Վարուժան Գեղամեան. «Ալիեւն Արցախում հակահայ ելոյթներ է ունեում, վարչապետը «յանկարծ» յայտարարում է Սահմանադրութիւնը փոխելու մասին»

«ԱԼԻՔ» – Ալիեւն (փետրւարի 19-ին- ԽՄԲ.) Արցախում ողջ օրը հակահայ ելոյթներ է ունեցել, զուգահեռ ՀՀ վարչապետը «յանկարծ» յայտարարում է Սահմանադրութիւնը փոխելու մասին, ինչը գրեթէ ամէն օր պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը.
«Սահմանադրութիւնը փոփոխելու նպատակը երկուսն է.
1. Կատարել Թուրքիայի եւ Ադրբեջանի հերթական պահանջը։
Փոփոխութիւնները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց Ցեղասպանութեան հարցին (դրանք լիարժէք հանւելու են), այլեւ հնարաւորութիւններ են ստեղծւելու թուրքական յաջորդ պահանջները կատարելու համար՝ յանգեցնելով Հայաստանի անկախութեան կորստին։
2. Սահմանադրական փոփոխութիւնների գնով եւս մի փոքր երկարացնել սեփական իշխանութիւնը։
Հայաստանի այսօրւայ խնդիրների հետ Սահմանադրութեան փոփոխութիւնը ոչ մի կապ չունի։ Այն բացառապէս թուրք-ադրբեջանական պահանջ է։
Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչւած է մոլորեցնելու մեզ եւ հերթական կորուստներին տանելու։
Խորհրդանշական է, չէ՞։
1. Ալիեւը այսօր հերթական անգամ օկուպացւած Ստեփանակերտում է։ Ողջ օրը շրջելով օկուպացւած Արցախում՝ դարձեալ հակահայկական ելոյթներ է ունեցել։
2. Զուգահեռ Ալիեւի կամքը կատարող եւ միաժամանկ Հայաստանի դէ-ֆակտօ վարչապետը «յանկարծ» յայտարարում է Սահմանադրութիւնը փոխելու մասին, որը գրեթէ ամէն օր պահանջում է Ադրբեջանն ու Թուրքիան»։
Յիշեցնենք, որ Փաշինեանն այսօր (փետրւարի 19-ին- ԽՄԲ.) յայտարարել էր նոր Սահմանադրութեան ընդունման անհրաժեշտութեան մասին։
Այս մասին տեղեկացնում է News.am-ը: