Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլ Փաշինեան-Աննա Յակոբեան զոյգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը յարգանքի տուրք չէ

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Վերջին օրերին Նիւ Եօրքում ՄԱԿ-ի ամբիոնից զիջողական եւ թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյ յայտարարութիւններից, Հայաստանի վարկանշային նշաձողը եւս մի քանի աստիճանով իջեցնելուց եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հրճւալի ժամերից յետոյ Նիկոլ Փաշինեանը կնոջ հետ որոշել է գնալ «Եռաբլուր» եւ յարգանքի տուրք մատուցել 44-օրեայ պատերազմում զոհւած հերոսների յիշատակին:

Նշենք, որ Վահագն Խաչատուրեանը, Ալէն Սիմոնեանը, Սուրէն Պապիկեանը երէկ էին այցելել Եռաբլուր, իսկ Նիկոլ Փաշինեանի անունից անգամ ծաղկեպսակ չէր եղել: Հիմա արդէն պարզ է՝ ինչո՞ւ: Իսկ թէ իրականում որքանով է Նիկոլ Փաշինեան-Աննա Յակոբեան զոյգի այս տրագիկոմեդիկ «պաստանովկան» կամ սուգ խաղալը յարգանքի տուրք, թող դատեն ընթերցողները՝ վերյիշելով այն արհաւիրքը, աղէտը, որ նրանց կառավարման այս 6 տարիներին ապրեց Արցախը եւ Հայաստանը:

Երբ ընդդիմադիր զոհւածների մայրերը հրապարակաւ են իրենց ցաւն ու բարկութիւնն արտայայտում, այդ թւում՝ «Եռաբլուրում» ակցիաներ անելով, որպէսզի թոյլ չտան Փաշինեանին մօտենալ իրենց զաւակների շիրիմներին, իշխանութեան ներկայացուցիչներն իրենց իրաւունք են վերապահում բարոյական խրատներ տալ որդի կորցրած մայրերին, նրանց ընտանիքների անդամներին, թէ սուգը պէտք է լուռ արտայայտել: Իսկ «Եռաբլուրում» բարոյակա՞ն է պաստանովկա անելը՝ իրաւապահ մարմինների եւ տասնեակ թիկնապահների ուղեկցութեամբ՝ ֆոտոսեսիա, տեսահոլովակ, յատուկ սգացող դէմքի արտայայտութիւն, ծնկաչոք «պոզա»… եւ, իհարկէ, իրենց մուտքը չփակող զոհւածների ծնողներ:

Աւելին, արդեօք բարոյակա՞ն է զոհւածներին անուղղակի մասնակից դարձնել իրենց սեփական քաղաքական օրակարգի քարոզչութեանը: Դատէք ինքներդ:

Փաշինեանը թաքնւում է 44-օրեայ պատերազմի զոհւածների հետեւում

Մարդ ու կին այցելելով Եռաբլուր, ապա ֆէյսբուքեան էջում տեսանիւթի հետ Փաշինեանը հետեւեալ գրառումն է կատարել.

«Միայն 44-օրեայ պատերազմին յաջորդած տարիներին մենք խորութեամբ եւ ամբողջութեամբ բացայայտեցինք, թէ ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախութեան առաջին օրերից ի վեր։ Բացայայտւածն, ընդորում, դեռ պէտք է մարսենք, դեռ պէտք է հասկանանք, դեռ պէտք է կարողանանք ճիշտ հետեւութիւններ անել, որը հեշտ չէ. ցաւը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողութեան եւ վերլուծութեան համար տարածքը շատ փոքր։ Ինձ համար հետեւութիւնը մէկն է. մեր Նահատակները մեզ համար պետութիւն ունենալու նոր հնարաւորութիւն են բացել։ Այդ հնարաւորութիւնը (չգիտակցւած) սկսեցինք կորցնել Անկախութեան ձեռքբերումից գրեթէ անմիջապէս յետոյ, իսկ 1999 թւականի հոկտեմբերի 27-ից յետոյ կորցրինք՝ թւում է անդառնալիօրէն։

Նահատակները նոր հնարաւորութիւն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպէս՝ այսօրւայ խօսակցութեան նիւթ չէ։ Այսօրւայ խօսակցութեան նիւթը մէկն է՝ Փառք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը։ Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, Նահատակների զոհողութեան ամենախօսուն փառաբանութիւնը»,- Եռաբլուր այցի մասին պատմող հոլովակին կից գրել է Նիկոլ Փաշինեանը, ով, ըստ էութեան, կրկնել է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում հնչեցրած միտքը՝ «2020 թւականին անկախութեան կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարութեամբ ստացել ենք մեր պետութեան յարատեւութեան տեսական թէզը գործնական ռելսերի վրայ դնելու իրական հնարաւորութիւն»:

Այս ամէնը հարցեր է առաջացնում եւ եզրակացութիւնների տեղիք տալիս:

Բայց նախ հարց՝ բա մեր տղաները «յանուն ոչնչի չէին զոհւե՞լ», ինչպէս իշխանափոխութիւնից յետոյ ասել էր Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանը, թէ՞ այստեղ աւելի վտանգաւոր բան կայ՝ «նախկինների ժամանակ զոհւածներն են յանուն ոչնչի զոհւել», որովհետեւ, Նիկոլ Փաշինեանի տրամաբանութեամբ, «1999 թւականի հոկտեմբերի 27-ից յետոյ անդառնալի կորցրած անկախութիւնը չենք կարողացել վերականգնել», եւ միայն 44-օրեայ պատերազմում մի քանի հազար զոհերը նման հնարաւորութիւն տւեցին:

Իրականում 44-օրեայ պատերազմի արդիւնքում եւ դրանից յետոյ մենք կորցրեցինք Արցախի եւ Հայաստանի սուբիեկտայնութիւնն ու սուվեներութիւնը, իսկ աւելի ուշ՝ ամբողջապէս Արցախը, որը ղարաբաղեան հակամարտութիւնը նախ հանեց ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից եւ տեղափոխեց Հայաստան-Ադրբեջան երկկողմ յարաբերութիւնների ձեւաչափ՝ Թուրքիայի քաւորութեամբ, եւ ոչինչ, որ 2020 թւականի պատերազմի օրերին Հայաստանը մերժել էր Իրանի միջնորդական առաքելութիւն ստանձնելու առաջարկը, իհարկէ, ոչ հայամէտ բաներ կային այդտեղ, բայց Թուրքիայի միջնորդութեամբ հայամէտ որեւէ բան կա՞յ:

Երկրորդ, 44-օրեայ պատերազմի արդիւնքում Նիկոլ Փաշինեանն Արցախի հարցը վերափոխեց Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի: Ասում են՝ խաղաղութեան պայմանագիր, երբ Ադրբեջան-Հայաստան պատերազմ չի եղել: Ահա, թէ ինչու պէտք չէր Փաշինեանին կանխել պատերազմը, իսկ Աննա Յակոբեանի միտքը 2020 թ. պատերազմից առաջ, թէ մեր տղաները «յանուն ոչնչի են զոհւել», այս ծրագրի մի մասն էր, որ յետոյ ասէին՝ 44-օրեայի նահատակներն իրական Հայաստան ունենալու հնարաւորութիւն ստեղծեցին:

Որեւէ մէկը չի մոռացել նաեւ, թէ ինչպէս էր 2019 թ. դեկտեմբերի 4-ին Աննա Յակոբեանը հրապարակաւ Մեհրիբան Ալիեւային հրաւիրում մուղամ լսելու.

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիեւային հրաւիրել Ղարաբաղ: Եւ նա կարող է լինել մեր հիւրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպէս ընդունել հիւրին, ինչպէս յարգել: Ընդունւած մեր հիւրընկալութեան կանոններից է նաեւ հիւրին պատւել իր երաժշտութեամբ: Մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հիւրը եւ Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ Ղարաբաղում նա կը լսի իր սիրելի մուղամը: Սա հրաւէր է եւ եթէ նա ընդունի այդ հրաւէրը՝ պատրաստ եմ ինքս էլ հիւրընկալւել Բաքւում»,- յայտարարել էր Փաշինեանի կինը:

Ի դէպ, 2021 թ. Փաշինեանը յայտարարել էր.

«Շատ կը լինեն հարցեր՝ ի վերջոյ, մեր տղէրքը ինչի՞ համար զոհւեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղէրքը զոհւեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը յայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծւած է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծւած չէ, որովհետեւ Ադրբեջանի պլանը հէնց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծէր, որ ֆիզիկապէս Ղարաբաղում ոչ մի հայ չմնար: Բայց այսօր Արցախը կայ, արցախահայութիւնը կայ, դա մեր զոհւած եղբայրների, մեր զինւորների եւ մեր բանակի շնորհիւ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիւ»:

Եւ հիմա, երբ Արցախում հայ չկայ, եւ Փաշինեանն Արցախի հարցը փակւած է համարում, տղաների զոհւելու նոր պատճառ է գտել: Իսկ իրականում տղաները զոհւել են յանուն իրենց վստահւած դիրքի, սահմանի, որովհետեւ այդտեղից է սկսւում հայրենիքը, յանուն հզօր բանակի, յանուն հայրենիքի, յանուն Արցախի հայկական եւ անկախ մնալուն, յանուն պատմական եւ ազգային Հայաստանի, որն աւելի քան իրական է, քան Նիկոլ Փաշինեանի՝ «իրական Հայաստանը»: Եւ ոչ թէ յանուն այն պարտադրւած պարտութեան, որի մասին Փաշինեանը խօսում էր 44-օրեայի առաջին օրը՝ «Եկէք պայմանաւորւենք, որ մենք երբեք մեզ, այլեւս ինչ էլ լինի, եթէ նոյնիսկ բոլորին թւայ, թէ մենք պարտւել ենք վերջնական եւ անշրջելիօրէն, մենք մեզ պարտւած չենք ճանաչի»,- մէջբերում ենք նրա խօսքերը:

Ահա, այսօր էլ նոյն ուղերձն է՝ մի փոքր աւելացումով, այն է՝ եկէք մեզ պարտւած չզգանք խաղաղութեան օրակարգի, սահմանազատման գործընթացի համատեքստում, որովհետեւ դա պարտութիւն չէ:

Ի դէպ, 2020 թ. նոյեմբերի 29-ին Փաշինեանը խոստովանել էր, որ ոչ միայն 44-օրեայից առաջ արդէն ակնյայտ էր, որ պատերազմ է սկսելու եւ կարող էր բանակցութիւնների միջոցով այն հետաձգէր առնւազն, այլ, ըստ էութեան, Թուրքիայի հետ պիտի բանակցէր, ով անմիջական մասնակցութիւն է ունեցել 2020 թւականի պատերազմի ժամանակ:

«Որեւէ փուլում, այդ թւում՝ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների շրջանում գնայի թուրքերին ասէի՝ եկէք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասէին՝ կոնկրետ ժամանակացոյց տուր, երբ ես տարածքները յանձնում: Ստորագրէի՝ պիտի ասէին՝ «Նիկոլ դաւաճան», չստորագրէի՝ պատերազմը սկսւելու էր»,- 2020 թւականի նոյեմբերի 29-ին Ֆէյսբուքում գրել էր Փաշինեանը:

44-օրեայ պատերազմի ընթացքում նա մերժել էր նաեւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից արւած առաջարկները: Հետագայում, 2022 թ. ապրիլին նա ԱԺ-ում յայտարարեց. «Ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդիւնքում կունենայինք նոյն այս վիճակը, իհարկէ, առանց զոհերի»:

Յաւելենք, որ 2020-ի յուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատւածում նախատեսւել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ նախատեսւած զօրավարժութիւններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացւել Բաքւում, Գեանջայում, Քիւրդամիրում, Եւլախում ու Նախիջեւանում:

Ցամաքային զօրքերի մասնակցութեամբ զօրավարժութիւնները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքւում եւ Նախիջեւանում։

Ի դէպ, յուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսւած զօրավարժութիւնները փաստացի երկարաձգւել էին, եւ օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետութեան Ազգային պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը, գլխաւոր շտաբի պետ, բանակի գեներալ Եաշար Գիւլերը, զօրքերի հրամանատարները եւ այլ բարձրաստիճան սպաներ:

Այս ամէնից յետոյ, դատէք ինքներդ՝ որքանո՞վ է առհասարակ բարոյական Նիկոլ Փաշինեան-Աննա Յակոբեան զոյգի կողմից Եռաբլուրում տասնեակ թիկնապահներով շրջապատւած եւ բեմադրւած տրագիկոմեդիկ այս շոու-ներկայացումը:

168.am

Related Articles

Back to top button