Ստեփանակերտում քանդել են մարշալ Բաղրամեանի յուշարձանը

«ԱԼԻՔ» – «Մինչ ադրբեջանական զօրքերը երթով շարժւում էին Մոսկւայի Կարմիր հրապարակում, եւ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը դիտում էին ամբիոնից, Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամեանի յուշարձանը։ Մինչեւ արմատը՝ առանց հետք թողնելու։ Մինչ այդ նրանք պղծել էին արձանը՝ կոտրելով քիթը եւ ոչնչացնելով հայերէն արձանագրութիւնները»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» ՀԿ նախագահ Սերգէյ Շահվերդեանը։
«Այն Ստեփանակերտում մնացած վերջին քանդակագործական յուշարձանն էր մինչեւ 2025 թւականի մայիսի 9-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի 80-ամեակը։ Մինչ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը զայրացած է եւ կատաղած՝ իր արդարացի զայրոյթով յիշատակելով Բաղրամեանի անունը, իսկ Մարիա Զախարովան փորձում է արդարացնել Ալիեւի բացակայութիւնը Յաղթանակի շքերթից, ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը քանդում է խորհրդային դարաշրջանի ականաւոր ռազմական գործիչներից մէկի յուշարձանը։ Մենք սպասում ենք Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի զայրացած բաց նամակին»,- ասւում է նրա գրառման մէջ։