ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատար. «Թշնամիներին եմ զգուշացնում, որ մարտական ենք տրամադրւած եւ պաշտպանութեան հարցում այլեւս զսպւածութիւն չի լինելու»

«ԱԼԻՔ» – Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալով՝ ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատարը յայտարարել է. «Հակառակորդը փորձում է օգտագործել հոգեբանական եւ լրատւական դաշտը՝ ձեւացնելով, թէ ներկայ զարգացումները թուլացրել են Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ու հեղինակութիւնը»։

Յունւարի 11-ին, Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի հրթիռային քաղաք կատարած այցի ժամանակ, հանդիպելով սպայակազմի հետ նա յաւելել է, որ հիացած է այն ​​փայլով, որ հրթիռային ստորաբաժանումները  դրսեւորել են «Ճշմարիտ Խոստում» առաջինի եւ 2-րդի ժամանակ՝ ամբարտաւանութեան ու սիոնիզմի դէմ մուսուլմանական մարտերի պատմութեան յաւերժական փառքին արժանանալով: «Ես անկեղծօրէն գնահատում եմ եւ յայտնում իմ երախտագիտութիւնը»,- նշել է նա: 

Գեներալ Սալամին յիշեցնելով հրթիռային համազարկի հարցում գրանցւած առաջընթացի մասին, նշեց. «Այսօր դուք իրար յաջորդող ալիքներով ու բարձր ճշգրտութեամբ, արագութեամբ կարող էք արձակել աւելի քան 200 հրթիռ՝ միաժամանակ: Իսկ ամենակարեւորը երկիրը պաշտպանելու ձեր կամքն է՝ ձեռքերն անընդհատ ձգանի վրայ՝ սպասելով հրամանին»:

Գեներալ-մայոր Սալամին ընդգծել է. «Թշնամիներին զգուշացնում ենք, որ խուսափեն սխալ հաշւարկներից: Մենք գործնական ենք տրամադրւած ու ճիշտ ժամանակին համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու: Ամէն բան տեսահսկւում ու վերլուծւում է մեր կողմից»:

Նշելով, որ թշնամիների տեղաշարժը գտնւում է դիտարկման տակ, նա յաւելել է. «Մենք պատրաստ վիճակում ձեր ամենափոքր սխալին ենք սպասում: Մեր հրամկազմը գիտի, որ պէտք է պատրաստ լինել եւ սպասել այն պահին, երբ կարձակւի տարածաշրջանը կարգի հրաւիրելու հրամանը»:

Գեներալ-մայոր Սալամին անդրադարձել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ Արեւմուտքի եւ նրանց դաշնակիցների միջեւ խնդիրներին եւ նշել, որ դրանք երեք առանցքի շուրջ են՝ Ա-տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր ազդեցութեան շրջանակի վերացում: Բ- Իրանի Իսլամական Հանրապետութեան ազդեցութեան սահմանափակում ու կրճատում։ Գ-հրթիռային զսպող ուժը եւ տեղական կարողութիւնների հիման վրայ ձեռք բերւած գիտութիւնը, տեխնոլոգիան եւ միջուկային կարողութիւնների ոչնչացում:

Նա յաւելել է. «Արեւմուտքին չյաջողւեց վերացնել տարածաշրջանի վրայ Իրանի հոգեւոր գերակայութիւնը՝ սովորական միջոցներով: Նրանք դիմեցին Իսլամական Հանրապետութեան եւ բուն յեղափոխութեան կրկնօրինակը ստեղծելուն։ Թաքֆիրականները անյաջող օրինակներից մէկն էին նրանց համար Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր ազդեցութիւնից ազատւելու գործում: Նրանք ամբողջ աշխարհից Սիրիա ու Իրաք են բերել շուրջ 300.000 թաքֆիրականների՝ օգտագործելով չվերահսկւող շրջանները։ Նրանք եկան այն ժամանակ, երբ նրանց կարգախօսն էր շիանների սպանդն ու ջարդը, կամ  Աստծոյ բոլոր սրբերի ու մարգարէների սրբավայրերի, դամբարանների ու յուշաքարերի ոչնչացացումը»:

Ընդգծելով, որ իրանցիները նոյնիսկ դատարկ ձեռքով են պաշտպանելու իրենց երկիրը՝ ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատարը յաւելել է. «Մենք մեր երկրի պաշտպանութիւնը չենք լարել ու կախւածութեան մէջ պահել այլոց գործողութիւնների վրայ հիմնւելով:  Ինքնապահովումն ու ինքնաբաւ գործելաոճն է մեր  սկզբունքը ռազմավարական, գործառնական եւ մարտավարական ասպարէզներում»:

Related Articles

Back to top button