Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Իրանի ուժայիններն արդէն յայտնում են, որ Ադրբեջանը պատրաստւում է Սիւնիք ներխուժել»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը իր ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է Սիրիայի վերջին իրադարձութիւններին։
«Դամասկոսն ընկաւ։ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհաւորում է հօրը…
Թուրքիան ու Ռուսաստանը նոյն նպատակն են հետապնդում։ Մէկը փորձում է Օսմանեան կայսուրութիւնը վերականգնել, միւսը՝ ռուսական։ Երկուսն էլ որոշ յաջողութիւն ունեն այդ գործում։ Այնքան, որ այլեւս դժւար է շրջանցել միմեանց յարաբերութիւններում առաջացող սուր անկիւնները։ Ու եթէ կարողանան զարգացնել այդ յաջողութիւնը, ապա, ի վերջոյ, նորից կանգնելու են միմեանց դէմ պատերազմելու անխուսափելի անհրաժեշտութեան առջեւ։ Պատմութիւնն այդպէս է. սիրում է կրկնւել։
Ձեւաւորւող նոր աշխարհակարգը ենթադրում է ուժերի նոր բալանս։ Նոր իրողութիւններին պատրաստւում են բոլորը։ Իրենց նախկին ազդեցութիւնն են փորձում վերականգնել նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը։ Բաքւում այդ խնդիրը մասամբ լուծւած են համարում։ Իսկ ահա Վրաստանի իշխանութիւնները շարունակում են պայքարը մայրաքաղաքի փողոցներում։ Այդ պայքարն Աբխազիայի համար է։ Պաշտօնական Թբիլիսին հասկացել է, որ փոփոխութիւնների այս շրջանում պէտք է կարողանալ յստակ ընտրութիւն կատարել։ Եւ նրանք կատարել են այդ ընտրութիւնը՝ Եւրոպայի խոստումները ստորադասելով Աբխազիան վերադարձնելու հեռանկարին։
Ու մինչ բոլորը պատրաստւում են անխուսափելի թւացող արհաւիրքին, Հայաստանը շարունակում է Յովիկ Աղազարեան քննարկել։ Մինչդեռ կանգնած ենք նոր մեծ պատերազմի իրական վտանգի առջեւ։
Իրանի ուժայիններն արդէն յայտնում են, որ Ադրբեջանը պատրաստւում է Սիւնիք ներխուժել։ Դէ բայց մենք ոչինչ չենք ուզում նկատել»,- գրել է քաղաքագէտը։