ՀարցազրոյցՄշակութային

Ռուբէն Մալայեան. «Մենք սահուն կերպով վերադառնում ենք Միջնադար» «Հայ ազգը հիմա մառախուղի մէջ է անհրաժեշտ է ապաւինել միմեանց, որպէսզի մաքրենք այս տարածութիւնը»

Ռուբէն Մալայեանը գեղագիր եւ վիզուալ նկարիչ է, ծնւել է 1971 թւականին Հայաստանի Հանրապետութիւնում, ուսանել է Թերլեմեզեանի անւան գեղարւեստի պետական կոլէջում, եւ Երեւանի Գեղարւեստի ինստիտուտում, Գրաֆիկական դիզայնի ոլորտում: Նա բազում մրցանակների դափնեկիր է, մասնագիտացւած է տեսողական ինքնութեան ձեւաւորման, տպագրութեան եւ գեղագրութեան ոլորտներում: Աւելի քան մէկ տասնամեակ աշխատել է մասնագիտացւած գեղագրութեան արւեստի վերաբերեալ հետազօտութիւնների ուղղութեամբ, մշակել է հայկական եզակի գեղագրութեան կենսագրութիւն:

Ռուբէն Մալայեանը «Հայոց Ցեղասպանութիւնը ժամանակակից գրաֆիկական եւ արւեստի պաստառներում» (2001թ., Ամստերդամ) նախագծի համահեղինակն է, որը լայն լուսաբանում եւ գնահատանք է ստացել միջազգային հեղինակաւոր մամուլներում եւ մի շարք գրքերում եւ ամսագրերում:

Նրա աշխատանքը ներկայացւած է «The World Encyclopedia of Calligraphia» (Ստեռլինգ, NYC 2011) եւ մի շարք այլ հրատարակութիւններում: Դասախօսել եւ դասաւանդել է սեմինարներ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, իսկ այժմ դասաւանդում է «Վիզուալ հաղորդակցութիւն» դասընթացը Հայաստանի Ամերիկեան համալսարանում եւ նկարչութիւն՝ Թերլեմեզեանի անւան արւեստի կոլէջում:

Ռուբէն Մալայեանի հետ ունեցած զրոյցին անդրադարձանք անելանելի իրավիճակները յաղթահարելու ելքերին, հայկականութեան նկատմամբ անվերապահ եւ անմնացորդ սիրոյն, որն ունակ է յաղթահարելու ամէն ինչ՝ ժամանակ ու տարածութիւն, մեր առջեւ եղած դժւարութիւնները, նիւթապաշտութիւնը, մարդկային հոգու անկատարութիւնն ու յուսահատութիւնը:

– Ինչի համար է Արւեստը:

– Արւեստը մշակոյթ ստեղծող միջոց է, որովհետեւ ինքնաարտայայտւելու կարիք մարդն ունի, արւեստը ներքին ապրումների արտացոլանքն է իր շուրջ եղածի: Այն, որ ինչ է կատարւում զգայական ներքին ապրումներիդ մէջ, նաեւ ոնց որ արտացոլանքն է շուրջդ եղածի: Արւեստի միջոցով, մարդկութիւնը ամենասկզբից արտայայտւել է: Արւեստը մշակոյթ է ստեղծում, որը քեզ տալիս է մի յենարան առանց, որի անհնար է ունենալ ինքնութիւն:

Ինքնութիւնը հէնց մշակոյթի միջոցով է կառուցւում եւ ամրացւում ու շարունակում կենսունակ լինել:

Հետեւաբար, արւեստը տարբեր հետեւանքներ է հետապնդում, արւեստի մարդիկ կան, որոնք պարզապէս ստեղծագործում են, որովհետեւ առանց ստեղծագործելու չեն կարող եւ դրա պահանջը ունեն: Այսինքը, նրանց այդքան էլ չի յուզում արւեստի մշակութային հետեւանքները, պարզապէս առանց ստեղծագործելու չեն կարող: Արւեստը, իհարկէ, նաեւ պրոպագանդայի միջոց է, եւ ոչ թէ բացասական տեսակիւնից, այլ արւեստի միջոցով մասսաներին հասանելի դարձնելու ուղղութեամբ, որը եւս առաջնային է:

– Նախկինում յաճախ Ձեզ կարելի էր տեսնել, Երեւանի Միրզոյեան բակում, նստած անկիւնում, սպիտակ թղթին գեղագրութիւն էիք գծագրում, տպաւորւած էի այն կերպարով՝ աշխատանքով, որը կատարում էիք, առաջ մտածում էի հայ չէք, յետոյ իմացայ, որ գեղագիր Ռուբէն Մալայեանն էք, հիմա էլ յաճախ այնտեղ էք լինում, ստեղծագործո՞ւմ:

– Գիտէք, հիմա էլ Միրզոյեանում յաճախ եմ լինում, նաեւ ստեղծագործում եմ հէնց իմ արւեստանոցում, որտեղ վերջերս հրդեհ բռնկւեց, այնտեղ իմ բազում թղթեր, գրքեր ոչնչացւեց, նրանցից մի քանիսի օրինակներն այլեւս չունեմ, փոշի դարձաւ, թէեւ կարծում եմ այն ինչ արժէքաւոր է այնուամենայնիւ, պահպանւեց: Այսինքը փտածը վառւեց, փտածը պէտք է վառւէր, այնտեղ նաեւ խորհուրդ կար՝ դրանից, որից փտել է պէտք է ազատւել: Յետոյ արդէն արւեստանոցը վերանորոգեցի, վերականգնեցի, նորը կառուցեցի: Դժւարանում եմ չգիտեմ, ինչ ասել, որ ուրիշները չգիտեն, բայց իմ առաջնային գործը դասաւանդելն է: Այս պահին ես փորձում եմ տառերի նկատմամբ սէրը, էստետիկան ուսանողներիս ներշնչել, փոխանցել, դարձնել նրանց ներշնչանքը եւս: Գեղագրութիւնը իմ ինքնաարտայայտման միջոցն է, բայց այնտեղ կրկին կարեւորում եմ բովանդակութիւնը: Տառի մշակոյթի մէջ ոչ պակաս կարեւոր է նաեւ իր ներքինի, էութեան արժեւորումը: Ես երբեք ոչինչ չեմ գրի, եթէ ուղղակի ցանկութիւն չլինի, գեղեցիկը ստանալ, գեղեցիկն է ինձ առաջ մղում, ուղղակի ինչ-որ մի բան կատարելը, ոնց որ իմ աշխատելաոճը չէ: Առաջին հերթին կարեւոր է գիտակցել, որ ասելիքն ինչ է յետոյ արդէն ֆորմատն է գալիս, կառուցւածքը, արտայայտումը, նիւթն է գալիս:

– Թւային աշխարհում, գեղագրութեամբ էք զբաղւում՝ բա՞րդ չէ: Մենք եւս թղթի հետ ենք կապակցւած, դժւարութիւններ կա՞ն, թէ՞ այնուամենայնիւ տարերքը, գործը առաջ է մղում:

– Վերջիվերջոյ թւային դարում ապրելուց, ամէն դէպքում, ցանկացած ինֆորմացիան հէնց դիսփլէյի վրայ ենք տեսնում: Լինի հեռախօս, համակարգիչ կամ այլ տեխնիկա, ինտերֆէյսը, ինֆորմացիայի հետ շփւելու միջոցը ինձ համար մնում է անալոգը թուղթը, թւային տարբերակով գեղագրութիւն չեմ ստեղծում զուտ այն տեսանկիւնից, որ ես թուղթն եմ սիրում, նիւթն եմ սիրում, որն հոսում է մակերեսին: Նիւթի հետ աշխատանքն է ստեղծում այն էմոցինալ դաշտը, որը հարկաւոր է ինձ, գեղագրութեան դէպքում: Թւայնացման ճանապարհը արդէն յաջորդ փուլն է, իհարկէ թղթի վրայ ստեղծածի բնօրինակը միշտ շատ աւելի ազդեցիկ է, քան թւային տարբերակը, բայց ամէն դէպքում, տարածելու անհրաժեշտութիւն կայ, այդ վիզուալ էստետիկան, որը ստեղծում ես հարկաւոր է տարածես, հասանելի դարձնես, հետեւաբար, լուսանկարները ձայնագրելով, վիդէօ տարբերակով, փորձում եմ հաղորդակից դարձնել, թէ ինչպէս է գրելու պրոցեսը ընթանում, որը եւս շատ լաւ տարածելու առարկայ է: Մարդիկ նախընտրում են բացայայտել պրոցեսը, ոչ թէ վերջնական արդիւնքը, այլ, իհարկէ պրոցեսը, եւ վերջում ստանալ թւային տարբերակ, որը կարելի է տպագրել տարբեր չափերի, մակերեսների: Ես լիովին հասկանում եմ, որ առանց թւային տարբերակի իմ ստեղծածը տեղ չի հասնելու, լաւագոյն դէպքում, արածը տեսնելու է քիչ քանակի մարդ, բայց այն գիտակցելով օգտագործում եմ բոլոր հնարաւորութիւնները, ամէնը որոնք կան, սակայն գեղագրութիւնը միշտ էլ թղթի վրայ է եղել, ինձ համար:

– Ձեզ անւանում էին «յեղափոխութեան» նկարիչ հիմա կարծես այլեւս չէք սատարում 2018 թւականը, թէեւ, այդ պրոցեսին շատերը յոյսեր ունէին, աջակցում էին յեղափոխութեանը, պատրաստ էին մաս լինել, ինչպէս եւ՝ ես: Բայց հէնց այդ իրադարձութիւնից յետոյ իրարայաջորդ պարտութիւններ սկսեցին ու ցաւօք տապալւեց, յետոյ անխափան դժւարութիւններ…: Պատմութիւնը, զգուշացրել էր, որ Արցախը կորցնենք կը շրջենք հայոց պատմութեան վերջին էջը, հիմա որտե՞ղ ենք: Եկէք այս զրոյցը տանենք ոչ թէ մեր՝ բոլորի միջեւ եղած առարկայական ու վերացական, կիլոմետրերով եղած, տարածութեան պատճառները ընդգծելու ուղղութեամբ, այլ, որ մի փոքր մօտենանք: Բայց, ասէք, ինչպէ՞ս, հնարաւոր է ուժ գտնել, ինչպէ՞ս կողմնորոշւել այն եւս խնդիր է:

– Կարծես թէ ճիշտ է, բայց շատ բարդ հարց է: Կարծում եմ, հնարաւոր է սխեման փոխել, այսօր ինստիտուցիոնալ մակարդակի վրայ տապալւած է ամէն ինչ, բոլորս մոլորւած ենք եւ դեռ շարունակում ենք մնալ շոկի մէջ: Հաստատապէս այս իրավիճակը երբեւէ եղած ամենավատ մարտահրաւէրն է, որը հնարաւոր է միայն զուգահեռ անցկացնել 1915 թւականի հետ, որովհետեւ դրանից յետոյ մենք նման իրավիճակում չենք եղել: Այն, որ իրօք հեռու ենք միմեանցից այդ իրական է, հիմա մենք մառախուղի մէջ ենք: Առաջը չի երեւում, պէտք է միասին լինել, ապաւինել միմեանց, այսինքը, անհրաժեշտ է օգնել, որ մերձաւորդ նաեւ կողմնորոշւի, գտնենք ճանապարհը:

Երբեւէ, մառախուղին մոտոցիկլետին եղե՞լ էք, կամ աւտոմեքենա՞յին, գիտէք չէ, ինչքան բարդ է կողմնորոշւելը, բայց այդ ժամանակ ապաւինում ես առջեւումդ եղածին, շօշափելով հարկաւոր է հասկանալ ո՞ւր ենք գնում, լոյսով ցոյց ես տալիս, որ կաս յետոյ արդէն ուրիշներին ես օգնում, որ միասին այդ ճգնաժամից դուրս գալու ելքերը գտնենք:

Իմ տեսանկիւնից կրկին վերադառնում է ստեղծագործման, մշակութային դաշտին եւս, որովհետեւ մենք յայտնւել ենք ի սկզբանէ այդ իրավիճակի մէջ, հէնց այդ պակասի պատճառով, մշակոյթը իր գործը չի կատարել, ազգին կտրել են իր մշակութային ժառանգութիւնից, անկախութիւնից յետոյ, այն ամէնը ինչ տեղի է ունեցել Հայաստանում եղել է մեթոդիկ աշխատանք. այն է՝ զրկել հայ ժողովրդին իր մշակոյթից եւ փոխարինել իր իսկական մշակոյթը, արժէքային մշակոյթը սեւդօ (կեղծ, սուտ, սխալ) մշակոյթով, որը շատ աւելի նմանում է կրկէսի քան արժէքաւոր բովանդակութիւն կրող մշակոյթի:

Հայ ազգը այդ պայմաններում ապրել է, Արցախի դէպքում այդ մշակոյթը, որը ստեղծւել է Արցախի սահմանների մէջ չի գնահատւել, ժողովուրդը չի արժեւորել, հետեւաբար հէնց այդ մշակոյթի կորուստը հիմա ժողովուրդը չի գիտակցում, չի մտածում, որ այս պահին ի՞նչ է լինելու Արցախի մշակոյթի հետ, հազարամեակներով ստեղծւած մշակոյթի հետ:

Հետեւաբար, միակ ճանապարհը այդ ճգնաժամից դուրս գալու այն է՝ փորձել մաքրել աղբը, որը կուտակւել է անսահման, մարդկանց ուղեղներում, որովհետեւ այդ պրոցեսը շարունակում է իր գործը կատարել, մարդկանց ուղեղները շարունակում են լւալ անորակով, այն ամենով ինչ հանրային տարածքում է, եւ այն չի դիմանում որեւէ քննադատութեան, չկայ մշակութային քաղաքականութիւն:

– Մարդկանց ուղեղները շարունակում են լւանալ, կեղծ օրակարգեր առաջ բերելով, սահմանները լղոզեցնելով, վերջերս կրկին նոյն իշխանութեան ներկայացուցչի վերարտադրութիւնը Երեւանի քաղաքապետարանում:

– Քաղաքապետարանում նոյն իշխանութեան վերարտադրութիւնը փաստեց, որ ցաւօք խոշոր մեծամասնութիւնը, դեռ չի գիտակցում, թէ ինչ հետեւանքներ են դեռ լինելու: 2018 թւականի յեղափոխութիւնը մեզ ոչ մի բան չբերեց, սրանք մնալով իշխանութեան, կրկին վերադառնում են հին աշխատելաոճին, եւ այն ամենին ինչ եղել է մինչեւ 2018 թւականը, այն վերադարձել է քաղաքապետարան, այն իհարկէ, վերադարձած է Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւն:

Այն թափանցիկութիւնը, որը անհրաժեշտ է մեզ, որպէս քաղաքացի իմանալ, հասկանալ, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, այդ ամէնը ուղղակի կատարւում է ոչ թափանցիկ կերպով, մենք չգիտենք մեր հարկերը որտեղ է ծախսւում, մեր քաղաքացին ինֆորմացիա չի ստանում, պահանջելու պարագային էլ չկան պատասխաններ, եւ մենք շատ սահուն կերպով վերադառնում ենք միջնադար: Այսինքը, նորից՝ ընկեր, բարեկամ, ծանօթ, սա շատ պրոբլեմատիկ եւ տխուր զարգացում է, չնայած ուրիշ բանի չէի էլ սպասում, իրենք հասան նորից յաղթանակի, որը ինձ համար շատ ցաւալի է:

– Պարոն Մալայեան, իրադարձութիւնները չափազանց արագ փլուզւում են, արցախցին չէր պատկերացնի միայն մի քանի օրւայ ընթացքում ստիպւած կը լինէր թողնել իր տունը, կեանքը, ապրածն ու արարածը, նա իր ամբողջ կեանքն էր պայքարել յանուն իր հայրենիքի: Այս քաոսի մէջ ստեղծողն ու ստեղծագործողը եւս լուրջ ճգնաժամի առաջ են կանգնած, գուցէ անեն մի բան, որը ժամեր յետոյ, այլեւս ո՞ւմ է պէտք: Հիմա նոյն շրջանն է՝ «պատերազմական» դեռ մղում կա՞յ ստեղծագործելու, Արցախցին, որը կորցրել է ամէն ինչ, ինչպէս չկորցնի իր այդ ձգտումը:

– Ես Արցախից արտագաղթած արւեստագէտներին պարզապէս չգիտեմ ինչ է հնարաւոր խորհուրդ տալ, որովհետեւ մարդիկ յայտնւել են ուղղակի փողոցում, ձմռան եզրին ենք կանգնած, արցախցիները, որտե՞ղ են ապրելու: Ստեղծագործող մարդուն նաեւ տարածութիւն է հարկաւոր, որպէսզի կարողանայ ստեղծի մշակոյթ, մարդիկ տներ են կորցրել նաեւ ամենակարեւորը այդ վստահութեան զգացումը, այսօր չգիտենք, թէ մեզ ինչ է սպասւում այնպէս, որ հիմա շատ դժւար իրավիճակ է: Բայց ես հաւատում եմ, որ ստեղծագործող մարդը կը գտնի ճանապարհ շարունակելու ստեղծագործել, եթէ իհարկէ իր համար ստեղծագործելը առաջնային է: Գուցէ կը գտնէք այդքան կամքի ուժ, որ հնարաւոր կը լինի յաղթահարել այս ծանր իրավիճակը, բայց իշխանութեան վրայ, ոչ մի յոյսեր չեմ դնում, եւ ունեմ զրօ տոկոս վստահութիւն իշխանութեան նկատմամբ:

– Այս օրերին ո՞ր արժէքով, ո՞ր ճշտով է անհրաժեշտ կողմնորոշւել, բոլորիս համար էլ կան արժէքներ, որոնք ունեն առաջնային նշանակութիւն, այսինքը՝ մէկը միւսին չի զիջում ժողովրդավարութիւն, խօսքի ազատութիւն, հայրենիք, բայց հիմա հայրենիք ենք կորցնում, ո՞ր ճիշտը վերցնենք ու մի բան կատարենք դրանով:

– Ֆրանսիան իր յեղափոխութիւնից յետոյ ընտրել էր գաղափարախօսական երեք բառ Liberté, égalité, fraternité, Ֆրանսիան ասաց՝ ազատութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն: Երեք բառով ֆրանսիացիները, իրենց համար որոշեցին կարեւորը, ապա իրենց ամբողջ կենտրոնացումը ուղղեցին այն ձեւաւորելու ուղղութեամբ: Մենք անհրաժեշտ է հասկանայինք, ինչ ենք ցանկանում, որպէս ազգ եւ պետութիւն: Պարզ կոնցեպտ, դիսկուրս խօսակցութիւնը մարդկանց մէջ, պէտք է ընկալենք, որ յանուն ինչի ենք ապրում, ինչի համար է այս ամէնը, որովհետեւ, եթէ նայենք հայ ազգին հայոց պետականութեան ճանապարհին, կը հասկանանք, որ մենք այդքան ժամանակ չենք ունեցել, որպէսզի կարողանանք ամրապնդել եւ յստակ ձեւարկերպել մեր աշխարահայեացքը դէպի ներս եւ դէպի դուրս: Առաջին հերթին, իհարկէ դէպի ներս: Ես այդ հարցի համար փորձել եմ պատասխան գտնել եւ կարողացել եմ պարզ ձեւակերպել, ասացի, որ ցանկանում եմ ապրել ազատ իմ հողի, հայրենիքի վրայ: Այսինքը՝ հայրենիքը, իմ մշակոյթը ու հողը եւ ազատութիւնը, որ նշանակում է ազատ մարդ եմ եւ ապրում եմ ազատ երկրում որտեղ բռնապետութիւն չէ, եւ ինձ չեն թելադրում, ոնց ապրել այստեղ: Իհարկէ, փակագծերը բացելով շատ հասկանալու բան ունենք, թէ ազատութիւնից ինչ ենք ենթադրում, ինչից ազատ լինելը, կամ ազատութիւնը իրենից ինչ է ներկայացնում, բայց ինքը, որպէս սկզբունք ինձ համար, կենտրոնական գաղափարը հէնց սա է: Իրականում ինձ թւում է կարեւորագոյն է հայ մշակոյթի կրիչ լինելը է, լեզուդ անհրաժեշտ է պահպանես եւ դու պէտք է շարունակես քո մշակութային կոդերը պահպանել, իհարկէ Սփիւռքի պարագայում կատարւում է Հայաստանի հողից դուրս եւ այն հարկաւոր է շարունակել եւ պէտք է տեղի ունենայ շարունակութիւնը, մասնաւորապէս Իրանում տեղի ունեցողը՝ Ձեր աշխատանքը, շատ ողջունելի է, այն ինչը, որ դուք կարողացել էք պահպանել, բայց հիմա մենք ոչ միայն պահպանման խնդիր ունենք, այլ պահպանելը, այլեւս իր բովանդակութիւնն է վերափոխել, որովհետեւ այս ժամանակներում միայն առաջանալով է հնարաւոր պահել, այլ ելքով հնարաւոր չէ:

Թէեւ, շատ կը ցանկանայի, որ վերադառնայիք, հայերը վերադառնան Հայաստան: Վերադառնալ, որովհետեւ հաւատում եմ, որովհետեւ մենք բոլորս ենք այստեղից վաղ թէ ուշ գնացել, հայ ազգը ունի միայն մէկ պետութիւն, որը ունի իր սահմանները եւ որտեղ հայկական մշակոյթի բնօրրանն է:

– Այս տարածութեան վերացման համար մեզ անհրաժեշտ է աշխատել, կռւել, բայց ինչի պատրաստւելով՝ վրէ՞ժի, հատուցումը ինչպէս ենք ցանկանում ստանալ, վերջիվերջոյ այդ բուռն ցանկութիւնը, ցաւը, որ մեր մէջ կուտակւել է այդ բարկութեան համար եւս մեր թշնամիները պէտք է պատասխան տան, մեզ հետ արածի համար, չէ՞, թէ՞ կրկին թողնելու ենք ֆատալիզմի (ֆատալիզմ-ճակատագրի նախասահմանւած եւ անխուսափելի բախտի հաւատ, ճակատագրապաշտութիւն) յոյսին:

– Անհրաժեշտ է հրաժարւել ֆատալիզմից, նկատի առնել, որ այս պատմութիւնը զարգացող պատմութիւն է եւ խնդիրները դեռ լուծւած չեն, մենք հիմա առաւել վտանգաւոր իրավիճակում ենք Հայաստանի Հանրապետութիւնն է վտանգւած, Արցախի կորուստը, որը աննխադէպ է Հայաստանի պատմութեան համար, երբեւէ նման իրավիճակ չի եղել, միշտ Արցախում ապրել են հայեր, եւ առաջին անգամ մարդկութեան պատմութեան մէջ հայերէն լեզուն Արցախում այլեւս չի հնչում:

Բայց իմ վախն այն է, որ սա միայն սկիզբն է եւ հիմա նաեւ վտանգւած է ՀՀ-ն ցաւօք ունենալով նման իշխանութիւն, որ գնալով միայն պարտութիւններ է բերում բոլորս այդ գիտակցութեան հետ ենք ապրում, որ նաեւ մեր ապագան է վտանգւած Հայաստանի Հանրապետութեան ապագան է վտանգւած: Այժմ խօսել Արցախի վերադարձի մասին, որը հաւատում եմ վաղ, թէ ուշ լինելու է, քանի որ արդարութիւնը պէտք է վերականգնւի եւ Արցախը միշտ եղել է հայկական եւ կը լինի հայկական, բայց հիմա մենք դրան ոչ մի կերպ պատրաստ չենք, մենք անհրաժեշտ է հաւաքենք մեր բոլոր ներուժը, որպէսզի կարողանանք պահել պետականութիւնը, ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հայ ազգը կրկին կը հաւատայ սեփական ուժերին, նորից կը սկսի հեռատես մտածել, եւ հորիզոնը տեսնել, անհրաժեշտ է այդ հոգեւոր ճգնաժամից դուրս գալ, ամրանալ, ամրապնդւել, պատրաստւել յաջորդ փուլին պատերազմի, որը անկասկած լինելու է: Միայն յաղթանակի դէպքում հնարաւոր կը լինի խօսել ապագայի մասին:

Այդ պարտութիւնները հայ ազգի թեւերը կտրել են, մենք անհրաժեշտ է կարողանանք կրկին ուժերը կոնսոլիդացնել եւ հաւատանք, որ կարող ենք, այդ դէպքում հնարաւոր կը լինի խօսել ապագայի մասին:

Այո, մարդկանց հիմա, շատերի մօտ, վրէժի ցանկութիւն կայ, բայց այդ վրէժը հիմա հնարաւոր չէ, այն ոչ մի բան չի բերի, մենք ունենք նաեւ ներքին թշնամի, որը ամէն ինչ անում է, որպէսզի թուլացնի մեր ներքին ճիգերը, կատարում է ամէն ինչ որպէսզի հայ ազգը շարունակի պարտւել: Այնուամենայնիւ, խնդիրը այստեղ բազմակողմանի է: Պէտք է հնարաւոր դարձնել նարատիւը փոխել, հնարաւոր դարձնել մարդկանց տալ հնարաւորութիւն հաւատալ իր ուժերին եւ այն հնարաւոր է կատարել, երբ մենք նորից ասպարէզ բերենք այն ամէն ինչը, որը հայկական է եւ մաքուր է, ազնիւ է, արդար է, այն բոլոր արժէքները, որոնք հայ ազգի համար միշտ եղել են յենասիւն, հիմնաքար: Կարծում եմ արւեստի դերը այդ պրոցեսում կարեւոր է, արւեստագէտները առաջին հերթին լինելով քաղաքացիներ, անհրաժեշտ է մտածեն իրենց արւեստով ինչ է հնարաւոր կատարել, որպէսզի հայ ազգը ճգնաժամից դուրս գայ, հնարաւորին չափ արագ, որովհետեւ մենք ժամանակ չունենք, մենք եթէ հիմա մտածում ենք, որ եթէ ինքնահոսքի վրայ մնանք ու սպասենք թէ մեզ հետ ինչ է լինելու այն միայն եւ միայն բերելու է յաջորդ պարտութեանը, գիտակցելով, որ ժամանակ չկայ կարեւոր է համախմբել ուժերը:

– Պարոն Մալայեան, համալսարանում դիցաբանութիւն էք դասաւանդում, դիցաբանութիւնը հայ ժողովրդի օգնութեան կարող է հասնե՞լ Աստւածները եւ կիսաաստւածները, մարմնաւորելով բնութեան տարրերը, հասարակական-բարոյական նշանակութիւն ունեն, խորհրդանշել են չարի կործանումը, բարին, գեղեցիկը, հերոսականի յաղթանակը, նրանք անելիք ունե՞ն այսօր:

– Դիցաբանութիւնը, իհարկէ, կարեւոր է, հայկական դիցաբանութեան եւ կերպարւեստի նիւթը շատ քիչ են, կցկտուր տեղեկութիւններ է պահպանւել: Ցաւալի է, բայց համարեա չկայ ցոյց տալու բան, իհարկէ մենք ունենք հայկական լեգենդներ, բայց արւեստը չի ստեղծել անհրաժեշտը, որպէսզի դու կարողանաս լեգենդները, վիզուալ կերպով հասցնես ժողովրդին եւ այն լուրջ խնդիր է, որովհետեւ, երբ համեմատում ես Յունաստանի հետ, Պարսկաստանի կամ ցանկացած ուրիշ մշակոյթի, որը իր լեգենդների վրայ ստեղծել է անսահման քանակի արւեստ եւ տւել է մշակութային ժառանգութիւն, ապա ընկալում ես, որ այն լուրջ խնդիր է:

Ուսանողների համար հիմա, դժւար է ընկալել ցանկացած գաղափար, որը իրականութիւնից կտրւած է: Այն, որ մենք խօսում ենք միթոսների մասին, կրկին խօսում ենք վերացականի, գաղափարների մասին, որը աբստրակտ է, մարդիկ այն այլեւս չեն ընկալում, որպէս բովանդակութիւն կրող խորհուրդ: Իրենք ընկալում են այն որպէս հերթական հեքիաթ, որը չունի իրական հիմք իսկ հայերը նորից յայտնւում են իրավիճակի մէջ, որ հասկանում են իրենց հեքիաթներ են պատմել, որ իրականութեան հետ կապ չեն ունեցել, եւ իրենց խաբւած են զգում, եւ ամէն անգամ նորից երբ ինչ-որ մի լեգենդի մասին ես խօսում իրենց մօտ ժխտման պրոցես է գնում, իրենք չեն ցանկանում լսել դրա մասին, այն լրջագոյն խնդիր է, այսինքը ժխտման պրոցես է գնում նաեւ այդ լեգենդների եւ միթոսների համար, որտեղ ժխտում են նաեւ մշակոյթը, չկայ ցանկութիւն լսել, չկայ ցանկութիւն հասկանալ, չկայ ցանկութիւն կատարել հետեւութիւններ:

Այսինքն հարկաւոր է հասկանալ, այդ լեգենդի խորհուրդը ինչի մէջ է, ինչպէս է ինքը փորձում պատմել քո մասին, որովհետեւ միթոսների, դիցաբանութեան իմաստը հէնց դա է, որպէսզի ինքներս մեզ հասկանանք եւ մեզ ճանաչենք:

Հայկական լսարանը այն չի ընկալում մենք չենք կարողանում գտնել ճիշտ ճանապարհներ, որ հասանելի դարձնենք այն ընկալելի կերպով:

– Հիմա հայ ազգին օգնութիւն է հարկաւոր, որպէսզի այդ դեպրեսիան յաղթահարի, որ կրկին վերադառնայ ինքն իրեն, իր բնազդներին, գուցէ այստեղ բոլորս ունենք անելիք, այդ բուժման պրոցեսում մեզ միմեանցից բաժանող այդ տարբերութիւնը, տարածութիւնը եւս հարկաւոր է վերացնել:

– Սփիւռքը ամէն պարագային չպէտք է կապը կորցնի հայրենիքի հետ, Հայաստանի հետ, որովհետեւ այդ կապը մեր ժողովրդի եւ հայրենիքի կենսունակութեան կարեւոր բաղադրիչներից մէկն է, հարկաւոր է վերացնել մեր միջեւ եղած տարածութիւնը:

Հայ ազգը հիմա կլինիկական դեպրեսիայի մէջ է: Այդ դեպրեսիան յաղթահարելու համար, լսելու, հասկանալու կարողութիւնը վերականգնել է հարկաւոր, հոգեբանների մի ամբողջ բանակ է անհրաժեշտ, որպէսզի կարողանայ հայ ազգին այդ հոգեվիճակից հանի, բայց այդ աշխատանքը չի կատարւում, բացարձակ ոչ մէկի կողմից, մնացել է անհատի վրայ: Եթէ դու զգում ես, որ բեռը այնքան ծանր է, որ ինքդ չես կարող այլեւս կրել, քեզ անհրաժեշտ է գտնել օգնութիւն դրսից, որպէսզի ինչ որ մէկը կարողանայ քեզ հոգեբանական օգնութիւն հասցնի, որ դու կարողանաս հասկանալ ելքը որտեղ է, ինչ է անհրաժեշտ կատարել, հիմա մեզ անհրաժեշտ է ազգի մակարդակի կատարել այն, որը շատ բարդ է իրականացնել, որովհետեւ մենք այդպիսի ինստիտուտներ չունենք, նաեւ այդ ճիշտ միջավայրը որտեղ անհատը գնահատում է նաեւ այդ հոգեբանական օգնութիւնը որտեղ հնարաւոր կը լինի իրեն ճանապարհ ցոյց տալ, այդ մառախուղի մէջ դա եւս չկայ: Հայ ազգը հիմա մոլորւած իրավիճակում է, պատրաստ չէ ոչինչ լսել եւ հասկանալ:

Շնորհակալութիւն, պարոն Մալայեան:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button