ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը անսպասելի յայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանութիւնների հետ «լաւ յարաբերութիւնների» է ձգտում

«ԱԼԻՔ» – Իսրայէլի արտաքին գործերի նախարար Գիդէոն Սաարը յայտարարել է, որ Իսրայէլը ձգտում է Սիրիայի նոր իշխանութիւնների հետ «լաւ յարաբերութիւնների»՝ վարչապետ Բենիամին Նաթանիահուի մայիսի 11-ի յայտարարութիւնից յետոյ այն մասին, որ իսրայէլական ԶՈՒ-ն Սիրիայում յայտնաբերել են 43 տարի առաջ անհետացած սերժանտ Ցւի Ֆելդմանի մասունքները: Յայտնում են իսրայէլական ԶԼՄ-ները։

Բռնազաւթւած Երուսաղէմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թէ արդեօք Իսրայէլը ստացե՞լ է օգնութիւն սիրիական կառավարութիւնից վերականգնման առաքելութեան ընթացքում, եւ արդեօք ամրապնդւո՞ւմ է դաշինքը Դամասկոսի հետ անուղղակի բանակցութիւնների մասին հաղորդումներից յետոյ, Սաարը պատասխանել է. «Կարծես թէ այս հարցը պէտք է ուղղել վարչապետի գրասենեակին։ Այնուամենայնիւ, մենք ուզում ենք լաւ յարաբերութիւններ   պահպանել։ Մենք կայունութիւն ենք ցանկանում։ Բնականաբար, մենք անվտանգութեան հետ կապւած մտահոգութիւններ ունենք, եւ դա հասկանալի է»։

Ըստ Սաարի՝ Իսրայէլը հիմքեր ունի «թերահաւատօրէն վերաբերւելու Սիրիայում ներկայիս ռեժիմին», մասնաւորապէս, «երկրում փոքրամասնութիւնների նկատմամբ որոշակի քայլերի» պատճառով՝ ակնարկելով սիրիացի դրուզների դէմ վերջին բռնութիւնները, որոնց հետեւանքով տասնեակ մարդիկ են զոհւել։

«Բայց մենք բարի մտադրութիւններ ունենք։ Մենք դա ուզում ենք։ Մենք անվտանգութիւն ենք ուզում։ Մենք կայունութիւն ենք ուզում։ Սա է մեր ցանկութիւնը»,- յաւելել է նա։

Ինչպէս նշում են իսրայէլական ԶԼՄ-ն, նրա արտայայտութիւնները, ըստ երեւոյթին, նշանաւորում են տոնայնութեան փոփոխութիւն այն կտրուկ հռետորաբանութիւնից, որը նա օգտագործում էր Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի եւ նրա կառավարութեան հասցէին։

Այս ամսւայ սկզբին, Սիրիայի հիմնականում դրուզներով բնակեցւած շրջաններում մահաբեր միջդաւանական բախումներից յետոյ, Սաարը կոչ էր արել միջազգային հանրութեանը «պաշտպանել Սիրիայում փոքրամասնութիւններին, եւ մասնաւորապէս դրուզներին, ռեժիմից եւ նրա ահաբեկչական խմբաւորումներից»։

Նմանապէս, դեռ մարտին, այն հաղորդումներից յետոյ, որ աւելի քան հազար խաղաղ բնակիչ է սպանւել ալաւիների հայրենիքում, Սաարը դատապարտել էր Սիրիայի «ջիհադիստական» ղեկավարութիւնից բխող «մաքուր չարիքը»։

«Նրանք ջիհադիստներ են եղել եւ մնում են ջիհադիստներ, նոյնիսկ եթէ նրանց առաջնորդներից ոմանք կոստիւմներ են հագել»,- ասել էր նա այն ժամանակ։

Յաւելենք, որ նախօրէին Իսրայէլի բանակը եւ «Մոսադ»-ը յայտարարել էին «Սիրիայի սրտում» յատուկ գործողութեան արդիւնքում սերժանտ Ցւի Ֆելդմանի մասունքների յայտնաբերման մասին՝ Լիբանանում Բեքաայի հովտում տեղի ունեցած ճակատամարտում երկու այլ զինւորների հետ միասին նրա անհետացումից գրեթէ 43 տարի անց:

Բանակի եւ «Մոսադ»-ի համատեղ յայտարարութեան մէջ ասւում է, որ «բարդ եւ գաղտնի գործողութիւնը» հնարաւոր է դարձել «ճշգրիտ հետախուզական տեղեկատւութեան» եւ այլ հնարաւորութիւնների շնորհիւ։

Related Articles

Back to top button