Թրամփ. «Մենք Կիեւին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Միացեալ Նահանգները մօտ 350 միլիարդ դոլարի օգնութիւն է տրամադրել Ուկրաինային, սակայն այդ միջոցների օգտագործման վերաբերեալ հաշւետւութիւնների բացակայութիւնը մտահոգիչ է: Նա նաեւ քննադատել է եւրոպական երկրներին Կիեւին աջակցելու հարցում նրանց ֆինանսական անբաւարար մասնակցութեան համար։ ԱՄՆ ղեկավարն այս մասին ասել է Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսում: Տեղեկացնում է Tert.am-ը:
«Նախագահ Զելենսկին անցեալ շաբաթ յայտարարել է, որ չի ստացել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային փոխանցւած միջոցների անգամ կէսը: Մենք Կիեւին տրամադրել ենք, կարծես թէ, 350 միլիարդ դոլար։ Դէ, գուցէ մի քիչ պակաս, բայց դա զգալի գումար է։ Բայց որտե՞ղ է այս ամբողջ գումարը: Ո՞ւր է այն գնում։ Ես երբեք չեմ տեսել որեւէ հաշւետւութիւն այս մասին»,- բողոքել է Թրամփը:
Նրա խօսքով՝ Եւրոպան զգալիօրէն աւելի քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու վրայ, թէեւ աշխարհագրօրէն աւելի մօտ է։
«Եւրոպան շատ աւելի փոքր տոկոս է ներդրել՝ մօտ 100 միլիարդ դոլար: Թէեւ նրանց համար այս պատերազմն աւելի մեծ ազդեցութիւն ունի, քան մեզ համար. մեզ բաժանում է ովկիանոսը, իսկ նրանց՝ ոչ»:
Փետրւարի սկզբին Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ի կողմից հաստատւած մօտ 177 միլիարդ դոլարի ռազմական օգնութիւնից Ուկրաինան ստացել է մօտ 76 միլիարդ դոլար։ Իսկ նոյեմբերին ասել էր, որ Ուկրաինան չի ստացել ԱՄՆ-ի կողմից պաշտօնապէս յատկացւած զէնքի նոյնիսկ կէսը, եւ որ Եւրոպան Կիեւին օգնել է ոչ պակաս, քան ԱՄՆ-ն։