ԹեհրանՀամայնքՄշակութային

Մարկօ Գրիգորեանի «Աթոռը»՝ «Իրանի արւեստագէտների տան»-ը

Մարկօ Գրիգորեանի ծննդեան 100-ամեակին նւիրւած ցուցահանդէս

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Իրանի ժամանակակից արւեստի առաջամարտիկ Մարկօ Գրիգորեանի շուրջ կէս դար առաջ իրականացրած «նստարան» նախագիծը Իրանի «Արւեստագէտների տան»-ը ցուցադրւող  պերֆորմանսերից է:

Մարկօ Գրիգորեանի կենդանի գեղարւեստական կատարումները (պերֆորմանս) Իրանում գեղարւեստական ​​նոր ուղղութիւնների հիմնասիւնն էր, եւ նրան դարձրեց ժամանակակից մօտեցմամբ ստեղծագործութիւնների կնքահայրը:

Մարկօ Գրիգորեանի ամենաակնառու ստեղծագործութիւններից են 1973 թւականին իր անմիջական մասնակցութեամբ աթոռների թեմայով իրականացւած երկու բեմադրութիւններն ու մշակումները: Նա լքւած առարկաների ու մերժւած տարրերի ու հասարակութեան առօրեայի շունչն է մարմնաւորում իր նախագծով:

Մարկօ Գրիգորեանը նշել է, որ այս աշխատութեան գաղափարը վերցւած է պարսկական աւանդական բաղնիքում աշխատող մի մերսողից, ով աշխատանքն աւարտելուց յետոյ իր աթոռը կապում էր երկաթաձողին, որպէսզի յաջորդ օրը ստիպւած՝ այն ուրիշների մօտ չփնտրի:

Աւելի ուշ, 1975 թւականին  Մարկօ Գրոգորեանի եւ Սիրակ Մելքոնեանի մասնակցութեամբ «Ազատ նկարիչների ու քանդակագործների խումբը» հանդէս եկաւ «Ծաւալը եւ տարածքը» (volume and environment) խորագրով չորրորդ ցուցահանդէսով: Այն տեղի ունեցաւ ժամանակին Թեհրանում գործող Իրան-Ամերիկա մշակոյթի տանը, որտեղ Մարկոյի  «Աթոռ» ներկայացման մասին պատմող լուսանկարներն առանձին նախագծով յայտնւել է պատկերասրահի պատին:

Մարկօ Գրիգորեանի ծննդեան 100-ամեակին, «Նկարչի ամբիոն» խորագրով անցկացւող ցուցահանդէսի կազմակերպիչ,  արւեստաբան Սանազ Արիանֆարը  յայտագրում նշել է, որ 1982 թւականին Մարկօ Գրիգորեանը Նիւ Եօրքում Արշիլ Գորկու պատկերասրահում նոյն թեմայով մէկ այլ մշակում էր կատարել։ Աշխատութեան ընթացքում նկարիչը նստած է աթոռին  պարսպով շրջապատւած, իսկ աթոռը, որի վրայ նստած է նկարիչը պարանով կապւած է շրջապատող պարսպաձողերից:

Յունիսի 13-ին բացւած ցուցահանդէսը իր աշխատանքն է շարունակելու մինչեւ յունիսի 25-ը, ժամը 14:00-ից 21:00-ը՝ «Իրանի արւեստագէտների տանը», մայրաքաղաքի Իրանշահր պողոտայում գտնւող նկարիչների պուրակ հասցէում:

Related Articles

Back to top button