպէս նշել եմ արդէն, մենք աջակցում ենք բոլոր տեսակի նախաձեռնութիւններին, որոնք օգնելու են տարածաշրջանի զարգացմանը: Սակայն ընդունելի չէ մեզ համար որեւէ նախաձեռնութիւն, որը կը փոխի տարածաշրջանի ժողովրդագրութիւնը, կամ կը յանգեցնի տարածաշրջանի սահմանների փոփոխմանը»:
Մովահեդիանն իր գոհունակութիւնն է յայտնել Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանների փոփոխութեանը կտրականապէս դէմ հանդէս գալու փաստի վերաբերեալ, յատկապէս, ենթատեքստում՝ Սիւնիքի ժողովրդագրութիւնը փոխելու ծրագրին, որից ինչ խօսք, անհանգստացած են Բաքւի եւ Թուրքիայի տէրերը:
Փորձագէտը յիշեցնելով Պաղեստինի փորձը յաւելել է. «Ահա թէ ինչ կատարւեց Պաղեստինում, իսրայէլցիները պաղեստինցիներին սպանդի ենթարկելուն զուգընթաց, նման ծրագրերով գնեցին տարածքներն ու պատանդ վերցնելով տարածաշրջանի ժողովրդի տնտեսութիւնը դարձան այդ տարածքների տէրը»:
Փորձագէտը ընդգծել է, որ Իրանը պէտք է կանխի նման ծրագրերի առաջ մղումը, ապահովելով Հայաստանի, յատկապէս Սիւնիքի տնտեսական եւ առեւտրային կարիքները: «Միեւնոյն ժամանակ պէտք է կենտրոնանայ «Հիւսիս-հարաւ» միջանցքի վրայ եւ դիմակայի «Արեւելք-արեւմուտք» միջանցքին կամ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ին: Հայաստանի Սիւնիքով Նախիջեւանից դէպի Բաքու ճանապարհային հնարաւորութիւնը տնտեսական, առեւտրային, անվտանգային եւ մշակութային լծակների կիրառմամբ կը յանգեցնի այս տարածաշրջանի բնակչութեան եւ ինքնութեան պատկերի աստիճանական փոփոխութեանը։ Սա հէնց այն կէտն է, ինչը մտահոգում է ԱԳ նախարարի պաշտօնակատարին»,- գրել է փորձագէտը:
Դոկտ. Մովահեդիանի երկրորդ գրառումը Շուշիի մեծ մզկիթ կամ Փանահխանի մզկիթի մասին է, որը վերջերս կրկին յայտնւել էր «Բաքւի գիւղապետի» (ձեւակերպումը բնագրից) ուշադրութեան կենտրոնում:
Փորձագէտը նշել է, որ ճարտարապետական ուրոյն լուծումներով այս գեղեցիկ կոթողի, որի բացումը հաւանաբար եղել է 1768 թւականին՝ Իբրահիմ Խալիլ խան Ջաւանշիրի ձեռքով, կառուցւել է 13 տարւայ ընթացքում՝ Փանահ խանի օրօք։ Այն նաեւ Գոհարիէ անունով է ճանաչւած:
Գրառման մէջ նշւած է նաեւ, որ Մզկիթի շրջափակում երկու պարսկերէն արձանագրութիւններ կան, որոնք գտնւում են մզկիթի բակում, եւ պարունակում են մզկիթին նւիրւած տարածքի ու համապատասխան նւիրատւութիւնների մասին տեղեկագրեր, երկուսն էլ՝ 17 տողանի գրութիւններով։ Մզկիթին կից կառուցւել է երկյարկանի շինութիւն՝ չորս պարսկերէն արձանագրութիւններով։
Ապա փորձագէտը յիշեցրել է, որ Բաքւի քարոզչամեքենան շարունակ տեղեկատւութիւն էր տարածում այն մասին, որ մզկիթը հայերի ձեռամբ աւերակի է վերածւել՝ մեղադրելով հայկական կողմին այն ոչնչացնելու մէջ: «Սա այն դէպքում, երբ 2018 թւականին հայ բարերար, Արցախի կառավարութեան նախկին նախարար Ռուբէն Վարդանեանի ֆինանսական աջակցութեամբ, ով ներկայումս գտնւում է Բաքւի բանտում, մզկիթը վերականգնւել է իրանցի մասնագէտների միջոցով»,- նշել է Մովահեդիանը եւ յաւելել, որ այսօր եւս Բաքւի բռնապետ Իլհամ Ալիեւը այս մզկիթը համարում է ադրբեջանական եւ Իրանի ու իրանցիների հասցէին կեղծ ու վիրաւորական մեղադրանքներ է հնչեցնում։