Հայաստան - ԱրցախՔաղաքական

Շաքէ Իսայեան. «Բաքւում պահւող հայերին վերադարձնելու կամքը եւ կարողութիւնը, արդարութիւնը եւ մարդկային արժանապատւութիւնը վերածւել են մեր պետութեան վերջին բարոյական յենասեան»

«ԱԼԻՔ» – «Բաքւում պահւող հայերին վերադարձնելու կամքը եւ կարողութիւնը, արդարութիւնը եւ մարդկային արժանապատւութիւնը վերածւել են մեր պետութեան վերջին բարոյական յենասեան»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնութեան անդամ Շաքէ Իսայեանը։

«Երէկ Սիրանուշ Սահակեանի հետ մեր զրոյցից առանձնացրել եմ մի քանի կարեւոր հարցադրում, որոնք մեզանից իւրաքանչիւրի խղճի եւ քաղաքացիական գիտակցութեան ուղղակի հասցէատէրն են.

-Ինչպէ՞ս կարող ենք արդիւնաւէտ պայքարել մեր գերիների վերադարձի համար։

-Աշխարհասփիւռ ազդեցիկ հայերը՝ գործարարներ, արւեստագէտներ, մտաւորականներ, ի՞նչ իրական ներդրում կարող են ունենալ այս խնդրի լուծման գործում։

-Ի՞նչ կարող է անել իւրաքանչիւր շարքային քաղաքացի իր տեղում, իր դերում՝ բացառելով լռութիւնն ու անտարբերութիւնը։

-Ի՞նչ ռիսկեր ենք կրում, եթէ Հայաստանը հրաժարւի միջազգային դատական հայցերից։

Կարո՞ղ ենք պատկերացնել մի սցենար, երբ այդ հրաժարումը հաւասարազօր է գերիների մոռացման, անհետ կորածների գործերի փակման ու պատերազմական յանցագործութիւնների անպատժելիութեան հաստատմանը։

Եթէ պետութիւնն ընտրում է լռութիւնը եւ հրաժարւում է իրաւական պայքարից, ի՞նչ ուղերձ է յղում միջազգային հանրութեանը եւ, ամէնից ցաւալին, սեփական քաղաքացիներին…

Գերիների հարցը պահանջում է արթուն խիղճ։

Այն չի կարող յայտնւել օրակարգում եւ անհետանալ՝ կախւած քաղաքական զարգացումներից:

Գերիներին վերադարձնելու կամքը եւ կարողութիւնը, արդարութիւնը եւ մարդկային արժանապատւութիւնը վերածւել են մեր պետութեան վերջին բարոյական յենասեան։

Լռութիւնը շռայլութիւն է, որն այս պահին մենք՝ որպէս հասարակութիւն, մեզ թոյլ տալ չենք կարող: Պետութիւնը մեր լռութիւնը վերափոխում է համաձայնութեան, եւ այդ լռութեան վրայ կառուցւում է անպատասխանատւութիւնը…»,- գրել է նա։

Related Articles

Back to top button