
«ԱԼԻՔ» – Եթէ Իրանին հակամարտութիւն պարտադրւի, Թեհրանն առանց վարանելու կը հարւածի տարածաշրջանի երկրներում գտնւող բոլոր ամերիկեան բազաներին: Նման յայտարարութեամբ է հանդէս եկել Պաշտպանութեան եւ զինւած ուժերի լոգեստիկայի նախարար բրիգադային գեներալ Նասիրզադէն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարն անդրադառնալով ամերիկեան կողմի որոշ պաշտօնեաների սպառնալիքներին, ընդգծել է. «Հակառակ կողմն սպառնում է, որ եթէ չյաջողւի համաձայնութեան գալ (անուղղակի բանակցութիւններում), ապա դա կարող է հանգեցնել պատերազմի: Ես՝ Իրանի ժողովրդի եւ զինւած ուժերի անունից, ասում եմ՝ եթէ Աստւած կամենայ, բանակցութիւնները կը հասնեն արդիւնաւէտ աւարտի, եւ դա չի բերելու հակամարտութեանը, բայց եթէ մեզ հակամարտութիւն պարտադրւի, հակառակորդի զոհերն անպայման աւելի շատ կը լինեն: Այդ դէպքում ԱՄՆ-ը պէտք է լքի տարածաշրջանը, քանի որ նրա բոլոր բազաները մեր նշանառութեան սահմաններում են»:
Նախարարը յիշեցնելով պաշտպանութեան ոլորտում Իրանի արդիւնաբերական յաջողութիւնների մասին, նշել է. «Մեր վերջին յաջողութիւնը երկու տոննա կշռող մարտագլխիկով հրթիռի փորձարկումն էր, որը բարեյաջող իրականացւեց անցեալ շաբաթ»։
Մէկ այլ հրապարակման համաձայն Բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադէն Անվտանգութեան եւ հետախուզութեան նախարարին յղած ուղերձում շնորհաւորել է երկրի անվտանգութեան ուժերին օրերս Իսրայէլի վերաբերեալ զգայուն տեղեկութիւններ ձեռք բերելու յաջողութեան կապակցութեամբ՝ այն որակելով որպէս սինիստական ռեժիմի անվտանգային հեգեմոնիայի հերթական փլուզման փաստ։
Ուղերձում ՊՆ նախարարն Անվտանգութեան ուժերի գործողութիւնը « եզակի» որակելով նշել է, որ այս յաջող գործողութիւնը հերթական անգամ ապացուցեց Իրանի Իսլ. Հանրապետութեան հեղինակութիւնն ու հետախուզական կարողութիւնների գերազանցութիւնը տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգութեան ոլորտում։
Նա յաւելել է. «Այս փայլուն յաղթանակը, բացի Մուսադի մասին հնարւած լեգենդը ոչնչացնելուց, նաեւ կոտրել է սիոնիստական ռեժիմի անվտանգային կառուցւածքի մէջքը, եւ Իրանի հրթիռների համար բաց թիրախ է դարձել նրանց անվտանգային եւ ռազմական եւ միջուկային բոլոր օբիեկտները»։