Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան Սկաուտական կազմի նախաձեռնութեամբ՝ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում
«ԱԼԻՔ» – Սրբոց Թարգմանչաց տօնը չի սկսւում ու աւարտւում մէկ օրւայ կամ մէկ շաբաթւայ ընթացքում, այլ այն մեր ժողովրդի ամենօրեայ հոգեւոր սնունդն է, որով գոյատեւում է հայ ժողովուրդը:
Թւականիս, հոկտեմբերի 27-ի երեկոյեան Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան Սկաուտական կազմի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր գեղարւեստական իւրայատուկ միջոցառում, միութեան կենտրոնատեղիում:
Մեկնարկը կատարեց Սկաուտական կազմի գայլիկ-արծւիկների հատւածի երգչախումբը, հնչեցնելով Տէրունական աղօթքը: Բացման խօսքով հանդէս եկաւ սկաուտ Անի Բաղումեանը, ով իր ելոյթի ընթացքում անդրադառնալով Մշակոյթի տօնին, նշեց. «Դուք գիտէք, որ աշխարհում միայն հայ ժողովուրդն է, որ տօնում է իր մշակոյթի տօնը: Գիտէք ինչո՞ւ, որովհետեւ 404 թւականից հայ ժողովուրդը մտածեց, որ պիտի աղօթի եւ խօսի հայերէն»:
Սրանք միայն տողեր չէին, որոնք հնչեցին հայ սկաուտի միջոցով, այլ՝ գիտակից հայ նոր սերնդի համոզմունք եւ այդ տեսլականով շարունակւեց ծրագիրը: Ընթացքում զգեստաւորւած հայ սկաուտները լսարանին էին ներկայացնում հայ մշակոյթի ռահվիրաների կենսագրական հակիրճ գծերը, որից յետոյ հէնց իրենք կատարում արւեստագէտի ոլորտին պատկանող կտորներ:
Մեծանուն երաժիշտ Ալեքսանդր Սպենդարեանի կենսագրականը ընթերցելով՝ Քեւին Օրդուբէգեանը, դաշնամուրային կատարումով ներկայացրեց Սպենդարեանի գործերից մեկը, արւեստի վաստակաւոր գործիչ Գայիանէ Մովսէսի Չեբոտարեանի կենսագրական տւեալները ներկայացնելուց յետոյ, դաշնամուրի կատարմամբ ելոյթ ունեցաւ Ալին Միրզաբէգեանը, երաժիշտ Խաչատուր Աւետիսեանի կենսագրականը ներկայացրեցին՝ Օդինա Նուռեանը եւ Մանէ Գորգին, որից յետոյ հանդէս եկան գիտառի դուէտ կատարմամբ նրկայացնելով երաժշտի կտորներից մէկը, աշխարհահռչակ կոմոզիտոր ՝Արամ Խաչատրեանի կենսագրական տւեալները ընթերցեց Նարէ Օհանեանը եւ ներկայացրեց դաշնամուրային մի կտոր: Երաժշտական բաժինը համադրել էր Լուիզա Աւետիսեանը:
Միջոցառմանը մերթընդմերթ ընթերցւում էր հեքիաթներ Աթաբեկ Խնկոյեանից, Ղազարոս Աղայեանից եւ Յովհաննէս Թումանեանից, որոնք զուգորդւած էին համապատասխան սալիկների ցուցադրութեամբ, որը մեծ խանդավառութիւն ստեղծեց սրահում ներկայ փոքրիկների մօտ, ովքեր ուշադիր հետեւում էին պատմութիւնները, հեքիաթները ընթերցում էր Լուսինէ Յովհաննիսեանը: Միջոցառման աւարտին կարաոկէի մեթոդով ներկաները միաձայն երգեցին «Հայերէն երգենք» երգը: Աւարտին կազմակերպւել էր հայկական մանկական գրքերի վաճառք-ցուցահանդէս եւ այսպիսով նոր սերնդի ներկայացուցիչները հաղորդ դարձան հայկական մշակոյթի պատառիկներին:
Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ