Խաթիբ. «Անվտանգութեան նախարարութիւնը Իսրայէլի ռազմական եւ միջուկային օբիեկտների վերաբերեալ գաղտնի տւեալներ է ստացել»

«ԱԼԻՔ» – Անվտանգութեան նախարարութիւնը ձեռք է բերել Իսրայէլի միջուկային եւ ռազմական օբիեկտների, այդ թւում՝ անձնակազմի եւ գիտնականների մասին գաղտնի տեղեկատւութեան լայն շրջանակ: Այս մասին երէկ երեկոյեան, հեռուստատեսութեամբ հեռարձակւած «Սարդի որջը» վաւերագրական հաղորդման ժամանակ յայտարարել է անվտանգութեան նախարար հոջ. Էսմայիլ Խաթիբը:
«Երկիր բերւած նիւթերը ներառում են միլիոնաւոր էջեր՝ արժէքաւոր տեղեկատւութեամբ Իսրայէլի ռազմական եւ միջուկային նախագծերի, դրանց արդիականացման, ԱՄՆ-ի եւ մի քանի եւրոպական երկրների հետ համատեղ ծրագրերի, ինչպէս նաեւ միջուկային զէնքի մշակմանը ներգրաււած հրամանատարական կառուցւածքի եւ անհատների մասին»,- ասել է նախարարը:
Ըստ նրա՝ նախարարութիւնը ձեռք է բերել 189 իսրայէլցի մասնագէտների ամբողջական պրոֆիլներ, այդ թւում՝ անուններ, անձնական տեղեկութիւններ եւ հասցէներ, ինչպէս նաեւ գաղտնի կրկնակի նշանակութեան օբիեկտների տւեալներ։ Այս օբիեկտները հետագայում ոչնչացւել են իրանական հրթիռներով՝ 12-օրեայ պատերազմի ժամանակ։
Հոջ. Խաթիբը նշել է, որ շատ իսրայէլցիներ կամաւոր համագործակցել են նախարարութեան հետ՝ կամ ֆինանսական պատճառներով, կամ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի նկատմամբ անձնական թշնամանքից ելնելով։