Թրամփը որոշել է Մոսկւայի եւ Կիեւի միջեւ բանակցութիւններ կազմակերպել երդմնակալութիւնից անմիջապէս յետոյ
«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանին եւ Ուկրաինային «նստեցնել» բանակցութիւնների սեղանի շուրջ ԱՄՆ նախագահի պաշտօնն ստանձնելու հէնց առաջին օրը: Այս մասին ըստ ամերիկեան ԶԼՄ-ների՝ ասել է նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիւիթը։
Նրա խօսքով՝ նախագահական ընտրութիւններում յաղթանակից յետոյ Թրամփը հնարաւորութիւն է ստացել քննարկելու խաղաղութեան համաձայնագիրը Մոսկւայի եւ Կիեւի միջեւ եւ պատրաստւում է որքան հնարաւոր է շուտ վերջ դնել ռազմական հակամարտութեանը նրանց միջեւ։ Թրամփի երդմնակալութիւնը կայանալու է 2025 թ. յունւարի 20-ին։
Նշենք, որ նախօրէին The Washington Post-ի աղբիւրները տեղեկացրել էին, որ Թրամփը նոյեմբերի 7-ին զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մար-ա-Լագոյի իր նստավայրից եւ քննարկել պատերազմն Ուկրաինայում։ Պարբերականի զրուցակիցների խօսքով՝ նորընտիր նախագահը Պուտինին զգուշացրել է հակամարտութեան ցանկացած թէժացումից եւ յիշեցրել ԱՄՆ էական ռազմական ներկայութեան մասին Եւրոպայում։ Նա յայտնել է, որ հետաքրքրւած է հետագայ բանակցութիւններով եւ կարճ անդրադարձել է Ռուսաստանի օկուպացրած տարածքների թեմային։
Կրեմլում յայտնել են, որ խօսակցութիւն «չի եղել», իսկ ԶԼՄ հրապարակումը «մտացածին» է եւ «պարզապէս սուտ ինֆորմացիա»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խօսքով՝ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների մասով։ ՌԴ նախագահը հրապարակաւ շնորհաւորել է Թրամփին յաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տւեալներով, տեղի են ունեցել նրանց հեռախօսային բանակցութիւնները։ Պուտինը մէկ անգամ եւս ընդգծել է, որ հակամարտութեան կարգաւորումը հնարաւոր է միայն Կիեւի կողմից հողի վրայ «իրողութիւններն» ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի 20 տոկոսի զաւթմամբ։