
Չորեքշաբթի, 21 մայիս 2025 թւականին, Իրանի բժշկական գիտութիւնների պատմութեան ազգային թանգարանի տնօրէն դոկտ. Համիդռեզա Նամազիի հրաւէրով, Ազգ. Առաջնորդարանից մի շարք ներկայացուցիչներ մասնակից դարձան Իրանի ժամանակակից բժշկութեան պատմութեան մէջ հայերի դերակատարութեանը նւիրւած այցելութեան, որը տեղի ունեցաւ Իրանի բժշկական գիտութիւնների պատմութեան ազգային թանգարանում, որտեղ անդրադարձ կատարւեցին երկրի առողջապահական համակարգի եւ բժշկական կրթութեան ոլորտում հայ համայնքի ուշագրաւ ազդեցութեան հատւածներին:
Սոյն հանդիպման դոկտ. Համիդռեզա Նամազին, անդրադառնալով արխիւային աղբիւրներին ու պատմական փաստաթղթերին, ընդգծեց, որ հայերը Ղաջարական շրջանից զգալի դեր են խաղացել բժշկական գիտութիւնների, բուժքոյրական, դեղագործութեան, ատամնաբուժութեան եւ կենսաքիմիական տարբեր ոլորտների ստեղծման ու զարգացման գործում:
Նա յաւելեց, որ Թաւրիզի բուժքոյրական դպրոցում ուսանած առաջին բուժքույրերից մինչեւ Իրանում կենսաքիմիայի, կենսական վիճակագրութեան, ռադիոլոգիական եւ ատամների պրոթեզաւորման ոլորտների հիմնադիրների անուններում, նշանաւոր են հայ բժիշկների, դեղագործերի եւ դասախօսների անունները, որոնց ամփոփ անդրադարձ ունեցաւ իր ելոյթի ընթացքում ըստ հետեւեալի՝
Իրանահայ գիտութեան ու մշակոյթի ոչ շատ ճանաչւած դէմքերից է բժիշկ Բազիլը։ Նա 1881 թւականին մեկնել է Անգլիա եւ սովորել Էդինբուրգի բժշկական դպրոցում։ Վերադառնալով Թեհրան Նա, որպէս դասախօս դասաւանդել է Դար ալ-Ֆոնունի բժշկական բաժնում եւ 22 տարի եղել է Դար ալ-Ֆոնունի բժշկական ամբիոնի տնօրէն եւ դասախօս, եւ այս տարիների ընթացքում բազմաթիւ բժիշկներ է պարգեւել Իրանի հասարակութեանը:
Դոկտ. Փափարեանը, չնայած դեղագործութեան մէջ ունեցած ակնառու դերակատարութեան, յիշատակւեց, որպէս պատմութեան մէջ անյայտ դէմք: Նա Նասերիէ պողոտայում հիմնադրել էր հեղինակաւոր դեղատուն եւ դեղագիտութեան դասախօս էր Դար ալ-Ֆոնունում։ Նա հրատարակել է «Լուսանկարչական արդիւնաբերութիւն» գիրքը, որն Իրանում լոյս տեսած առաջին գիրքն է՝ լուսանկարչութեան մասին:
Մատնանշեց Արմայիս Վարդանին, որպէս Բժշկական դպրոցի, ապա նաեւ Բժշկական ֆակուլտետի առաջին դասախօսներից։
Դոկտ. Նամազին, Աշոտ Յարութիւնեանին եւ նրա եղբօրը՝ Գագիկ Յարութիւնեանին անւանեց Բժշկական ֆակուլտետի պաշտօնական առաջին դասախօսների շարքում, ովքեր կարեւոր ներդրում ունեցան ժամանակակից բժշկական կրթութեան հիմնաւորման գործում։ Մատնանշւեց, որ նրանք երկարատեւ ներդրում ունեցան երկրի կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներում։
Դոկտ. Յովսէփ Ստեփանեանը, որը համարւում է Իրանում ժամանակակից ատամնաբուժութեան ռահվիրաներից մէկը, իսկ հետագայում նրա դուստրը՝ դոկտ. Աննիկ Ստեփանեանը, ով դերակատար եղաւ նոյն ոլորտում: Նա նաեւ դոկտ. Ազմիկ Մելքոնեանին եւ դոկտ. Պարոյր Յովսէփեանին համարեց Իրանում ժամանակակից ատամնաբուժութեան ռահվիրաներից:
Դոկտ. Նամազին իր ելոյթը շարունակեց՝ անդրադառնալով այլ բժշկական ոլորտների շրջանաւարտներին եւ յայտնեց, որ Մանրէաբանութեան շրջանաւարտ դոկտ. Վարդգէս Նահապետեանը Իրանում կենսական վիճակագրութեան հիմնադիրներից մէկն էր, ով գրել է այս ոլորտում առաջին գրքերը: Նա նաեւ երկրի առողջապահական համակարգում համաճարակաբանութեան հայեցակարգերի հիմնադիրն էր: Իսկ դոկտ. Սարգիս Տէր Կարապետեանը ուրոլոգիայի ճիւղի դասախօս եւ դոկտ. Վարդան Յակոբեանը Իրանում ռադիոլոգիայի հիմնադիրներից, որոնք կարեւոր դեր են խաղացել իրենց մասնագիտական ոլորտներում ժամանակակից գիտութիւնների զարգացման գործում։
Անդրադառնալով 1945-ից 1955 թւականների ժամանակահատւածին՝ դոկտ. Նամազին յայտնեց, որ այս տարիների ընթացքում Իրանի համալսարաններում շրջանաւարտ են դարձել ատամնաբուժութեան աւելի քան 30 հայ շրջանաւարտներ եւ շուրջ 80 հայ բժիշկներ իսկ հայ կանայք նոյնպէս կարեւոր դերակատարութիւն են ունեցել կենսաբանական եւ բժշկական գիտութիւնների զարգացման գործում։ Այդ թւում կարելի է նշել՝ ատամնաբուժութեան ֆակուլտետի առաջին կին դասախօս՝ դոկտ. Աննիկ Ստեփանեանի, ախտակենսաբանութեան եւ կենսաքիմիական ոլորտներում հերթականութեամբ՝ Հիլդա Փիչիկեանի եւ Քնարիկ Բադալեանի անունները։
Հանդիպմանը առիթ ստեղծւեց այցելել Իրանի բժշկական գիտութիւնների պատմութեան ազգային թանգարանի տարբեր բաժինները, որից յետոյ Թեմական խորհրդի անունից գնահատաքի խօսքն ընթերցեց Խորհրդի ատենապետուհի Արմինէ Սէթխանեանը եւ գրքեր նւիրւեցին դոկտ. Համիդռեզա Նամազին եւ դոկտ. Արփի Մանուկեանին:
Հանդիպման աւարտին, ընդգծելով նմանօրինակ տեղեկութիւնների հրապարակման կարեւորութիւնը, առաջարկւեց, որ այդ փաստաթղթերից եւ պատկերներից մի քանիսը ցուցահանդէսի տեսքով հանրութեանը ցուցադրւեն՝ Իրանի բժշկական գիտութիւնների պատմութեան ազգային թանգարանում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ