Վարուժան Գեղամեան. «Մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք այն ժամանակ, երբ նորից կը կարողանանք սահմանել համազգային նպատակներ»

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը գրում է.
«Այսօր քչերն են յիշում, որ 2020 եւ 2023 թւականներից առաջ մեր հանրութեան մէջ հետեւողականօրէն քարոզւում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թէզը։ Ցաւօք, դրան հաւատացողներ շատ կային, այդ թւում՝ հանրութեան մտածող հատւածում։
Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւնը, հայկական բանակը եւ մտածող հատւածի մի զգալի մասը այս կործանարար թէզը իրականութիւն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժէք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թէ ոնց է դա տեղի ունենում։
«Տալ, պրծնելուց» անցաւ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլեւ կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջեւ, որոնք նոյնիսկ երեք տարի առաջ դեռ անհաւանական էին թւում.
Սիւնիքի ու ՀՀ այլ մարզերի հանդէպ ադրբեջանական բացայայտ ագրեսիա, որի արդիւնքում արդէն իսկ գրաււած է աւելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,
ՀՀ շարունակւող շրջափակում,
ՀՀ ներսում ադրբեջանական նոր անկլաւների ստեղծում (Տաւուշի ու Արարատի մարզերում),
ՀՀ-ով անցնող թուրքական միջանցք (փաթեթաւորւած TRIPP անւամբ),
ՀՀ-ում ադրբեջանցիների համայնքներ ստեղծելու վտանգ, եւ այդպէս շարունակ։
Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլեւ քայքայւող պետականութեան, հասարակական համերաշխութեան սպառման ու ազգային արժէքների վախճանի։
Սրանք Արցախից հրաժարւելու գինն ու արդիւնք են։ Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կը կարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պէս։ Ինչքան էլ որ գրածս թւայ ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է»։
168.am


