ՄիջազգայինՔաղաքական

Թուրքամէտ ուժերը յայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողութիւնը վերցնելու մասին

Քրդերը հերքում են այդ տեղեկութիւնը

«ԱԼԻՔ» – Թուրքիայի աջակցութիւնը վայելող զինեալ ապստամբները մտել են Սիրիայի հիւսիսային Մանբիջ քաղաք՝ ԱՄՆ դաշնակից քրդական ուժերից իրենց վերահսկողութեան տակ վերցնելով շրջակայ տարածքի մեծ մասը: Հաղորդում է Reuters լրատւական գործակալութիւնը՝ վկայակոչելով թուրքական անվտանգութեան ծառայութեան աղբիւրին։

«PKK-ի դէմ պայքարը շատ մօտ է յաղթանակին։ Թէ՛ օդային, թէ՛ ցամաքային գործողութիւնները շարունակւում են Մանբիջը PKK-ի ձեռքից վերցնելու համար»,- ասել է Reuters-ի աղբիւրը:

Աղբիւրը նշել է, որ Թուրքիայի կողմից աջակցւող ուժերը վերահսկում են Մանբիջի 80%-ը, որը զբաղեցնում է մօտ մի քանի հարիւր քառակուսի կիլոմետր տարածք եւ մտել են հէնց քաղաք։

Սակայն, քրդական ուժերը, որոնք վերահսկում են Սիրիայի հիւսիս-արեւելքը եւ նախկինում եղել են թուրքական մի քանի ներխուժումների թիրախ, ասել են, որ դեռեւս պայքարում են թուրքամէտ խմբաւորումների դէմ:

«Մեր ուժերը շարունակում են իրականացնել Մանբիջը պաշտպանելու իրենց առաքելութիւնը՝ օգտագործելով համապատասխան ռազմական մեթոդներ: Մանբիջի եւ Ալ Բաբայի ռազմական խորհուրդների մարտիկներն ակտիւօրէն դիմադրում են Մանբիջ քաղաքի եւ նրա շրջակայքի վրայ թուրքական վարձկան զաւթիչների յարձակումներին: Այս բախումների ընթացքում տասնեակ վարձկաններ են սպանւել ու վիրաւորւել։

Իրենց ձախողումները քողարկելու համար վարձկանների հետ կապւած լրատւամիջոցները յայտարարել են, որ վերահսկում են Մանբիջի մեծ մասը: Այս տեղեկութիւնը կեղծ է, եւ մեր ուժերը շարունակում են իրենց ջանքերը՝ տարբեր ռազմական միջոցներով պաշտպանելու այս տարածքը եւ նրա բնակչութեանը։ Անյաջող յարձակումներից յետոյ թուրք զաւթիչները դիմել են քաղաքի օդային ռմբակոծմանը՝ թիրախաւորելով քաղաքացիական ենթակառուցւածքները եւ վարչական շէնքերը»,- ասւում է քրդական ուժերի յայտարարութեան մէջ։

Նշենք, որ Մանբիջ քաղաքը գտնւում է Թուրքիայի սահմանից մօտաւօրապէս 30 կմ հարաւ եւ Եփրատ գետից արեւմուտք։

Related Articles

Back to top button