Գեղամ Մանուկեան. «Բանակից ու զինծառայողներից կրճատում բիւջէն լցնելու համար»
«ԱԼԻՔ» – 2025 թ.-ի բիւջէի աստղաբաշխական թւերով խօսող ու հպարտացող կառավարութիւնը փորձում է Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը պաշտպանող Զինւած ուժերի զինծառայողների հաշւին կրճատումներ անել այս տարւայ ծախսերում։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը: Հաղորդել է News.am-ը:
«Կառավարութիւնը նախագիծ է ներկայացրել (https://www.e-draft.am/projects/8166/about), որով հազարաւոր զինծառայողներ զրկւելու են իրենց բնակութեան վայրից տասնեակ կիլոմետրեր հեռու գտնւելու ընթացքում բնակարան վարձելու հնարաւորութիւնից։
Ֆինանսների նախարարութիւնն առաջարկում է փոխել մինչ այժմ երկար տարիներ գործած կարգը. նախատեսւում է զինծառայողներին բնակարանային փոխհատուցում տրամադրել, եթէ իր մշտական բնակութեան վայրի եւ ծառայութեան վայրի միջեւ հեռաւորութիւնը առնւազն 60 կմ-է, նախկին 30 կմ-ի փոխարէն։
Այս փոփոխութեան հետեւանքով հազարաւոր զինծառայողներ ստիպւած կը լինեն ամէն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայութեան վայր։
Հիմա ամենազաւեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնւէք, զարգացել է ճանապարհաշինութիւնը. մէջբերում եմ կառավարութեան հիմնաւորումը՝ «Հայաստանի Հանրապետութիւնում ճանապարհաշինարարութեան ակտիւ զարգացումն ու մէկ քաղաքից միւսը տեղափոխւելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատւածը»։
Այսինքն, գումարի կրճատումը հիմնաւորում են իրենց պաշտելի ասֆալտով. Փաշինեանի ու իր կառավարութեան համար կարեւոր չէ՝ երթեւեկութեան համար որքան գումար է զինծառայողը ծախսելու, այլ այն, թէ ասֆալտած ճանապարհներով աւելի քիչ ժամանակ է ծախսւելու։
Երբ քննարկումների ժամանակ ասում ենք, որ Զինւած ուժերում ծառայութեան գրաւչութիւնը բարձրացնելու միջոցներից մէկը զինծառայողների ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁի բարձրացումն է, կառավարութիւնը պատասխանում է՝ այդքան փող չկայ։
Փառատօնների, սնուփ դոգերի, հեծանիւների ու հազար տեսակ անմտութիւնների վրայ միլիոնաւոր դոլլարներ վատնող կառավարութիւնը ոչ միայն փող չունի զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, այլեւ՝ եղած աննշան յատկացումներն էլ նախատեսում է կրճատել»,- գրել է նա։