Թրամփի վարչակազմում պէտք է լինեն հայամէտ գործիչներ
«ԱԼԻՔ» – ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նպատակն այն է, որ Թրամփի վարչակազմում լինեն հայամէտ գործիչներ: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջեանը:
«Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նպատակն այն է, որ գործադիր վարչակազմը, Թրամփի վարչակազմն ունենան գործիչներ, որոնք Հայաստանի եւ Արցախի հարցերը կը հասկանան, եւ իրենց յստակ դիրքորոշումը կը յայտնեն այդ խնդրի վերաբերեալ: Նմանատիպ գործիչների թւում են Ռոբերտ Քենեդի կրտսերը եւ Թուլսի Գաբարդը: Թուլսի Գաբարդը որպէս կոնգրեսական, այցելել է Արցախ, եղել է Ստեփանակերտում, Շուշիում, եւ իր զօրակցութիւնն է յայտնել Արցախի ժողովրդին: Ռոբերտ Քենեդին եւս ընտրապայքարի ընթացքում Արցախի եւ արցախցիների վերադարձի իրաւունքի շուրջ շատ յստակ արտայայտել է իր տեսակէտը»,- նշել է Չուլջեանը:
Նրա խօսքով՝ արցախցիներն իրենց տուն կարող են վերադառնալ միայն միջազգային կառավարութիւնների անվտանգային յստակ երաշխիքների դէպքում:
«Արցախի ցեղասպանութեան դէպքում չունենք 1,5 մլն. զոհեր, ինչպէս ունէինք 1915 թ.-ի ցեղասպանութեան դէպքում, բայց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան պատճառով 150 հազար հայորդիներ այսօր հեռացել են Արցախից: Թէեւ նրանք կարող են վերադառնալ հայրենիք, բայց դա կարող է լինել միայն միջազգային կառավարութիւնների անվտանգային յստակ երաշխիքների դէպքում: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է կոչ անել աջակցել այս երկու թեկնածուներին՝ Հայաստանի եւ Արցախի հարցի վերաբերեալ իրենց դիրքորոշումներով պայմանաւորւած: Կարեւոր է, որ գործադիրում լինեն մարդիկ, որոնք հասկանում են ՀՀ-ի եւ Արցախի հարցերը»,- եզրափակել է Չուլջեանը: