ԹեհրանՀամայնք

Պատմական անդրադարձ Սարդարապատ (Հեշմաթիէ) քաղաքամասի վերաբերեալ

Հեշմաթիէ Սարդարապատ քաղաքամաս

Սարդարապատ (Հեշմաթիէ) թաղամասի պատմութիւնը  սերտօրէն կապակցւած է մայրաքաղաք Թեհրանի պատմութեան հետ: Քաղաքամասը կարեւորութիւն է  ստանում Ղաջարների ժամանակւանից երբ դրա հիւսիսային բաժնում կառուցւեցին պալատային համալիրներ՝ «Ղասր» անունով, որը ընդարձակւում էր մինչեւ հետագային  կառուցւած «Ղասր» բանտը: Տարածքը լինելով զինւորական  օգտագործման գօտին հետզհետէ վաճառւեց կամ նւիրւեց  բարձրաստիճան զինւորականների, իսկ հարաւային  բաժինը ստորադաս զինւորականների որտեղ եւ կոչւեց Հեշմաթիէ թաղամաս:

Թաղամասի  տարածքը  իր  մէջ էր  ընդգրկում  Հեշմաթիէ  զօրանոցից մինչեւ Էշրաթաբադ զօրանոցը որտեղ իրենց  զինւորական ծառայութիւնն էին անցկացնում գիւղերից  բերւած հայ զինւորները: Քաղաքամասը ընդարձակւում  էր մինչեւ Գորգան պողոտան եւ հրապարակը:

ԴՊՐՈՑՆԵՐ

1940-ական թւականներին երբ հետզհետէ խտանում էր  թաղամասի հայ բնակչութեան թիւը ժամանակի մարմիները  միջոցներ են փնտրում հայապահպանման կարեւոր գործը  իրագործելու համար եւ այսպիսով 1948 թւականին  հանգուցեալ Խորէն Տէր Վրոյրեանի համագործակցութեամբ  բացւում է առաջին «Շահազիզ» դպրոցը 72 աշակերտնեով  1949 թւականին ժամանակի ազգային իշխանութիւնը դպրոցի  արտօնութիւնը գնելով նոր անունով դպրոց է հիմնում Խաջէնազամոլմոք պողոտայում, 800 երկսեռ աշակերտներով:

Դպրոցի աշակերտութեան թիւը 1958 թւականին հասնում է  1050-ի: Այդ օրերին թաղամասի բնակչութեան թիւը 1400 շունչ է եղել:

1957 թւականին ազգային բարերար Ջիբրայէլ Սահակեանը մտադրւում է իր եղբօր հանգուցեալ Իսրայէլ Սահակեանի յիշատակին մի դպրոց կառուցել թաղամասում: 1958 թւականի  մայիս 16-ին մեծաշուք հանդիսութեամբ տեղի է ունենում  դպրոցի շէնքի հիմնօրհնէքը: Շէնքը երեք յարկերով  պատրաստ էր արդէն 1958 թւականի նոյեմբերին:

Դպրոցը    կառուցւում է ճարտ. Բաղդիկ Օրդուխանեանի նախագծով  1800 քառ. մետր տարածութեամբ  մի հողամասի վրայ. ուր դպրոցի շէնքը գրաւում է 550 մետր: Այս հոյակապ շէնքը բաղկացած է 3 յարկից: Բակից մինչեւ կտուրի բարձրութիւնն է 17 մետր: Իւրաքանչիւր յարկում կան 9 դասարաններ, ամէն մէկը 30 քառակուսի մետր տարածութեամբ: Շէնքը ունի նաեւ 4 սենեակներ  իբրեւ տեսչարան, ուսուցչարան, գրասենեակ եւ տարրալուծարան: Շէնքի կառուցման աշխատանքների ընդհանուր հսկիչը եղել է ուսուցիչ Մանասէր Զաղինեանը: Դպրոցի արտօնատէրն էր Ջիբրայէլ Սահակեանը, պաշտօնական տեսուչը՝  ճարտ. Հարփիկ Թամրազեանը իսկ ներքին տեսուչը՝ Դաւիթ Իսրայէլեանը: Վերջին երեք տարիներում, Հրայր Մարուխեանը՝ Իրանի կրթական նախարարութեան կողմից նշանակւել է դպրոցի տեսուչ:

ԻՍՐԱՅԷԼ ՍԱՀԱԿԵԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

1961 թ. գարնան կրկին Սահակեան ընտանիքի անդամների բարոյական ու նիւթական օժանդակութեամբ դպրոցին կից հողամասը գնում եւ կառուցում են օրիորդաց միջնակարգ օղակի եռայարկ շէնքը 8 դասարաններով: Նորակառոյց այս շէնքի շարունակութիւնն է կազմում թատերասրահը՝ իր ներքնասրահով, որ կարող է օգտագործւել մարզական խաղերի եւ սերտողութեան համար:

Իսլամական յեղափոխութիւնից յետոյ (1979 թ.), երբ  իշխող կարգը փոխւեց, դպրոցների կարգավիճակներն էլ փոփոխութիւնների մատնւեցին: Այդ թւում «Ի. Սահակեան» երկսեռ դպրոցը վերածւեց օրիորդաց եւ տղայոց տարրական եւ ուղեցոյց դպրոցներերի:

«Ի. Սահակեան» տարրական եւ միջնակարգ դպրոցները իրենց աշխատանքը շարունակեցին մինչեւ 2005-6 ուսումնական տարեշրջանը, ապա այս մայրենի լեզւի եւ լոյսի տաճարը, աշակերտութեան թւի նւազման պատճառով դադարում է աշխատելուց: 2006-7 թ. դպրոցը որպէս ոչ շահադիտական կրթահամալիր, Արա Ֆարհադեանի տեսչութեամբ  աշխատել է մինչեւ 2014-15 ուսումնական տարին: Ներկայիս դպրոցի շէնքը օգտագործւում է որպէս ազգային բարեսիրական կենտրոն:

Յիշատակելի է, որ նահատակներ  Զօրիկ Մուրադեանը (1960-1980), Էդմոնդ Բալայեանը (1962-1982) եւ Նորիկ Բաբախանեանը (1963-1988) սովորել եւ դաստիարակւել են «Ի. Սահակեան» դպրոցում:

Նորակառոյց դպրոցով օժտւած Հեշմաթիէ քաղաքամասի  հայ բնակչութեան թիւը արագ թափով սկսում է աճ արձանագրել: Այս անգամ գիւղերից բացի Հեշմաթիէ էին   փոխադրւում նաեւ միւս հայաբնակ թաղամասերից հայ ընտանիքները: Թաղամասում մշակոյթի հետ միասին զարգանում է նաեւ մարզանքն ու մարզական հակումները:

ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

1950-ական թւականների աւարտին «Շահազիզ» դպրոցի  տարածքից օգտւելով հիմնադրւում է Հ. Մ. Մ. «Արարատ»  միութեան մասնաճիւղ համարւող «Մասիս» միութիւնը, եւ  քիչ ժամանակ անց 1961 թւականին նոյն միութեան քաղաքամասի անդամները  մեծ մասամբ ըմբշտամարտիկներն ու ֆուտբոլի  սիրահարները հիմնադրում են «Շահազիզ» միութիւնը՝ «Սեւակ Սագինեանի» արտօնատիրութեամբ: Վերջինս իր գործունէութիւնը շարունակեց մինչեւ Իսլամական  յեղափոխութեան յաղթանակը, երբ մի շարք գործուղւած  դաւադիրներ փորձում են խանգարել միութեան բնականոն  ընթացքը: Միաժամանակ «Շահազիզ» միութեան  հողամասի  կալւածատէրը յետ է պահանջում վարձ ու տրւած կալւածը եւ  միութենականները ստիպւած տեղափոխում են «Սահակեան» դպրոց:

Նոր վայրում ներխուժած նեղմիտ անդամները օգտւելով  իրենց այն օրերի կասկածելի շրջանակների  հովանաւորութիւնից – կատարում են ապազգային ծրագրեր, որոնք հանդիպում են նախկին անդամների ընդիմութեանը: Վերջապէս ազգային ոգով տոգորւած անդամները  առանձնանալով, տներում շարունակում են իրենց  մշակութային աշխատանքները եւ իրենց ներկայացումները ներկայացնում էին  տարբեր միութիւնների բեմերում, իսկ  մարզական փորձերը «Արժանթին» հրապարակի դատարկ հողամասերում:

Նկատելով սահմանափակումները, ինչպէս նաեւ «Սահակեան» դպրոցում գործող անհատների խափանիչ  գործունէութիւնը ազգային երիտասարդների մօտ ծագում է  նոր միութիւն հիմնելու գաղափարը, ուստի եւ աւելի ոգեւորւած շարունակում են աշխատանքները միութիւն հիմնելու համար: Հիմնադիր մարմնի անդամները տներում  նիստեր գումարելով, որոշում են կազմւող միութիւնը  անւանակոչել, արդէն իսկ թաղամասն այդ անունով  հռչակւած «Սարդարապատ» պանծալի անունով:

Միութեան կազմութեան գաղափարը ծագում է 1980  թւականին միութիւնը որպէս կազմակերպւած ազգային բջիջ հիմք է դրւում 1983 թւականի ամռանը՝ հիմնադիր անդամների տներում պարագան պաշտօնապէս տեղեկացւում է ազգային մարմիններին առ ի պատշաճ տնօրինութիւն իսկ միութեան կենտրոնտեղի ունենալը իրագործւում է 1985 թւականին, երբ բարերար Մինաս  Յովհաննիսեանի նւիրատւութեամբ եւ «Ալիք» հաստատութեան նիւթական աջակցութեամբ երկյարկանի  շէնք է գնւում, թաղամսի Սարբազ պողոտայի վրայ:

Կենտրոնատեղիի բացման արարողութիւնը տեղի է ունենում 1985 թւականի ապրիլի 13-ին ժամանակի թեմակալ  առաջնորդ երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ եւ «Ալիք» հաստատութեան  յարգարժան բարերարի, Թեմական խորհրդի անդամների եւ  հոծ թւով խանդավառ թաղեցների ներկայութեամբ:

Հայ մշակութային «Սարդարապատ» միութիւնը որ դեռ  կենտրոնատեղի չունենալով իր մարզական եւ մշակութային  աշխատանքներով ծառայել էր թաղամասին եւ հայ պատանիներին ու երիտասարդներին էր համախմբել իր շուրջ, հէնց  հիմնադրումից յետոյ առաջին անգամ 1983 թ. մասնակցեց  Հ.Մ.Ա.Կ.-ի  18-րդ Համահայկական մրցութիւններին  եւ որպէս  կարգապահ մարզիկներ դաստիրակող միութիւն, շարունակում է մասնակցել մինչեւ օրս:

1979 թւականին Իսլամական յեղափոխութեան  նախօրեակին եւ յետոյ միութեան իսկական բջիջ  հանադիսացող անդամները ազգային իշխանութեան կողմից տրամադրւած հնարաւորութիւներով «Ի. Սահակեան» դպրոցի զոյգ սրահներում յարմարութիւններ ստեղծած  թաղեցիներին բուժօգնութիւններ եւ զանազան  ծառայութիւններ տրամադրելու համար ի շարս դրանց թաղեցիների ֆիզիկական ապահովութիւնը:

1984 թւականի փետրւարի 14-ին միութիւնը ազգային իշխանութեան է ներկայացնում միութեան ծրագիր  կանոնագիրը, որը մէկ ճշտումով հաստատւում է Թեմական  խորհրդի կողմից:

Վերջապէս կատարւած դիմումների եւ հետեւողականութեան շնորհիւ Իրանի ներքին գործերի նախարարութիւնը 1984 թւականի մայիսին  հրապարակում է միութեան առաջին արտօնագիրը: Սարդարապատը լինում է  առաջին հայկական միութիւնը որն ստանում է աշխատելու  արտօնութիւն Իսլամական յեղափոխութիւնից յետոյ:  Հետզհետէ «Սարդարապատ» միութիւնը անցկացնելով  բազմաթիւ դժւարութիւններ, իր մարզական եւ մշակութային  աշխատանքներով իր ուրոյն տեղն է գտնում թաղեցիների  մօտ, եւ սկսում է իր ինքնահստատման ընթացքը վայելելով  թաղամասի բարեկիրթ հայ հասարակութեան վստահութիւնը:

«Սարդարապատ» նորակազմ միութիւնը հէնց 1983 թւականից օգտւելով քաղաքամասի ուժերի եւ քոյր միութիւնների  անվերապահ համագործակցութիւնները կեանքի է կոչում, գրական, արւեստի, մարզական եւ սկաուտական միաւորներ որոնք մինչ այս շարունակում են իրենց աշխատանքները:

Յատկապէս ֆուտբոլի, շախմատի եւ պինգ-պոնգի  մարզաձեւերում «Սարդարապատ» միութիւնը իր արժանի  տեղն ունի համայնքիս մարզական միութիւնների մէջ եւ անգամներ մեծ յաջողութիւններ են արձանագրել շրջանային-պետական եւ միջմիութենական մրցութիւններում:

Միութիւնը ազգային եւ պետական տարբեր առիթները  օգտագործելով միջոցառումներ է ձեռնարկում որտեղ իր  բազմապիսի կարողութիւնները ներկայացնելով, կազմակերպում է նաեւ շախմատի, պինգ-պոնգի, բռնցքամարտի եւ այլ մարզաձեւերում մրցոյթներ:

2005 թւականից սկսած քաղաքապետարանի 7-րդ շրջանի  գերտեսչութեան կողմից արծարծւեց միութեան շէնքի հետ  միասին մի ամբողջ տարածքի շինութիւնները վերացնել յօգուտ մայրաքաղաքի հսկայական  մայրուղիներից՝ Սայեադ Շիրազի շարունակութիւնը կառուցելու:

Վերստին թափառական դարձաւ միութիւնը եւ երկարատեւ որոնումներից յետոյ յարմար հողամաս է  գտնւում թաղամասի կենտրոնում «Դահմեթրի Արամանէ» պողոտայի վրայ 500 քմ. տարածութեամբ եւ հողամասը գնւում է թեմի ազգային իշխանութեան եւ «Ալիք» հաստատութեան ջանքներով:

2007 թւականի փետրւարի 15-ին թաղամասի հոծ թւով  հայրնակիցների ներկայութեամբ եւ Սրբոց Վարդանանց  եկեղեցում Ս. Պատարագ մատուցելուց յետոյ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ կատարւեց  միութեան նոր կենտրոնատեղի հիմնօրհնէքի  արարողութիւնը:

Միութենականների ջանքերով ու վարպետ թաղեցիների  համագործակցութեամբ արագ թափով առաջ ընթացաւ  շինարարական աշխատանքները եւ վերջապէս 2008  թւականի նոյեմբերի 1-ին Մեծի Տանն Կիլիկիոյ  կաթողիկոս  Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարւեց  կենտրոնատեղի օրհնութեան կարգն ու բացման  արարողութիւնը:

Կենտրոնատեղիի պաշտօնական բացումը յատուկ կրօնական արարողութեամբ տեղի է ունեցել 1 նոյեմբերի 2008 թ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ: Սոյն արարողութեան ներկայ էին Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, Տ. Նորայր եպս. Աշքեանը, Տ. Մեսրոպ վրդ. Սարգսեանը, Տ. Անանիա վրդ. Ղուջանեանը, հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճարտ. Գէորգ Վարդանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը եւ թաղի հաւատացեալ ժողովուրդը:

Սոյն կենտրոնատեղին ունի շուրջ 445 քառ. մետր տարածք ու 718 մետր կառուցւածք եւ կառուցւել է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նիւթական օժանդակութեան, բաղկացած է երեք յարկից: Առաջին յարկը բաղկացած է բուֆէից եւ մի սրահից իր յարակից յարմարութիւններով, երկրորդ յարկը յատկացւած է գրասենեակին, բիլիարդի բաժնից եւ պահեստից, երրորդ յարկում գոյութիւն ունի Վաչիկ Յովհաննիսեանի անւան գրադարանը, ընդունելութեան սրահը եւ մի բնակավայր պահակի համար:

«Սարդարապատ» միութիւնը գրանցւած է Իրանի ներքին գործոց նախարարութեան միութիւնների ցանկում եւ ունի պաշտօնական արտօնէութիւն եւ աշխատում է նրա կողմից ճշտւած ուղղութեամբ: Վարչութեան կազմերի ընտրութիւններին մասնակցում է նախարարութեան ներկայացուցիչը: Միութիւնը ներկայիս ունի երէցների, արւեստից, գրական եւ մարզական բաժանմունքները՝ իր 120 անդամներով եւ լիայոյս է, որ շարունակելով իր ազգանպաստ աշխատանքները՝  սատար կը հանդիսանայ համայնքի ազգային ու կրօնական կեանքի վերելքին ու բարգաւաճմանը՝ միշտ իր կողքին ունենալով «Դահմեթրի Արամանէ» քաղաքամասի հայ համայնքի եւ Թ. Հ. Թ. ազգային իշխանութիւնների օժանդակութիւնն ու հովանաւորութիւնը:

Միութիւնը տարիների ընթացքում կազմակերպել է շախմատի, նկարչութեան եւ գեղագրութեան մրցութիւններ:

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադիրների անւանացանկը.

Մուշեղ Ծատուրեան, Գուրգէն Քարամեան, Ռոբերտ Պօղոսեան, Ժիրայր Մեհրաբեան, Ժորժիկ Օհանջանեան, Վազգէն Իսկանդարեան, Սարօ Դիլանչեան, Վարսիկ Աբադ, Անօ Աբադ, Արարատ Յակոբեան, Թորգոմ Յովսէփեան, Հրանտ Պօղոսեան, Վիգէն Կիրակոսեան, Նորիկ Ալէքսանեան, Էդմոնդ Բալայեան, Վրէժ Իսաղուլեան,  Ռազմիկ Իսայեան Վարդան Դաւթեան:

Ներկայիս միութեան վարչութեան 13-րդ շրջանն է, որի  նախագահն է Մուշեղ Ծատուրեանը:

Միութեան վերջին հինգ տարիների աչքառու  աշխատնքներից  եղաւ  կազմակերպելով (Ողջոյն Հեշմաթիէ 1 եւ 2 նաեւ Ողջոյն Ղարադաղ 1 եւ 2 ուրախ ժամանցները  որտեղում ներկայացւեց եւ պատկերւեց անցեալի շունչն ու աւանդական ոգին, 2021 թ. 12-րդ վարչութեան մտայղացմամբ հրատարակւեց «Սարդարապատից Սարդարապատ» գիրքը  մեկենասութեամբ միութեանս միւթենական Թաթուլ Եադեգարեանի:

2023 թւականի դեկտեմբեր ամսին մեծ շուքով միութեան 13-րդ վարչութեան շնորհիւ կազմակերպւեց միութեան 40- ամեակը հէնց իր անունը կրող Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում:

Այսօր  40 տարի  անց  իր  հիմնադրումից  իր թիկունքին  ունենալով փորձառութիւններով լի տոպրակ եւ կողքին  կանգնած լիելով համեստ եւ հաւատարիմ թաղեցիներ ու ընկերներ, քայլում է դէպի Սարդարապատը կերտողների գաղափարի ուղիով:

«Հայ կին» միութեան կից «Անի» միութիւն

Նկատի ունենալով Հեշմաթիէ քաղաքամասում Հայ կանանց համախմբւելու եւ նրանց մօտ հաւաքական աշխատանքի ոգին խրախուսելու անհրաժեշտութիւնը Թեհրանի «Հայ Կին» միութեան նախաձեռնութեամբ  1980 թ. Սրբոց Վարդանանց եկեղեցու վերնայարկում հիմնադրւում է «Անի» միութիւնը:

«Անի» միութիւնը առաջնորդւում է նոյն ծրագրի կանոնադրութեան  ինչ «Հայ կին»-ը, որ կազմաւորման օրից ի վեր լծւեց հայապահպանման սուրբ  ու նւիրական գործին: Քաջ գիտակցելով ազգապահպանման հիմնական ազդակի՝ հայ կնոջ դերը, նպատակադրւեց իրականացնել հետեւեալ կէտերը՝ բարձրացնել հայ կնոջ մակարդակը, անաղարտ պահել կնոջ ազգային ուրոյն նկարագիրը, նպաստել նոր սերնդի հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան աշխատանքներին:

Միութիւնը իր գործունէութեան 40 տարիների ընթացքում նախաձեռնել է դասախօսութիւններ, տարբեր թեմաներով, կազմակերպել հայերէնի, անգլերէնի եւ համակարգչի, ծաղկակարի, կոկտելի եւ այլ դասընթացներ: Կազմակերպել է մանուկների համար  ամառային աշխատանքներ:

ՍՐԲՈՑ  ՎԱՐԴԱՆԱՆՑ  ԵԿԵՂԵՑԻ

Թեհրանի Սարդարապատ «Հեշմաթիէ» քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մատեան մատուռը հիմնադրւել էր «Շահազիզ» դպրոցի եւ համանուն միութեան վարձակալւած հողամասի արեւելեան հատւածում: Հիմնօրհնէքը կատարւել է 1956 թ. եւ օծւել է 1957 թ. յունւարի 4-ին, ժամանակի առաջնորդական տեղապահ երջանկայիշատակ արժ. Տ. Յովհաննէս աւ. քհնյ. Հաճեանի «1885-1964» ձեռամբ :

1969 թ. մայիս 24-ին, անյայտ պատճառով, մատուռը հրդեհի մատնւելուց յետոյ քաղաքամասը զրկւում է եկեղեցուց, միւս կողմից նկատելով քաղաքամասի հայոց եկեղեցու բացակայութիւնը եւ լայն ծաւալ ստացած աղանդաւորների աւերիչ ներկայութիւնը, «Ի. Սահակեան» երկսեռ դպրոցների ծնողական խորհուրդների մօտ միտք է յղանում դպրոցի սրահն վերածել աղօթատեղի եւ դիմելով ժամանակի թեմի առաջնորդին ստանում են նախնական արտօնութիւնը: Այնուհետեւ ծնողական խորհրդի անդամներից Նազիկ Մանասեանը, համախորհուրդ  Հրաչ Սարուխանեանի, որ մասնագիտութեամբ հիւսն էր, սրահի դիմացի ճակատում փայտով պատրաստւում է ժամանակաւոր մի տաճար  այն զարդարելով Քրիստոսի խորհրդանիշներով ու խաչով:

Թէեւ աղօթատեղին օծւած չէր, սակայն թաղեցիները եւ աշակերտութիւնը, մանաւանդ տօնական օրերին, օգտւում էին աղօթատեղիից, եւ ժամանակին բազմաթիւ թաղեցիների պահանջներից ելնելով սկսւեց կառուցել եկեղեցին:

Իհարկէ կային խոչնդոտներ, քանի որ սրահի կառոյցը դէպի արեւելքի լինելու փոխարէն դէպի հարաւ էր նայում, սակայն քաղաքամասի բնակչութիւնը ցանկանում էր ունենալ եկեղեցի:

Վերջապէս 1983 թ. երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանի յատուկ արարողութեամբ աղօթատեղին օրհնւում է որպէս մատուռ, որը քաղաքամասում մեծ խանդավառութիւն առաջացրեց եւ կատարւեցին սրտաբուխ նւիրատւութիւններ:

1985 թ. ընտրւում է եկեղեցական առաջին խորհուրդը, որի ջանքերի շնորհիւ մատուռը վերածւում է եկեղեցու  ունենալով քահանայ, դպրաց դաս, մոմավաճառ եւ այլն: Ժամանակի առաջնորդը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը նկատելով քաղաքամասի հայ բնակչութեան եւ խորհրդի ժրաջան աշխատանքները, 1986 թ. յունիսի 13-ին, մեծ թւով ներկաների եւ բարերարների ներկայութեամբ եկեղեցին օծւում է Սրբոց Վարդանանց անունով:

Սկսեալ 1999 թ. դեկտեմբերի 26-ից երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանի վախճանւելուց յետոյ, Թ. Հ. Թ. Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջին անգամ 2000 թ.-ի յունւարի 21-ին այցելում է Սրբոց Վարդանանց եկեղեցի, իսկ դրանից յետոյ արդէն տարիներ շարունակ է, որ Թեմակալ առաջնորդը ամէն տարի Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնին բազմաթիւ հանդիպումներ է կազմակերպում թաղեցիների եւ քաղաքամասի մարմինների հետ:

Ներկայիս եկեղեցում պաշտօնավարում է Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը:

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութիւն

Նախագահ՝ Մուշեղ Ծատուրեան

Քարտուղար՝ Ժասմենա Առաքելեան

Related Articles

Back to top button