Հայ Դատ

Երեւանում մեկնարկեց Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը

Սեպտեմբերի 25-ին Երեւանում պաշտօնապէս մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համահայկական խորհրդաժողովը՝ շուրջ քսան երկրներից, այդ թւում Իրանից ժամանած Հայ Դատի կառոյցների պատասխանատուների եւ ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչների մասնակցութեամբ։

Խորհրդաժողովի նպատակն է գնահատել անցնող շրջանի աշխատանքները, քննարկել առաջիկայ գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ տարածաշրջանային ու միջազգային նոր պայմանների լոյսի ներքոյ կատարել անհրաժեշտ մարտավարական վերանայումներ։ Օրակարգի հիմնական հարցերն են Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին քաղաքական մարտահրաւէրները եւ դրանց դիմակայման գործում Հայ Դատի համաշխարհային ցանցի հնարաւորութիւնների օգտագործումը։

Խորհրդաժովը մեկնարկեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների օրհներգերով:

Ներկայացւեցին Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի ողջոյնի ուղերձները:

Ելոյթ ունեցան՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպական գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբեթ Չուլջեանը:

Արմէն Ռուստամեանն իր խօսքում անդրադարձաւ վերջին տարիների պատերազմների հետեւանքով Հարաւային Կովկասի ռազմաքաղաքական պայմանների փոփոխութեանը՝ շեշտելով հայութեանը սպառնացող վտանգների եւ նոր մարտահրաւէրների վերագնահատման անհրաժեշտութիւնը։ Նա նաեւ քննադատեց Հայաստանի իշխանութիւնների քաղաքական ուղեգիծը՝ այն հակադրելով Հայ Դատի կառոյցների կողմից ազգային ինքնութեան, պետականութեան, ինքնիշխանութեան եւ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան առաջադրանքներին։

Իշխան Սաղաթէլեանն իր հերթին խօսեց Հայ Դատի կառոյցների նկատմամբ Հայաստանի իշխանութիւնների վերջին շրջանում իրականացրած անհիմն յարձակումների մասին՝ շեշտելով, որ Հայ Դատի աշխատանքն ուղղւած է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի պաշտպանութեանը։ Նա յատկապէս նշեց Ադրբեջանի ռազմական աջակցութիւնը սահմանափակելու, բռնի տեղահանւած արցախահայութեան վերադարձի իրաւունքի, հայ գերիների ազատ արձակման եւ միջազգային հարթակներում հայկական դիրքերի պաշտպանութեան ուղղութիւնները։

Յակոբ Տէր-Խաչատուրեանը ներկայացրեց Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան հիմնական ոլորտները՝ Հայաստանի պետականութեան ամրապնդումից եւ Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութիւնից մինչեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչում եւ հատուցման հարցեր, Սփիւռքի հայկական համայնքների իրաւունքների պաշտպանութիւն եւ երիտասարդութեան քաղաքական մասնակցութեան խթանում։ Նա եւս անդրադարձաւ Հայաստանի իշխանութիւնների հետ նախկին համագործակցութեան խզմանը՝ նշելով, որ Հայ Դատի կառոյցները շարունակելու են իրենց գործունէութիւնը՝ անկախ այդ խիստ տարակարծութիւններից։

Ցուցադրւեցին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան վերաբերեալ ֆիլմեր:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հարցազրոյցներ տւեցին տարբեր լրատւամիջոցների:

Խորհրդաժողովի առաջիկայ նիստերին նախատեսւում է քննարկել Հայ Դատի կառոյցների վերջին երկու տարիների գործունէութիւնը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծւած նոր քաղաքական ու անվտանգային պայմանները, ինչպէս նաեւ առաջիկայ շրջանի համաշխարհային աշխատանքի առաջնահերթութիւնները։

Խորհրդաժողովի աշխատանքները կը շարունակւեն մինչեւ սեպտեմբերի 28-ը։

Related Articles

Back to top button