ՀՅԴ Հայաստանի ԳՄ. «ՀՀ-ում թուլացւում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիութիւնը»

«ԱԼԻՔ» – Նախօրէին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորեանի եւ քրէական ոստիկանութեան ծառայող Կարէն Աբրահամեանի սպանութեան առիթով, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս է եկել դատապարտող յայտարարութեամբ:
Յայտարաութեան մէջ մասնաւորապէս նշւած է.
«Խստօրէն դատապարտում ենք Մերձաւան բնակավայրում տեղի ունեցած զինւած յարձակումը, որի հետեւանքով սպանւել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորեանը եւ քրէական ոստիկանութեան ծառայող Կարէն Աբրահամեանը, եւ վիրաւորւել է մէկ քաղաքացի։
Մեր խորին ցաւակցութիւն ենք յայտնում զոհւածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը։
Վիրաւորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափոյթ ապաքինում։
Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետութիւնում տարիներ շարունակ թուլացւում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիութիւնը, իրաւապահ համակարգն իրականացնում է ընտրովի արդարադատութիւն, իսկ առկայ ներուժն օգտագործւում է քաղաքական հետապնդումների նպատակով:
Հետեւանքները չեն ուշանում՝ հասարակական անվտանգութիւնը գտնւում է լրջագոյն սպառնալիքի տակ։ Այս յանցագործութիւնը հարւած է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլեւ մեր պետութեան ու պետականութեան հիմքերին։
«Իրական Հայաստան» հռչակած իշխանութիւնը տարիներ շարունակ զբաղւած է մտացածին սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով քրէածին միջավայր: Աւելին, պարբերաբար հնչող բռնութեան ու հաշւեհարդարի կոչերով, հանրութեանը «սեւերի ու սպիտակների» բաժանելով՝ պարարտ հող են ստեղծել նման յանցագործութիւնների համար, որոնց թիւը թռիչքաձեւ աճում է:
Իշխանութիւնը քրէականացնում է այլախոհութիւնը, հալածում հոգեւորականներին ու ընդդիմախօսներին, միաժամանակ՝ քաղաքացիներին թողնելով անպաշտպան զինւած յանցագործների դէմ։
Սա արդէն ոչ թէ անգործութիւն է, այլ ուղղակի յանցակցութիւն։
Պահանջում ենք իրաւապահ մարմիններից՝ անյապաղ եւ ամբողջական բացայայտել դէպքը, ինչպէս նաեւ օրէնքի ողջ խստութեամբ պատասխանատւութեան ենթարկել մեղաւորներին»։
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարութեան ոստիկանութիւն ահազանգ է ստացւել, որ Արմաւիրի մարզի Մերձաւան բնակավայրի Երեւանեան խճուղում կրակոցներ են հնչել։
Մահացել են համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորեանն ու ՆԳՆ ոստիկանութեան Արարատի քրէական ոստիկանութեան աշխատակից Կարէն Աբրահամեանը, որը դէպքի պահին ծառայութեան մէջ չի եղել։
Մէկ քաղաքացի՝ Արծրուն Գալստեանը վիրաւորւել է: