Փաշինեանը չի խրախուսում սփիւռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիութիւն ստանալը

Հայաստանի ներքին գործերի նախարարութիւնն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու եւ տասնապատկել դադարեցնելու համար նախատեսւած պետական տուրքի չափը։ 2028 թւականի յունւարի 1-ից քաղաքացիութիւն ստանալու վճարը 138 դոլարից կը բարձրանայ մինչեւ 689 դոլար, իսկ քաղաքացիութիւնը դադարեցնելու վճարը՝ 413-ից մինչեւ 4132 դոլար։ Նախագիծը նաեւ սահմանում է բնակութեան աւելի խիստ պահանջներ։ Այս փոփոխութիւններն ուժի մէջ կը մտնեն Ազգային ժողովի կողմից հաստատւելու դէպքում։
Ըստ նախագծի՝ քաղաքացիութիւն հայցող անձանցից կը պահանջւի վերջին հինգ տարւայ ընթացքում Հայաստանում ունենալ օրինական բնակութեան կարգավիճակ եւ այդ ժամանակահատւածում փաստացի գտնւել երկրում առնւազն 915 օր։ Նրանցից կը պահանջւի նաեւ ցուցաբերել հայերէնի բաւարար իմացութիւն եւ Սահմանադրութեան վերաբերեալ գիտելիքներ։ Երդման արարողութիւնը նախատեսւում է անցկացնել Հայաստանում։
Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու հետ առնւազն երկու տարի օրինական ամուսնութեան մէջ գտնւող անձինք, ինչպէս նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայ կամ ծնող ունեցող դիմողները եւ փախստականները պարտաւոր են ունենալ օրինական բնակութեան երեք տարւայ ժամկէտ եւ առնւազն 549 օրւայ փաստացի ներկայութիւն Հայաստանում։
Էթնիկ հայերը քաղաքացիութիւն ստանալու իրաւունք կունենան այն դէպքում, եթէ նախորդ երկու տարւայ ընթացքում Հայաստանում հաստատեն օրինական բնակութիւն եւ փաստացի երկրում գտնւեն առնւազն 366։ Հայկական ծագումը կը հաստատւի Ներքին գործերի նախարարութեան յատուկ յանձնաժողովի կողմից՝ հիմնւելով ներկայացւած փաստաթղթերի, արխիւային տւեալների, ինչպէս նաեւ եկեղեցիների կամ համայնքային կազմակերպութիւնների տրամադրած վկայականների վրայ։
Հայաստանի քաղաքացիութիւնից նախկինում հրաժարւած անձանց թոյլ կը տրւի կրկին դիմել դրա համար միայն հինգ տարի անց՝ պայմանով, որ նախորդ երկու տարւայ ընթացքում նրանք առնւազն 366 օր բնակւած լինեն Հայաստանում։
Քաղաքացիութիւն ստանալու դիմումը կարող է մերժւել, եթէ անձի գործունէութիւնը վնաս է հասցնում (կամ առկայ է հիմնաւոր կասկած, որ այն կարող է վնաս հասցնել) պետական եւ հասարակական անվտանգութեանը, հասարակական կարգին, հանրային առողջութեանն ու բարոյականութեանը կամ այլոց իրաւունքներին ու ազատութիւններին։ Նոր նախագծի համաձայն՝ ազգային անվտանգութեան կամ հասարակական կարգի նկատառումներով դիմումը մերժելու մասին նախագահի որոշումը ենթակայ չի լինի վարչական կամ դատական վերանայման։
Քաղաքացիութիւն ստանալու ծախսատար եւ աւելի խիստ այս պահանջները հակասում են Հայաստանի կառավարութեան՝ երկրի բնակչութեան թւաքանակն աւելացնելու յայտարարած նպատակին։ Տրամաբանական կը լինէր ակնկալել, որ կառավարութիւնը քաղաքացիութիւն ստանալու գործընթացն աւելի կը հեշտացնի եւ կը դարձնի աւելի նւազ ծախսատար։
Իմ կարծիքով, այս փոփոխութիւնների հիմքում ընկած են երկու անհիմն պատճառներ։ Վճարների բարձրացումը կը յանգեցնի հետեւեալին.
1․ Աւելի շատ եկամուտ ապահովում երկրի բիւջէի համար։
Սա, սակայն, ամենեւին էլ անհրաժեշտ չէ։ Փոխարէնը կառավարութիւնը պէտք է դադարեցնի բիւջետային միջոցների անիմաստ վատնումը՝ ոստիկանութեան բոլոր աշխատակիցներին եւ պետական ծառայողներին տրւող խոշոր ու անհիմն պարգեւավճարների, ինչպէս նաեւ փառատօնների ու համերգների կազմակերպման վրայ։ Իշխանութիւնները պէտք է նաեւ դադարեցնեն պետական պարտքի աւելացումը՝ միջազգային ֆինանսական կառոյցներից միլիարդաւոր դոլարներ պարտքով վերցնելու միջոցով։ 1991-2018 թւականներին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ դոլար, իսկ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ՝ վերջին ութ տարում, այն կրկնապատկւել է՝ հասնելով 14 միլիարդ դոլարի։
2․ Սահմանափակել Հայաստան ներգաղթել ցանկացող օտարերկրացիների (ինչպէս ազգութեամբ հայերի, այնպէս էլ ոչ հայերի) թւաքանակը։
Կարելի էր կարծել, որ Հայաստանի կառավարութիւնը կորդեգրեր հակառակ քաղաքականութիւնը՝ քաջալերելով սփիւռքահայերին ներգաղթել հայրենիք՝ քաղաքացիութեան ձեռքբերման վճարը նւազեցնելու կամ այն լիովին անվճար դարձնելու միջոցով։
Վերջին հանգամանքը խիստ մտահոգիչ է, քանի որ Հայաստանի կառավարութիւնը ձգտում է սփիւռքահայերին հեռու պահել երկրից, քանի որ նրանցից շատերը համաձայն չեն Փաշինեանի հակահայկական քաղաքականութեանը։
Հաշւի առնելով, որ այսօր շատ մարդիկ մեծ շարժունակութիւն են ցուցաբերում՝ թէ՛ աշխատանքային, թէ՛ անձնական նպատակներով, տրամաբանական չէ պահանջել, որ նրանք քաղաքացիութիւն ստանալու համար դիմելուց առաջ մի քանի տարի բնակւեն Հայաստանում։ Դեռեւս 2026 թւականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին Հայաստանի կառավարութիւնը արդէն փորձել էր սահմանափակել արտերկրում բնակւող ՀՀ քաղաքացիների ընտրական իրաւունքները։ Ակնյայտ նպատակն էր թոյլ չտալ Հայաստան ժամանողներին մասնակցել ընտրութիւններին, քանի որ պաշտօնեաները կասկածում էին, թէ նրանք քւէարկելու են ընդդիմադիր կուսակցութիւնների օգտին։
Քաղաքացիութեան վերաբերեալ առաջարկւող նոր կանոնների ամենաանհեթեթ դրոյթը Հայաստանի քաղաքացիներից մօտ 4000 դոլար գանձելն է՝ քաղաքացիութիւնից հրաժարւելու դէպքում։ Ինչո՞ւ պէտք է որեւէ մէկը 4000 դոլար վճարի քաղաքացիութիւնը դադարեցնելու համար, եթէ այլեւս չի ցանկանում լինել ՀՀ քաղաքացի։ Թէեւ խիստ ցաւալի է, որ արտերկրում բնակւող Հայաստանի որոշ քաղաքացիներ ցանկանում են խզել կապը հայրենիքի հետ, նրանց համար բաւարար է պարզապէս չօգտագործել իրենց հայկական անձնագրերը՝ քաղաքացիութիւնից հրաժարւելու համար 4000 դոլար վճարելու փոխարէն։
Միակ բացառութիւնը կը լինի այն դէպքը, երբ տւեալ օտարերկրեայ պետութիւնը, որտեղ նրանք բնակւում են, պահանջի պաշտօնապէս հրաժարւել երկրորդ քաղաքացիութիւնից: Այդ դէպքում այդ երկքաղաքացիներին այլ բան չի մնում, քան վճարել 4 հազարական դոլար եւ պաշտօնապէս դադարեցնել ՀՀ քաղաքացիութիւնը՝ ԱՄՆ-ի կամ բնակութեան որեւէ այլ երկրի հետ իրաւական խնդիրներից խուսափելու համար:
ՀՀ կառավարութեանը ներկայացւող իմ առաջարկն է՝ հրաժարւել քաղաքացիութեան առաջարկւող վերանայւած կանոններից եւ վերացնել վճարը՝ բնակութեան պահանջի հետ միասին: Դրա փոխարէն ՀՀ կառավարութիւնը, իր դեսպանութիւնների եւ հիւպատոսութիւնների միջոցով, պէտք է համաշխարհային արշաւ նախաձեռնի՝ խրախուսելու սփիւռքահայերին դառնալ երկքաղաքացի, ինչը որոշ դէպքերում կարող է յանգեցնել նրանց մշտական ներգաղթին Հայաստան: Հայկական անձնագիր ունենալն սփիւռքահայերի համար խոր յուզական կապ է ստեղծում հայրենիքի հետ՝ խրախուսելով նրանց աւելի յաճախ այցելել Հայաստան, հնարաւոր է՝ ներդրումներ կատարել երկրում եւ, ի վերջոյ, մտածել այնտեղ տեղափոխւելու մասին: Սա շատ աւելի խելամիտ տարբերակ կը լինի, քան քաղաքացիութեան համար աւելի բարձր վճարներ գանձելն ու բնակութեան պահանջ սահմանելը:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



