Հայ ԴատՀայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլ Փաշինեանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը «մոլորութեան» մէջ է։

Ըստ պաշտօնական թւերի՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հիսուն տոկոսից էլ պակաս քւէ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ղեկավարին թւում է,  թէ այդքանով նա հաստատել է իր «դիկտատուրան»։

Նա չի հասկանում, որ ժողովրդավարութիւնը մեծամասնութեան իշխանութիւնն է՝ միաժամանակ երաշխաւորելով փոքրամասնութեան մարդկային եւ քաղաքացիական իրաւունքները։

Նիկոլ Փաշինեանը յայտարարել է. «Ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի կատարած ընտրութեանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակւում, չի շարունակւելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ, ընդ որում, էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»:

Նիկոլ Փաշինեանն անտեսում է, որ Հայաստանի Հանրապետութեան առնւազն աւելի քան կէս միլիոն քաղաքացիներ, իրենց քւէի իրաւունքով, չեն կիսում իր՝  «Ղարաբաղի շարժումը չի շարունակւում, չի շարունակւելու» տեսակէտը։

Այդ աւելի քան կէս միլիոն ՀՀ քաղաքացիները իրաւունք ունե՛ն իրենց տեսակէտը բարձրաձայնելու, հետապնդելո՛ւ, եթէ նոյնիսկ «էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»։

Աւելին, Նիկոլ Փաշինեանը, որի կուսակցութիւնը հետեւողականօրէն հրաժարւել է եւ շարունակում է հրաժարւել այն ամէն ինչից,  ինչ համահայկակա՛ն է, ազգայի՛ն է, ցանկանում է ստիպել, որ Հայաստանի Հանրապետութեան սահմաններից դուրս ապրող հայերն՝ անկախ իրենց քաղաքացիութիւնից, զրկւեն իրենց տեսակէտն ունենալու, այդ տեսակէտն արտայայտելու եւ դրա իրականացումը հետապնդելու իրաւունքից:

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ

Related Articles

Back to top button