ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը՝ Շառլ Միշէլին. «ԱՄՆ-ի կողմից երկակի ստանդարդների կիրառումը Սիոնիստական ռեժիմի անբարտաւանութեան պատճառն է դարձել»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն օգոստոսի 11-ին հեռախոսազրոյց է ունեցել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Հեռախոսազրոյցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Իրանի եւ Եւրոպայի յարաբերութիւնների, Միջուկային համաձայնագրի շուրջ բանակցութիւնների վերսկսման ուղիների, Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւնների, ինչպէս նաեւ տարածաշրջանում այդ ռեժիմի ահաբեկչական գործողութիւնների հետեւանքով առաջացած ճգնաժամի շուրջ։

Հաւաստիացնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս եղել է աշխարհում խաղաղութեան եւ անվտնգութեան կայացման ու ամրապնդման կողմնակիցը եւ հաւատացած է, որ անհրաժեշտ է անյապաղ դադարեցնել ցանկացած գործողութիւն, որը վտանգում է համաշխարհային խաղաղութիւնն ու կայունութիւնը, նախագահ Փեզեշքիանն ասել է. «ԱՄՆ-ի եւ արեւմտեան որոշ երկրների կողմից երկակի ստանդարդների կիրառումը պատճառ է դարձել, որ Սիոնիստական ռեժիմն աւելի անբարտաւան դառնայ Գազայում, ինչպէս նաեւ տարածաշրջանի երկրներում ահաբեկչական գործողութիւններ եւ այլ նողկալի յանցագործութիւններ իրականացնելիս, ինչն էլ առաւել, քան երբեւէ վտանգել է տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը»:

Ընդգծելով աշխարհում բազամաբեւեռ համակարգի կայացման անհրաժեշտութիւնը՝ նախագահը շեշտել է, որ Իրանի նման երկրների վրայ ճնշում գործադրելու, եւ նրանց բոլոր շահերից ու իրաւունքներից զրկելու ԱՄՆ գործողութիւնները ջանքեր են ուղղւած՝ կանխելու նոր աշխարհակարգի կայացումը, ինչն էլ խոչըդոտում է աշխարհում կայունութեան եւ խաղաղութեան կայացմանը:

Շառլ Միշէլն էլ իր հերթին յոյս է յայտնել, որ Իրանի եւ Եւրամիութեան միջեւ կը բացւի արդիւնաւէտ փոխգործակցութեան ուղին՝ հիմնւած փոխադարձ շահերն ապահովելու եւ լայն փոխգործակցութեան խոչընդոտների վերացման սկզբունքների վրայ:

Նա ընդգծել է Եւրոպական երկրների՝ Իրանի հետ յարաբերութիւնների մակարդակը բարձրացնելու ցանկութիւնը:

Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձութիւններին, Եւրախորհրդի նախագահը կարեւորել է ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցումը, հրադադարի ռեժիմի հաստատումը, մարդասիրական օգնութիւնների անխոչընդոտ առաքումն ու Պաղեստինի անկախ պետութեան ճանաչումը:

Related Articles

Back to top button