ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. ԱՄՆ նախագահի բացայայտ սպառնալիքն Իրանի դէմ՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան կոպիտ խախտում է

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհուրդի նախագահին ուղղւած նամակով, ԱՄՆ նախագահի վերջին յայտարարութիւններն ու Իրանի դէմ ուժի կիրառման բացայայտ սպառնալիքը որակել է ՄԱԿ-ի կանոնադրութեան ակնյայտ եւ լուրջ խախտում՝ կոչ ուղղելով Անվտանգութեան խորհրդին՝ վճռական արձագանքով գնահատական տալու Վաշինգտոնի ապակայունացնող սպառնալիքներին։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Իրաւանին իր նամակում ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի հրապարակային յայտարարութիւնները եւ զինւորական յարձակման սպառնալիքները բացայայտօրէն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրութեանն ու սկզբունքներին, որով արգիլւում է ուժի կիրառումը կամ սպառնալիքը անկախ պետութիւնների դէմ։
Իրանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Թեհրանը վճռականօրէն դատապարտում է նման պատերազմատենչ, անպատասխանատու եւ սադրիչ հռետորաբանութիւնը՝ նշելով, որ նման վարքագիծը մաս է կազմում Իրանի դէմ ԱՄՆ-ի երկարատեւ ճնշումների, ահաբեկմանը եւ ապակայունացնող քայլերին, որոնք վտանգելու են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութիւնն ու անվտանգութիւնը։



