Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լաւ չմշակւած ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրայ, թէ արցախցին չի ուզում գնալ սահման, չի ուզում ընդունել Հայաստանի քաղաքացիութիւն ու ծառայել բանակում

«ԱԼԻՔ» – «Ինչպէ՞ս է Հայաստանի կառավարութիւնն արձագանգում արցախցիների խնդիրներին։ Երբ լաւ չմշակւած ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրայ՝ պատճառաբանելով, որ արցախցին չի ուզում գնալ սահմանում բնակւել, արցախցին չի ուզում ընդունել Հայաստանի քաղաքացիութիւն, արցախցին չի ուզում ծառայել Հայաստանի բանակում, սա ոչ թէ տանում է այդ խնդիրների լուծմանը, այլ աւելի է խորացնում այդ խնդիրները»: Ինչպէս հաղորդում է «Առաւօտ»-ը՝ նոյեմբերի 19-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնից բռնի տեղահանւած անձանց իրաւունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով ֆորումի ժամանակ ասել է «Մենք ենք, մեր սարերը» կազմակերպութեան անդամ արցախցի Նարինէ Աղաբալեանը։

Նրա խօսքով՝ ճգնաժամերը պէտք է օգտագործել նաեւ որպէս հնարաւորութիւն, եւ եթէ կայ մարդկային այսքան հոսք, իհարկէ, պէտք է մտածել նաեւ Հայաստանի «մեռնող» գիւղերը բնակեցնելու ու համայնքներն ուժեղացնելու մասին։ Բայց դա պէտք է անել համալիր ծրագրերի միջոցով՝ հնարաւորութիւն տալով բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են գիւղում բնակւել, ոչ թէ մարդկանց պարտադրել անորոշ պայմաններով գնալ սահմանամերձ համայնքներ՝ չիմանալով՝ այդ տունն, ի վերջոյ, իրենն է, թէ իրենը չէ։

«Այսինքն՝ անորոշութիւնն այնքան մեծ է, որ մարդիկ դժւարանում են այդ ընտրութիւնը կատարել։ Այսօր էլ բոլոր սահմանային համայնքներում ապրող արցախցիներ կան, եւ պէտք չէ ներկայացնել, թէ արցախցիները չեն ուզում գնալ սահման։ Կը գնան, եթէ լինեն համապատասխան պայմաններ»,- ասել է նա։

Անդրադառնալով բնակապահովման ծրագրից օգտւելու համար ՀՀ քաղաքացիութիւն ստանալու պարտադիր նորմին, Նարինէ Աղաբալեանն ասել է. «Մեր երազանքը հիմա հակադրում են մեզ. 1988 թւականին Արցախեան շարժումը սկսւել է նրանով, որ պէտք է միանանք Հայաստանին եւ ունենանք Հայաստանի քաղաքացիութիւն։ Հիմա այդ խնդիրն այնպէս է մատուցւում, որ մարդիկ արդէն ակամայից մտածում են՝ չէ, պէտք չէ ընդունել ՀՀ քաղաքացիութիւն։ Այսինքն՝ մենք 35 տարի ապրել ենք այն գիտակցմամբ, որ մեր անձնագրի մէջ քաղաքացիութեան դիմաց գրւած է Հայաստանի Հանրապետութիւն։ Այս խնդիրն էլ կարելի էր շատ այլ մօտեցումով լուծել, ոչ թէ հակադրել մեր երազանքին։ Սա շատերի համար հոգեբանական խնդիր է, երբ ասում են՝ Արցախի Հանրապետութեան անձնագիրը պիտի յանձնես, կարծես թէ վերադարձի վերջին յոյսը մարդկանց մօտ մարում է»։

Related Articles

Back to top button