Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փաշինեանը գործարք է առաջարկում Ալիեւին

COP29-ում Ալիեւը կարող է կրկնել Պրահայի եւ Գրանադայի հնարքը

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

 

«Արդէն բաւական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանութիւնները յստակ պատասխան չեն տալիս այն հարցին, թէ արդեօք հայկական պատւիրակութիւնը կը մասնակցի COP 29 կլիմայական գագաթնաժողովին, որը կը կայանայ նոյեմբերին Բաքւում։ Այս շաբաթ, օրինակ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը հասկացրեց, որ հայկական կողմը դէմ չի լինի փաստաթղթի ստորագրմանը կլիմայական գագաթնաժողովի շրջանակում, սակայն նշել է, որ որոշումը մնում է Ադրբեջանին։

«Եթէ Բաքուն ուզում է COP29-ը վերածել խաղաղութեան պայմանագրի շուրջ միջոցառման, դա ընտրութեան հարց է: Արդեօք պէտք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք այցելեն Բաքու, խօսեն այս պայմանագրից, խօսեն ռազմագերիներից, որոնք գտնւում են Ադրբեջանում, խօսեն Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ: Ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքիր է ու պէ՞տք է: Եթէ իրօք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթէ իրօք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղութիւն տարածաշրջանում, գնդակը գտնւում է ադրբեջանական դաշտում արդէն շատ վաղուց»,- ասել է նա։

Սիմոնեանի յայտարարութեան քաղաքական ենթատեքստն այնպիսին է, որ պաշտօնական Երեւանը պատրաստ է պատւիրակութիւն ուղարկել Բաքու եւ կառուցողական մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին, եթէ Բաքուն իր հերթին համաձայնի ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Հայաստանի ներսում կարելի կը լինի «վաճառւել» որպէս խաղաղութեան պայմանագիր։

Իլհամ Ալիեւը երաշխիքներ կը տայ, թէ ոչ՝ այլ հարց է, բայց այս խնդիրը մէկ այլ կողմ եւս ունի։ Պոտենցիալ այցը Բաքու քաղաքական ակտ է, որը կը լինի ոչ այլ ինչ, քան Ադրբեջանի վերջին տարիների գործողութիւնների լեգիտիմացում։ Ընդորում, խօսքը միայն Արցախի հետ կատարւածի մասին չէ: Խօսքը Հայաստանի դէմ ուղղւած գործողութիւնների մասին է՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքների օկուպացիա, Հայաստանի քաղաքացիներին ադրբեջանական գերութեան մէջ պահելու, «Արեւմտեան Ադրբեջանի» հայեցակարգի շրջանակում արտայայտւած տարածքային պահանջների, Հայաստանի ինքնիշխանութեան նկատմամբ պահանջների, որոնք արտայայտւում են «Զանգեզուրի միջանցք»-ը ադրբեջանական կողմի վերահսկողութեան տակ յանձնելու պահանջին, Հայաստանի ներքին գործերին միջամտելու բացայայտ փորձերի, որոնք արտայայտւած են Սահմանադրութիւնը փոխելու, ապառազմականացում իրականացնելու պահանջներով եւ այլն։ Ադրբեջան այցելելուց յետոյ պաշտօնական Երեւանը «կստորագրի», որ Բաքւի հետ յարաբերութիւններում նման օրակարգն ընդունելի է Նիկոլ Փաշինեանի համար։

Եւ նկատի ունեցէք, որ մենք նոյնիսկ չենք խօսում հարցի բարոյական կողմի մասին. պատկերացրէք պատկեր, երբ Բաքւի մի թաղամասում Փաշինեանը կամ Արարատ Միրզոյեանը ժպտում են տեսախցիկների առաջ, իսկ գագաթնաժողովի անցկացման վայրից ընդամէնը մի քանի թաղամաս այն կողմ՝ Ալիեւը դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը: Սրա մասին չենք խօսում, քանի որ ակնյայտ է, որ այդ անձանց ճակատագիրը, մեղմ ասած, չի հետաքրքրում պաշտօնական Երեւանին, եթէ չասենք աւելին՝ նրանց վերադարձում, մեղմ ասած, շահագրգռւած չեն ՀՀ իշխանութիւնները։

Իրավիճակում կայ եւս մէկ նրբերանգ, որի մասին ոչ միայն իշխանութիւնները չեն ցանկանում խօսել, այլ նաեւ չեն խօսում մտաւորականութեան կերպարանքով դիմակաւորւած պացիֆիստները, որոնք յայտարարում են, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են», եւ հարեւանների միջեւ շփումն անհրաժեշտ է, յատկապէս եթէ գագաթնաժողովից առաջ երկրների միջեւ այս կամ այն հարցի շուրջ կոնսենսուս է ձեռք բերւում, ապա «Բաքու միանշանակ արժէ գնալ»։

«Ընդդիմադիր-պացիֆիստ մտաւորականութիւնը», ի թիւս այլ բաների, ակնյայտօրէն չգիտի որոնողական համակարգից օգտւել, ինչպէս նաեւ չի սովորել օգտագործել օրացոյցը։ Վերջին 2 տարիների ընթացքում եղել են առնւազն մի քանի դէպքեր, երբ Բաքուն «համաձայնութեան է եկել» ՀՀ-ի հետ որոշակի հարցերի շուրջ, սակայն խախտել է պայմանաւորւածութիւնները՝ լկտիաբար եւ անպատիժ։

2022 թւականին Պրահայում Բաքուն, ի պատասխան Երեւանի կողմից Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանութեան ճանաչման, ստանձնեց Արցախի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան ապահովման պարտաւորութիւններ, ինչպէս նաեւ պարտաւորւեց ճանաչել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը։ Բայց Բաքուն վերը նշւածներից ոչ մէկը չի արել։

Երկրորդ անգամ Ալիեւը, պարզ ասած, «գցեց» Փաշինեանին 2023 թւականի աշնանը։ Երբ Արցախում էթնիկ զտումներից յետոյ, այն բանից յետոյ, երբ Հայաստանը թոյլ տւեց Ադրբեջանին գրաւել ամբողջ Ղարաբաղը, Ալիեւը Փաշինեանին թողեց «հպարտ մենութեան մէջ» Գրանադայում, որտեղ Նիկոլն, առանց Ալիեւի, ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչող փաստաթուղթ։

Փաշինեանը երաշխիք ունի՞, որ Ալիեւը խաղաղութեան պայմանագիր ստորագրելու «խոստումներով իրեն Բաքու չի բերի, իր այցն օգտագործել է աշխարհին ցոյց տալու «ադրբեջանական ռեժիմի ժողովրդավարական էութիւնը», բայց այցի արդիւնքում կը հրաժարւի պայմանագիր կնքել Երեւանի հետ:

Անկեղծ լինենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցութիւնը, երկրների միջեւ խաղաղութիւնն իրապէս լաւ է, բայց ինքներդ Ձեզ հարց տւէք՝ արդեօք Փաշինեանի հմտութիւնները եւ կարողութիւններ բաւարար են այս խաղաղութիւնը հաստատելու համար։

Մտածէ՛ք այդ մասին։

Alphanews.am

Related Articles

Back to top button