Աննա Գրիգորեան. «Փաշինեանը հող պահո՞ղ է, դէ թող պահէր. Արցախը յանձնելուց յետոյ Հայաստանն էլ չի կարողանում պահել»
Հոկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինեանն այցելել էր Սիւնիքի մարզ. նա Կապանում մասնակցել է Ոստիկանութեան Պարեկային ծառայութեան Սիւնիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նւիրւած միջոցառմանը, ապա շրջել Կապանի թիւ 10 մանկապարտէզում, հիացել նոր հիմնանորոգւած մանկապարտէզով, ստուգել մանկապարտէզի սանհանգոյցի ծորակների աշխատանքը եւ պատերի գոյնը։
«168 TV»-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը, որ պատգամաւոր է ընտրւել հէնց Սիւնիքի մարզից, մանկապարտէզ այցելած Նիկոլ Փաշինեանին կոչ արեց գնալ Կապան համայնքում գտնւող Ներքին Հանդ գիւղ եւ տեսնել ադրբեջանական զօրքի կողմից երեք ուղղութեամբ շրջափակւած այդ գիւղն ու Սիւնիքի մարզի իրական վիճակը։
«Օրինակ՝ այն ճանապարհը, որով Փաշինեանն անցել է, գտնւում է Կապանի օդանաւակայանի կողքին, որը գտնւում է ադրբեջանցիների դիրքերից մի քանի մետր հեռաւորութեան վրայ, ուստի ծիծաղել կարելի է, անվտանգային նման խնդիրների առկայութեան դէպքում՝ այն ամէնը, ինչը ցուցադրում են… Խնդրայարոյց է, որ այս իրականութիւնն է նա փորձում հրամցնել ժողովրդին, ցոյց տալ, թէ իբր մեր երկրում ամէն ինչ նորմալ է»,- ասաց Գրիգորեանը։
Պատգամաւորը մանկապարտէզի ծորակների որակն ու վարագոյրի գոյնը ստուգող Փաշինեանին յիշեցրեց՝ Սիւնիքի քթի տակ ադրբեջանա-թուրքական տանդեմը օրերս աւարտեց հերթական զօրավարժութիւնները՝ F-16 կործանիչների ներգրաւմամբ, իսկ նման սպառնալիքների դէպքում հասարակութեան ուշադրութիւնը մանկապարտէզի ծորակով կամ նորոգւած պատով շեղելն ուղղակի դիւերսիա է սեփական ժողովրդի նկատմամբ։
«Սա յատուկ դիւերսիա է մեր ժողովրդի նկատմամբ, որպէսզի մարդիկ ամբողջութեամբ չընկալեն այն անվտանգային խնդիրները՝ ռիսկերը, որոնք կան»,- ասաց Գրիգորեանը՝ շեշտելով՝ երկրի իշխանութեան ղեկավարի թիւ մէկ խնդիրը պետութեան տարածքային ամբողջականութեան պահպանումն է, հակառակ պարագայում, մի սովորական ցեխի պետն էլ կարող էր մանկապարտէզ կամ դպրոց նորոգել։ Ինչ վերաբերում է փաշինեանական նոր հայեցակարգին, որով, ինչպէս յայտարարում է Փաշինեանը, պէտք է լուծենք մեր առջեւ ծառացած խնդիրները՝ հայրենիքը՝ պետութիւնն է կոնցեպտով, Աննա Գրիգորեանն այդ կոնցեպտը համեմատեց պատմական եւ իրական հայրենիքների միջեւ փաշինեանական ջրբաժանների հետ։
«Իրական, փաստացի գոյութիւն ունեցող Արցախը դարձրել է պատմական հայրենիք, հիմա եկել ասում է՝ եկեք չմտածենք պատմական հայրենիքի մասին։ Ինքը այդ հայրենիքը յանձնել է, հիմա եկել խօսում է, որ պէտք է մտածենք միայն այն ամենի մասին, ինչը կարող ենք պահել։ Փաշինեանն իրաւունք չունի հայրենիքի մասին խօսել։ Փաշինեանը հետեւողականօրէն մտածել է, որ Արցախը բեռ է եւ պէտք է ազատւել Արցախից, եւ դա արել է իր քայլերով»,- ասաց Գրիգորեանը։
«Դէ հող պահող էիր, պահէիր։ Փաստ է, որ չի՛ կարողանում. նա ոչ Արցախն է կարողացել պահել, ոչ Հայաստանն է կարողանում պահել»,- ասաց Գրիգորեանը՝ շարունակելով՝ Փաշինեանը ոստիկանութեանը, դատաւորներին, քննիչներին բարձր աշխատավարձեր է տալիս՝ իր համար հաճելի որոշումներ ու գործողութիւններ ստանալու համար, բայց Արցախը յանձնելուց յետոյ նա հանգիստ չի ապրելու։
«Փաշինեանը հանգիստ չի ապրում։ Իր իշխանութեանը սպառնացող վտանգներ է տեսնում. տեսէք, թէ ինչպիսի անվտանգային համակարգ է ստեղծել իր շուրջ։ Գիտէք՝ պէտք է լինել ԱԺ-ում, երբ նա գալիս է պատգամաւորների հետ հարցուպատասխանի. անվտանգութեան այնքան աշխատող կայ։ Այդ պատկերը Փաշինեանի վախերի արտացոլումն է։ Փաշինեանի վախերն օբիեկտիւ են. ինքը հօ լա՞ւ գիտի, թէ ինչ է արել, ինքն այդ ճակատագրից պրծում չունի, ինքն այդ ճակատագրով է ապրելու»,- ասաց Գրիգորեանը։