Փեզեշքիան. «Սիրիայում ցանկացած զարգացում պէտք է ուղեկցւի այդ երկրի տարածքային ամբողջականութեան պահպանմամբ»
Փեզեշքիան-Էրդողան հանդիպում՝ Կահիրէում
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահը թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին եւ նշել. «Սիրիայում ցանկացած զարգացում պէտք է ուղեկցւի երկրի տարածքային ամբողջականութեան պահպանմամբ, եւ ոչ մի կերպ ընդունելի չէ Սիրիայի ամբողջականութիւնը վտանգող որեւէ կեցւածք»։
D8-ի (Իսլամական զարգացող երկրների տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւն) 11-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետութեան նախագահ Փեզեշքիանը հանդիպումներ է անցկացրել իր գործընկերների հետ, այդ թւում Թուրքիայի նախագահ՝ Էրդողանի, որի ընթացքում նա անդրադառնալով Սիրիայի վերջին զարգացումներին, այդ երկրի տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութեան կողքին ընդգծել է նաեւ այն մասին, որ զարգացումները պէտք է տեղի ունենան նւազագոյ վնասներով ու աւերածութիւններով:
Նախագահը նաեւ նշել է տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի անյապաղ դադարեցման անհրաժեշտութեան մասին եւ յիշեցրել, որ բոլոր իսլամական երկրներն այս կապակցութեամբ ունեն անելիք, եւ պէտք է զգան միասնական լինելու կարեւորութիւնը, ինչը լաւագոյն միջոցն է կանխելու այդ ռեժիմի ագրեսիան:
Նախագահը նաեւ կոչ է արել զարգացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական յարաբերութիւններն իսլամական երկրների միջեւ եւ յայտարարել. «Պատրաստ ենք ձեւաւորել եւ խորացնել տնտեսական համագործակցութիւնները, որի հարցում Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ Թուրքիան կարող են կարեւոր դերակատարութիւն ունենալ»: