Հայ Դատ

Ջորջ Աղջայեանը ստանձնել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահի պարտականութիւնները

«ԱԼԻՔ» – Ամերիկահայ համայնքի երկարամեայ ակտիւ գործիչ Ջորջ Աղջայեանը ստանձնել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահի պաշտօնը՝ փոխարինելով տեւական ժամանակահատւած այդ պատասխանատւութիւնը ստանձնած Րաֆֆի Համբարեանին։

Անդրադառնալով իր նոր պատասխանատւութեանը՝ Աղջայեանը, մասնաւորապէս, նշել է․ «Ինձ համար մեծ պատիւ է ստանձնել այս դերը հայ ժողովրդի համար այսքան կարեւոր ժամանակահատւածում: Մեր աշխատանքն առաւել քան երբեւէ կենսական է, քանի որ մենք պայքարում ենք յանուն արցախահայութեան իրաւունքների, պայքարում ենք Ադրբեջանին իր յանցագործութիւնների համար պատասխանատւութեան ենթարկելու եւ Հայաստանի երկարաժամկէտ անվտանգութիւնն ու կենսունակութիւնն ապահովելու համար։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը միշտ եղել է ամերիկահայութեան ամենաարդիւնաւէտ ձայնը ԱՄՆ ինչպէս արտաքին, այնպէս էլ ներքին քաղաքականութեան մէջ, եւ ես անհամբեր սպասում եմ աշխատելու մեր տեղական մասնաճիւղերի, համայնքային ակտիւիստների եւ նւիրւած ղեկավար թիմի հետ՝ ընդլայնելու մեր ազդեցութիւնը եւ առաջ մղելու մեր ընդհանուր գործը»:

Նշւեց՝ Աղջայեանը յաջորդում է Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը նւիրումով եւ ռազմավարական տեսլականով ղեկավարած Րաֆֆի Համբարեանին։ Նրա ղեկավարութեամբ Հայ Դատի յանձնախումբն ընդլայնել է իր ազդեցութիւնը թէ Կապիտոլիումի բլրի, թէ գործադիր իշխանութեան վրայ, ստեղծել կոալիցիոն բազմաթիւ հարթակներ նաեւ ոչ հայկական համայնքային կազմակերպութիւնների հետ: Ծաւալած աշխատանքի արդիւնքում աննախադէպ ձեւով մեծացաւ Հայ Դատի յանձնախմբի ներգրաււածութիւնը մի շարք գործընթացներում, Կոնգրեսի երկու պալատներում ուժեղացաւ հայկական հարցերի վերաբերեալ երկկուսակցական օժանդակութիւնը:

Համբարեանի բազմաթիւ յաջողութիւնների թւում է Հայ Դատի երիտասարդական ծրագրերի աննախընթաց ընդլայնումը թէ Վաշինգտոնում, թէ ողջ երկրում, երիտասարդների քաղաքական ակտիւացումն ու տարբեր ոլորտներում նրանց ներգրաււածութեան մեծացումը, համայնքային ղեկավար հանգամանքներ զբաղեցնող նոր երիտասարդ սերնդի դաստիարակութիւնը։

Ողջունելով Աղջայեանի կողմից այս պատասխանատւութեան ստանձնումը՝ Րաֆֆի Համբարեանը նշել է. «Հայ Դատի յանձնախմբի նախագահ ծառայելն իմ կեանքի մեծագոյն պատիւներից մէկն է եղել։ Մեր աշխատանքը միայն քաղաքականութիւնը չէ, այն հայ ժողովրդի գոյատեւման եւ արժանապատւութեան աշխատանք է: Ջորջն իր կեանքով մէկ Հայ Դատի պաշտպան է՝ մեր գործին խորը նւիրւածութեամբ, եւ ես գիտեմ, որ նա առաջնորդելու է եռանդուն նպատակասլացութեամբ եւ հաստատակամութեամբ»:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակ

21.02.2025 թ.

Related Articles

Back to top button