Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրւանի միջազգայնացումը
Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ ներկայումս ձեւաւորւում է միջազգային խօսոյթի որոշակիացման մի նոր շրջափուլ, որը, ի դէմս վերջին մէկ ամսւայ զարգացումների, արժանի է յատուկ անդրադարձի, արժեւորման եւ ըստ հարկի օգտագործման։
Ղարաբաղեան հակամարտութեան՝ լուծւած չլինելու փաստին բազմաթիւ անգամներ ենք անդրադարձել, ուստի սոյն յօդւածում կը քննարկենք ոչ թէ դրա տեսական ու կիրառական հիմնաւորումները, այլ վերջին շրջանի միջազգային այն արձագանգները, որոնք գալիս են ապացուցելու, որ ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն լուծւած չէ, այլեւ նշմարւում է հակամարտութեան, դրա հետեւանքների ու դրանց յաղթահարման հետ կապւած խնդիրների որոշակի միջազգայնացում՝ միջազգային յարաբերութիւնների առանձին դերակատարների կողմից։
Վերջին մէկ ամսւայ ընթացքում ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ օբիեկտիւ եւ կարեւոր ուղերձներ են հնչել տարբեր կենտրոններից, բայց, մեր կարծիքով, առանձնակի ուշադրութեան ու վերլուծման են արժանի Կանադայից, Ամերիկայի Միացեալ Նահանգներից, Հոլանդայից, Շւէյցերիայից ու Աւստրալիայից ստացւած ուղերձները։
Հայաստանի շուրջ ստեղծւած ներկայ իրավիճակում իրապէս բացառիկ էր Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի՝ տեղահանութեան առաջին տարելիցի առթիւ հրապարակւած ուղերձը, որին նախորդել էր Հայ Դատի յանձնախմբի հետ պաշտօնական շփումներ։
Մասնաւորապէս, հրապարակւած ուղերձում ի թիւս այլնի, նախարար Ժոլին համերաշխութիւն է յայտնում, որ իր երկիրն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը, ինչպէս նաեւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար ու տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում։ Ըստ Ժոլիի, ասւածը պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը: Նախարարը նաեւ կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանից կամայականօրէն ձերբակալւած բոլոր էթնիկ հայերին։
Նախարար Ժոլիի կարեւոր յայտարարութեան երկու կէտեր պահանջում են յատուկ անդրադարձ ու արժեւորում։ Մասնաւորապէս՝ հակամարտութեան բանակցային քաղաքական լուծման անհրաժեշտութեան շեշտադրումը։ Այստեղ Կանադական կողմի դիրքորոշումը աւելի քան յստակ է, հակամարտութիւնը քաղաքական կարգաւորում չի ունեցել, այն չի կարող ռազմական լուծում ունենալ։ Ի դէպ հակամարտութեան քաղաքական լուծում գտնելու նպատակը ընկած է հէնց ԵԱՀԿ (այն ժամանակ ԵԱՀԽ) Մինսկի խմբի գործունէութեան բովանդակութեան հիմքում։ Միւս խիստ ուշագրաւ նկատառումը ինքնորոշման իրաւունքին յղումն էր, որպէս հակամարտութեան քաղաքական կարգաւորման հիմքերից մէկը։
Կրկին առաջին տարելիցի առթիւ ԱՄՆ Կոնգրեսում անցկացւեցին մի շարք ներկայացուցչական միջոցառումներ՝ բազմաթիւ կոնգրեսականների մասնակցութեամբ։ Նախ, Կոնգրեսի Թիմ Լանթոսի անւան մարդու իրաւունքների յանձնաժողովում անցկացւեց Արցախում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ հանրային լսում-քննարկում, որին ի թիւս այլոց, հրաւիրւած էր մասնակցելու Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանը։ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ ձեռնարկւած աշխատանքները ընդգրկում էին նաեւ պատերազմի ու շրջափակման մասին նկարների ցուցադրութիւն ԱՄՆ Կոնգրեսում, ինչպէս նաեւ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից, համայնքային շուրջ ութսուն ակտիւիստների ներգրաւմամբ հայկական շահերի պաշտպանութեան երկօրեայ ծրագիր Կոնգրեսի տասնեակ անդամների գրասենեակներում, որտեղ ներկայացւել են ամերիկահայ համայնքի համար քաղաքական առաջնահերթութիւն ներկայացնող այնպիսի խնդիրներ, որոնց բախւում է հայ ժողովուրդը։ «Հաշւետւողականութիւն» խորագիրը կրող այդ ձեռնարկի ընթացքում ելոյթ են ունեցել Դադիվանքի վանահայր Տէր Յովհաննէսը, Հայ դատի Արցախի գրասենեակի նախկին աշխատակից, ներկայումս Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի համայնքային գործերի տնօրէն Գեւ Իսկաջեանը, ով մինչեւ Արցախի հայաթափումն այնտեղ էր, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը եւ այլն։ ԱՄՆ Կոնգրեսի անդամներից կարեւոր էին Գրէյս Մենգի, Ջուդի Չուի, Գէյբ Ամոյի, Ան Էշուի, Բրեդ Շերմանի, Ջիմ Մըք Գաւէրնի, Թոմ ՄըքԷլինթոքի, Ռաշիդա Թլայբի ելոյթները։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահ Դէյւիդ Վալադաուն, ինչպէս նաեւ Նիւ Ճըրզիից ընտրւած ներկայացուցիչ Ջոշ Գոթհայմերը։
Միջոցառման ընթացքում արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի նկարների ցուցադրութիւնը հովանաւորւել էր սենատոր Շելդոն Վայթհաուսի կողմից եւ իրականութիւն էր դարձել Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ու «Համազգային» հայ կրթամշակութային հիմնադրամի աշխատանքների արդիւնքում։
Այս միջոցառման ընթացքում ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելոյթներում կարեւորել են 907-րդ բանաձեւի վերականգնմամբ՝ Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցումը, պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատու՝ ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ «Մագնիցկու» գլոբալ պատժամիջոցների կիրառումը, ԱՄՆ արտաքին օժանդակութեան ակտի 502-րդ յօդւածի համապատասխան կէտերի շրջանակում Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումների ուսումնասիրութիւնը (ինչը հետագայում կը յանգեցնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ օժանդակութեան դադարեցման), միջազգային երաշխաւորութեամբ՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման ապահովումը։ Կոնգրեսի բազմաթիւ անդամներ խօսել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանւած հայութեան համար պատշաճ կենսապայմանների ապահովման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ COP29-ին ընդառաջ՝ սեփական մարդու իրաւունքների խայտառակ վիճակը ծածկադմբոցի ենթարկելու ադրբեջանական նպատակադրման մասին։
Եթէ այս ամէնին գումարենք այն, որ 2023 թ․ դեկտեմբերին, S․3000 բանաձեւի միաձայն ընդունմամբ, ԱՄՆ Սենատը նպատակ է հետապնդել վերացնել 907-րդ բանաձեւի ամենամեայ նախագահական շրջանցման արտօնութիւնը, ապա ակնյայտ է, որ գոնէ ԱՄՆ օրէնսդիր իշխանութեան մակարդակով ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն լուծւած չէ, այլեւ առանձին միջոցառումներով ամերիկեան օրէնսդիրները փորձում են քննարկման առարկայ դարձնել հակամարտութեան նոր հանգամանքներ, որոնք առաջացել կամ խորացել են պատերազմական յանցագործութիւններով զուգորդւող ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում։
ՀՀ անկախութեան օրուայ առթիւ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղւած ամերիկահայութեանը։ Դրանում Հարիսը աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաեւ նկատել է․ «մենք երբեք չպէտք է մոռանանք Հայոց Ցեղասպանութիւնը», ինչպէս նաեւ՝ յանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգող կայուն խաղաղութեանը հասնելուն»:
Այս յօդւածը գրեթէ պատրաստ էր, երբ Հայ Դատի Ամերիկայի գրասենեակը յայտնեց, որ ԱՄՆ Կոնգրեսի շուրջ 60 անդամներ՝ երկու պալատներից, միացել են Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի եւ սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանութիւններին COP29-ին ընդառաջ պատասխանատւութեան ենթարկել Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների կատարման, ապօրինի պատանդառութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի համար։
Սեպտեմբերի երկրորդ կէսին Շւէյցերիայի խորհրդարանի թւով 16 պատգամաւորներ երկրի գործադիր իշխանութեան առաջ հարց են բարձրացրել Արցախի հայութեան վերադարձի իրաւունքի եւ տեղում ինքնորոշման իրաւունքի իրացման վերաբերեալ՝ պահանջելով կառավարութեան դիրքորոշման արտայայտութիւնը։ Շւէյցերիական կառավարութեան առջեւ օրէնսդիրները նաեւ հարց են բարձրացրել կապւած COP29-ին զւէյցերիական պատւիրակութեան կողմից յիշեալ հարցերը բարձրացնելու անհրաժեշտութեան վերաբերեալ։
Արցախի հայաթափման առաջին տարելիցը համընկաւ Հոլանդայի կառավարութեան կոալիցիոն համաձայնագրի հրապարակմանը, կառավարութեան ծրագրի ներկայացմանը, որի արտաքին քաղաքականութեան բաժնում յստակ նշւած է, որ «Ադրբեջանը գրաւել է Լեռնային Ղարաբաղը»։ Սա նոյնպէս իր բնոյթով նախադէպը չունեցող ձեւակերպում է, որի տրամաբութիւնն առհասարակ վիճարկում է Ադրբեջանի սուվերենութիւնը Արցախի հանդէպ, ինչը որպէս «անքննելի իրականութիւն» ներկայացւում էր ադրբեջանական իշխանութիւնների կողմից, որպէս միջազգային ընկալում, եւ ցաւօք սրտի, ղարաբաղեան հիմնախնդրի էութիւնն ու օբիեկտիւ իրականութիւնն աղճատող այդ քաղաքականութիւնը որդեգրւեց նաեւ Հայաստանի իշխանութիւնների կողմից։
Արցախի խնդրի ներկայ իրավիճակի վերաբերեալ քննարկումներ են անցկացւում, ոչ միայն դաշնային կամ միջազգային կազմակերպութիւնների մակարդակներում, այլ նաեւ նահանգային։
Սեպտեմբերի վերջին Նոր Հարաւային Վելսի (New South Wales) խորհրդարանի երեք պատգամաւորներ, ովքեր Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում 2023 թ․ սեպտեմբերի վերջերին Հայաստանում էին, եւ այցելելով Սիւնիք, ուղղակիօրէն ականատեսն էին եղել բռնի տեղահանութեանը, խորհրդարանում աւստրալիացի պաշտօնեաներին կոչ են արել բոյկոտել Բաքւում նախատեսւած COP29-ը։ Երեք պատգամաւորներն էլ՝ Թիմ Ջէյմզը, Հիու Մըք Դերմոթը եւ Մեթ Քրոսը, ովքեր «Արցախի աւստրալիացի բարեկամներ» ցանցի անդամներ են, դատապարտել են Ադրբեջանի անօրինական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան պղծումը, հայերի անօրինական բանտարկումը, այդ թւում՝ Արցախի պետական պաշտօնեաների։ Կարեւորւել է միջազգային երաշխիքների ներքոյ արցախցի փախստականների վերադարձի իրաւունքի իրացումը»։ Հաշւի առնելով ադրբեջանական կողմի յանցագործ քաղաքականութիւնը՝ պատգամաւորները աւստրալացի խորհրդարանականներին կոչ են արել մնալ տանը եւ չմասնակցել COP29-ին Նոր Հարաւային Վելս նահանգի խորհրդարանի այս քննարկումն էլ իր հերթին մէկ այլ փաստի ցուցիչ է, որ ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացումը սահմանափակւած չէ այն տարածաշրջաններով, որոնց քաղաքականութիւնն ուղղակի է առնչւում մեր տարածաշրջանին կամ այն երկրներով, որոնք աւանդաբար մեր հետ ունեն բարեկամական յարաբերութիւններ։
Վերը ներկայացւած օրինակները փորձենք գնահատել Հայ Դատի համաշխարհային ցանցի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնների դիտանկիւնից։ Բազմաթիւ առիթներով անդրադարձել ենք Հայ Դատի համակարգի քաղաքական առաջնահերթութիւններին, որոնք յանգում են վերադարձի իրաւունքի ապահովմանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակմանը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, Հայաստանի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովմանը, Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեանը եւ այլն։ Կարող ենք նաեւ պնդել, որ Հայ Դատի ներկայ քաղաքական առաջնահերթութիւնները համահաւաքութեան մէջ կարելի է ձեւակերպել այսպէս՝ Ղարաբաղեան հիմնախնդիրը պահել միջազգային օրակարգի վրայ։ Դա թոյլ կը տայ միջազգային յարաբերութիւնների ներկայ տուրբուլենտ ժամանակաշրջանի աւարտից, մեզ համար անբարենպաստ քաղաքական դասաւորւածութիւնների մեղմացման եւ Հայաստանի գործող իշխանութիւնների հեռացումից յետոյ աւելի արդիւնաւէտ կերպով իրականացնել Արցախեան հիմնախնդրի սպասարկումն ու այն վերադարձնել երկկողմ եւ միջազգային բանակցային օրակարգ։
Ակնյայտ է, որ նոյնիսկ ներկայ դժւարագոյն պայմաններում Արցախեան հիմնահարցը որոշակիօրէն գտնւում է միջազգային օրակարգի վրայ։ Այս պայմաններում հակամարտութեան լուծւած լինելու վերաբերեալ ադրբեջանական պնդումները ամբողջութեամբ անհիմն են, իսկ Հայաստանի իշխանութիւնների վախւորած եւ ուրացման քաղաքականութիւնը՝ ուղղակի քստմնելի։ Հակամարտութեան միջազգային օրակարգի վրայ լինելու փաստը արդէն իսկ լաւագոյն ապացոյցներից մէկն է, որ միջազգային հանրութեան առանձին դերակատարներ չե՛ն ընդունում ուժի կիրառման գործելաոճը, որպէս հակամարտութիւնների լուծման գործիք։ Միջազգային յարաբերութիւնների միւս դերակատարներն էլ, որոնք դեռեւս լուռ են ադրբեջանական պատերազմական յանցագործութիւնների, ցեղասպանութեան ու էթնիկ զտումների որպէս այդպիսին որակման ու դրանից բխող համապատասխան քայլերի ձեռնարկման գործում, լռում են ոչ թէ այն պատճառով որ ընդունում են ուժի կիրառման եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքերի ոտնահարումը, այլ նրա համար, որ միջազգային յարաբերութիւնների ներկայ հանգրւանում առանձին պետութիւնների ազգային շահեր դա են պահանջում։ Սակայն, այս իրավիճակը, որի վրայ մասամբ հիմնւում է ադրբեջանական սանձարձակ քաղաքականութիւնը, երաշխաւորւած չէ յարատեւութեամբ, աւելին, Մերձաւոր Արեւելքում եւ առաւել լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արդէն իսկ նախանշում են «ադրբեջանական ոսկէ ժամանակաշրջանի» մօտալուտ աւարտն ու ապշերոնեան բռնապետութեան արտաքին քաղաքական մանեւրողականութեան անկումը։
Ակնյայտ է, որ 21-րդ դարում պատերազմական յանցագործութիւններով ու ցեղասպանական գործողութիւններով զուգորդւող ադրբեջանական ագրեսիայի միջազգային դատապարտումը մեղմ ասած հեռու է բաւարար լինելուց։ Այս պայմաններում հաւաքական առումով միջազգային հանրութիւնը, որը պատեհ պահին սեփական դէմքը փրկելու խնդիր պէտք է լուծի, ղարաբաղեան հիմնախնդիրը չլուծւած համարելով, իր համար երաշխաւորում է այդ հնարաւորութեան առկայութիւնը։
Ո՞րն է մեր անելիքը։ Ստեղծւած ներքին ու արտաքին խիստ անբարենպաստ իրավիճակում մեր նպատակը պէտք է լինի առկայ դիրքորոշումները պահպանելն ու զարգացնելը։ Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը, ֆինանսական ու քարոզչական հսկայական ռեսուրսների ներգրաւմամբ կատաղի հակազդեցութիւն է դրսեւորում ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ ցանկացած հայամէտ-օբիեկտիւ դիրքորոշման առիթով։ Ադրբեջանական թիրախում որպէս կանոն յայտնւում են առաջին հերթին եւ հիմնականում Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները, յատկապէս Եւրոպայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում։
Միջազգային յարաբերութիւնների պատմութեան մէջ վայրիվերումները որոշակի պարբերականութեամբ կրկնւելու միտում ունեն եւ հանդիսանում են իրարայաջորդ աշխարհակարգերի նախապատրաստական ժամանակահատւած։ Մեր խնդիրը դիմանալն է մինչեւ աշխարհում կարգ ու կանոնի վերստին որոշակիացումն ու մեր իրաւունքների հետապնդումն արդէն նոր իրավիճակում, իսկ ստեղծւած իրավիճակում պէտք է անել հնարաւորը, հետագայում մեկնարկային աւելի լաւ դիրքերում գտնւելու համար։
ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Հորիզոն