ԱՂԱՍԻ ԱՅՒԱԶԵԱՆ
Հասարակ մարդ… ի՞նչ է հասարակ մարդը… նա միշտ է վեր նայում, նա սպասում է, թէ ինչ կասի ոչ հասարակ մարդը: Նրան խաբում են՝ նա ուրախ է, նրան ճնշում են՝ նա գոհ է: Նա ծառայում է բոլոր պետութիւններին: Նա ծառայել է Չինգիզ Խանին, նա ծառայել է Նապոլէոնին, նա ծառայել է Վիլհելմին, նա միայն Քրիստոսին է սպանել…
Չարագործութիւնները նրա ձեռքով են կատարւել… թէ՞ կարծում էք Լիւդովիկոս արքան ինքն իր ձեռքով, սպիտակ ձեռնոցներով է սպանել հազարաւոր մարդկանց, թէ՞ ռուսական ցարի ձեռքերն այնքան երկար էին, որ օղակել ու պահել էին ամբողջ կայսրութիւնը… հասարակ մարդն է այդ անում հաճոյքով… եւ էլի կանի… դա նրա ցանկութիւնն է, նրա կենսական պահանջը… նշանակիր հասարակ մարդուն պահակ զուգարանի դռանը: Նա կասի՝ չի կարելի մտնել: Ինչո՞ւ,- հարցրու: -Ես ոչինչ չգիտեմ,- կասի նա,- այդպէս են հրամայել: «Բա ի՞նչ գիտես»,- հարցրու: «Ոչինչ»,- կասի նա: «Բա ու՞ր գնամ, ախր կենսական պահանջ է»:
«Չգիտեմ»: «Բա ի՞նչ գիտես…»: «Ոչինչ»,- կրկին կասի նա: Ոչինչ, ոչինչ: Ոչինչ: Ոչիիիիինչ: Աստւած իմ, փրկիր ինձ անհեթեթութիւններից: Փրկիր ինձ ստից: Փրկիր ինձ ոչնչից: Փրկիր ինձ այս հասարակ մարդուց, որը ոչինչ չի ուզում իմանալ, որը կարող է գնդակահարել իր մօտ բարեկամին: Կարող է սպանել ճշմարտութիւնը: Կարող է դաւաճանել: Կարող է պաշտպանել սուտը: Եւ չի մտածի, թէ ինչ է անում: Նա ոչինչ չգիտէ: Այդպէս է պէտք: Իրեն ասել են: Իրեն հրամայել են: Այդպէս է պէտք:
Աշխարհին իշխում է հասարակ մարդը: Թագաւորները միշտ պատրւակ են եղել: Նոյնիսկ հանճարեղ բռնակալները խաղալիք են հասարակ մարդու ձեռքին, նա թելադրել է իր ցանկութիւնը՝ իշխիր, հրամայիր… սարսափելի հասարակ մարդ… ես վախենում եմ քեզնից, քո ստից, քո ոչնչից…