Տաթեւիկ Հայրապետեան. «Փաշինեանի վարած քաղաքականութեան շնորհիւ, այժմ Ալիեւի ախորժակը շատ աւելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բաւարարել»

«ԱԼԻՔ» – «Եթէ մի պահ կողք դնենք զգացմունքային ֆոնը եւ փորձենք բովանդակային հասկանալ, թէ ինչու էր Փաշինեանը յամառօրէն սուրճի հրաւիրում Ալիեւին, ապա կարծում եմ պարզ կը դառնայ, որ Փաշինեանին իսկապէս պէտք էր զրոյց ունենալ Ալիեւի հետ, ով յամառօրէն չի ցանկանում շարունակել քննարկումները «խաղաղութեան պայմանագրի» թեմայի շուրջ։ Փաշինեանն էլ փորձում է հասնել որեւէ թղթի ստորագրման, որը կը ներկայացնի որպէս «խաղաղութեան» ձեռքբերման ցուցիչ։ Վստահ եմ՝ ի պատասխան նա խոստանում է Ալիեւի երազանքների կատարում, եթէ վերջինս իրեն օգնի մնալ իշխանութեան»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը։
«Ալիեւը ճիշտ հակառակը՝ գործընթացի շարունակութեան է ձգտում, քանի որ հէնց այսպէս կոչւած բանակցային փուլում է հասել միակողմանի զիջումների հայկական կողմից, ուստի ինքը չունի որեւէ շահ հայկական կողմի հետ թուղթ ունենալու։ Իսկ արդեօք Ալիեւին պէտք չէ՞ Փաշինեանի մնալը իշխանութեան։ Այս հարցը շատ տրամաբանական է, պատասխանն էլ միանշանակ է՝ իհարկէ, նա կուզի, որ հէնց Փաշինեանը մնայ իշխանութեան, բայց քանի որ ինքը երկարաժամկէտ ծրագրեր է գծում հայկական պետականութեան թուլացման ու քանդման համար, ապա Փաշինեանն ուղղակի գործիք է իր ձեռքին։
Գալիք ընտրութիւններին նա, իհարկէ, օգնելու է Փաշինեանին, բայց ըստ իս՝ ոչ թղթով, այլ տեղեկատւական գրոհներով ու քարոզչական պատերազմով։ Ես չեմ զարմանայ, որ Ադրբեջանից անգամ հնչեն տեքստեր, որ եթէ Փաշինեանը չմնայ իշխանութեան կամ այլ ուժեր գան, կը լինի պատերազմ՝ դրանով իսկ շանտաժի ենթարկելով հայ հանրութեանը։ Ալիեւը լաւ հասկացել է՝ հայ ժողովուրդը սարսափում է պատերազմից։ Այդ վախով էլ շանտաժի է ենթարկում հայ հանրութեանը՝ Փաշինեանի օգնութեամբ նաեւ։
Ինչ վերաբերւում է Սահմանադրութեան թեմային կամ ցանկացած այլ քայլի, որի կատարում է պահանջում Ալիեւը, ապա ցանկացած նոր զիջում նւազեցնում է թղթի ստորագրման հաւանականութիւնը եւ մեծացնում Ադրբեջանի ագրեսիւ քայլերի հնարաւորութիւնները։ Սա ժամանակի մէջ ստուգւած օրինաչափութիւն է՝ կառուցւած չոր փաստերի վրայ։ Դրանց մասին ես տեւական ժամանակ գրել ու խօսել եմ։
Այս փուլում, Ադրբեջանը չունի ագրեսիայի գնալու շուրջ միջազգային կոնսեսուս, բայց ակտիւ աշխատում է այդ ուղղութեամբ։ Ադրբեջանը կը գերադասի շարունակել «անկանոն ու ոչ թիրախային» կրակոցներով ահաբեկել սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներին, շարունակել պահանջել Հայաստանի հրաժարում իր պետական ատրիբուտներից եւ հիմնարար փաստաթղթերից, կը խուսափի որեւէ թղթի ստորագրումից ու կը պլանաւորի տեղեկատւական աջակցութիւն Փաշինեանի համար առաջիկայ ընտրութիւններում։ Այնպէս որ «կոֆէ, կենտրոն» առաջարկները որեւէ օգուտ չեն բերելու․ Ալիեւին այս փուլում որեւէ թղթի ստորագրում պէտք չի։ Փաշինեանի վարած քաղաքականութեան շնորհիւ, այժմ նրա ախորժակը շատ աւելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բաւարարել…»»,- գրել է նա։