Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Փոփոխութեան ժամանակը հիմա է. Փաշինեանի քաղաքականութիւնը սպառնալիք է»

«ԱԼԻՔ» – Փոփոխութեան ժամանակը հիմա է. Փաշինեանի քաղաքականութիւնը սպառնալիք է պետականութեանը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը:

«Հայաստանի ինքնիշխանութեանն ու ազգային անվտանգութեանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլեւ սեփական ղեկավարութեան ձախողումները։ Ադրբեջանի նկրտումները վաղուց յստակ են՝ ռազմական ուժի եւ դիւանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նւաճումները։ Այս մարտահրաւէրները գոյութենական սպառնալիքի են վերածւել ոչ միայն Բաքւի ագրեսիայի, այլեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի անձեռնհասութեան պատճառով։ Նրա սխալ հաշւարկները, անվճռականութիւնը եւ տապալւած քաղաքականութիւնը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողութիւնը՝ կառավարելի հակամարտութիւնը վերածելով ազգային աղէտի։ Փաստացի, հէնց Փաշինեանն է դարձել Հայաստանի անվտանգութեան ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարաւոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան։ Այս մասին հաղորդում է Yerevan.today-ը:

Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողութիւնը թուլացել է Փաշինեանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտօնավարումը նշանաւորւել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստւածութիւնը, դիւանագիտական ազդեցութիւնը եւ ներքին միասնականութիւնը։ 2020-ի պարտութեան, յետոյ՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանութեան եւ Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիւանագիտական, ռազմավարական եւ ռազմաքաղաքական հմտութիւններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսւել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր յեղափոխական հռետորաբանութիւնը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականութեան յստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդէպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլութեան եւ պարտւողականութեան։

Տարածաշրջանային իրատեսական քաղաքականութիւն եւ պաշտպանական ամուր ռազմավարութիւն մշակելու փոխարէն՝ Փաշինեանը տղայական ազգայնականութիւնից գնաց մինչեւ անընդունելի զիջողականութեան, որոնցից ոչ մէկը չէր բխում դիւանագիտական եւ անվտանգութեան իրատեսական շրջանակից։ Նրա կառավարութիւնն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզօրացումը եւ սխալ կառավարեց յարաբերութիւնները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով աւանդական գործընկերներից եւ առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։ Նրա ամենաաղէտալի սխալներից մէկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանութիւնը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկւեց պատերազմի փորձութեանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսւեց դիւանագիտական հետեւանքներին, անվճռական էր եւ յաճախ անտեղեակ։ Իսկ երբ ի յայտ եկան ուղղութիւն փոխելու հնարաւորութիւններ, նա կրկնապատկեց այն քաղաքականութիւնը, որը հետագայում էլ աւելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։

Այժմ, երբ Փաշինեանի անձնական անվտանգութիւնն աւելի ու աւելի է կապւում իշխանութիւնը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերեւս աւելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դէպի Արեւմուտք իրականացւեց անզգոյշ՝ օտարացնելով Ռուսաստանին եւ փոխարէնը արեւմտեան շօշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասաւորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթէ ռազմավարական մօտեցում ցուցաբերւէր։ Բայց Փաշինեանի կառավարութիւնը ապաւինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցութեան հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգութեան կոնկրետ շրջանակ։ ԵՄ անդամակցութեան մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարեւոր զարգացումների հետ, այդ թւում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի միւխնէնեան ելոյթի եւ ռուս-ամերիկեան բանակցութիւնների մեկնարկի, ինչը նշանաւորում է աշխարհաքաղաքական նոր վերադասաւորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետեւանքներով։

Ակնյայտ սխալ այս հաշւարկը կրկին վկայում է գլոբալ դինամիկայից Փաշինեանի անտեղեակութեան մասին։ Հայաստանի դիրքաւորումն առաւելագոյնս ամրապանդելու փոխարէն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի աւելի լայն փոխազդեցութիւնը։

Իր բոլոր թերութիւններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականօրէն եղել է Հայաստանի անվտանգութեան հիմնական երաշխաւորը։ Թէեւ Մոսկւայի ձախողումների վերաբերեալ դժգոհութիւնները հիմնաւոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմութիւն է։ Դիւանագիտութիւնը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախեւառաջ ազգային առաւելագոյն անվտանգութիւն ապահովելու մասին է։ Փաշինեանի օրօք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկւայից, չստանալով Արեւմուտքի աջակցութիւնը եւ խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդէպ։

Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանի պահանջները շարունակում են աւելանալ։ Իլհամ Ալիեւի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարութեան նւաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ադրբեջանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում եւ տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Սրանք պարզապէս ագրեսիւ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրաւէր Հայաստանի ապագայի համար։ Սակայն Փաշինեանի արձագանգը եղել է պասիւ։ Նա չի կարողացել անել այնպէս, որ Ադրբեջանն այդ գործողութիւնների համար պատասխան ու գին տայ։ Նրա կառավարութիւնը մէկը միւսի յետեւից կուլ է տւել դիւանագիտական եւ ռազմական յետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողութիւնները եւ երկիրը դարձնելով աւելի խոցելի։

Ադրբեջանն իհարկէ ագրեսոր է, բայց հէնց Փաշինեանի ձախողումներն են Ալիեւի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարութիւն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հաւասարակշռութիւնը, որը կարող է մշակել անվտանգութեան իրատեսական քաղաքականութիւն եւ որը կարող է դիւանագիտութեամբ զբաղւել կարողութեան, այլ ոչ թէ յուսահատութեան դիրքերից։ Փաշինեանը բազմիցս ցոյց է տւել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնայ իշխանութեան, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանութիւնը կը քայքայւի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչեւ որ ոչինչ չմնայ պետութեան անկախութիւնից։

Փոփոխութեան ժամանակը հիմա է։ Հայաստանը պէտք է վերագտնի իր սեփական դերակատարութիւնը, վերասահմանի իր անվտանգութեան առաջնահերթութիւնները եւ վերակառուցի իր դիւանագիտական վստահելիութիւնը»,-գրել է նա:

Related Articles

Back to top button