Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազանի նամակը՝ բանտից. «Ես ազատ եմ, քան երբեւէ, քանզի մեր պայքարը ճշմարտութեան համար է»

«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար»-ի առաջնորդ, քաղբանտարկեալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեցնելու նպատակով նոր նամակ է յղել քրէակատարողական հիմնարկից։ Նրա նամակը խորհրդարանում հանրութեանն է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։

«Այս խօսքն ընդունէք նաեւ ԱԺ պատգամաւոր եւ Հայրենիքի Կալանաւոր Արթուր Սարգսեանի եւ միւս 16 Հայրենիքի Կալանաւորների անունից։ Տէրն է իմ լոյսը եւ կեանքը, ես ումի՞ց եմ վախենալու, Տէրն է իմ կեանքի ապաւէնը, ես ումի՞ց եմ դողալու․․․

Այս աղօթքը ողջ կեանքում ուղեկցել է ինձ, ինչպէս այսօր ուրացողների եւ հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կողոպտել են իմ եւ իմ Հայրենիքի կենսագրութիւնը եւ պատիւը։ Իսկ իրենց եւ իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմւել է ԱՂՒԷՍԱԴՐՈՇՄԻ խարանը։ Իսկապէս, ումի՞ց եմ վախենալու… Ես ազատ եմ քան երբեւէ, քանզի մեր պայքարը ճշմարտութեան համար է, որն ազատագրող է…

Իսկապէս, ումի՞ց եմ վախենալու… Այս անկենսագիրների՞ց, ում ձեռքերը թաթախւած են արեամբ Հայրենիք եւ Յաղթանակ ուրացած, ովքեր իրենց փողի ու փորի համար փորձում են ահաբեկել եւ վախեցնել… Լաւ իմացէ՛ք, որ «այս հաւատքից ոչինչ չի կարող բաժանել․ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ իշխանութիւնը, ո՛չ ներկայ եւ ո՛չ գալիք բաները» (Հռոմ 8.37)։ Մենք նախընտրել ենք մեր հայրերի ու եղբայրների հետ կալանքը եւ նոյնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու յանուն քեզ Հայաստան եւ չեմ ներելու յանուն քեզ Արցախ։

Յիշէ՛ք, որ չէք կարող մեր երազներն ու իղձերը սպանել, քանի որ նրանք աւելին են, քան մեր կեանքը, իսկ ««ձեր այդ մեղքերին մինչեւ ձեր մահը թողութիւն չի տրւելու»,- ասում է Զօրութիւնների Տէրը»(Ես․22։14):

Հիմա անդրադառնամ այն հանգամանքին, որ այս երեք ամսւայ ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում եմ ուղղել գլխաւոր դատախազին եւ քննչական կոմիտէի խեղճ ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան…

Այժմ այս ամբիոնից, որտեղից հնչել են մեր հասցէին զրպարտութիւնները, նոյն հարցադրումներն եմ ուղղում.

Ա. Ինչի՞ն է վերաբերում «երկու հոգու գիւլլելու եւ տասնհինգ հոգու բանտ դնելու» ձեր այդքան սիրած պատմութիւնը:

Բ. Ո՞վ կամ ովքեր էին աւտոբուս վառելու, արդեօ՞ք նման պատմութիւն գոյութիւն ունի։ Մնացեալի մասին՝ յետոյ։

Գ. Արդեօ՞ք ձեր ներկայացրած այսպէս կոչւած ձայնագրութիւնները փորձաքննութիւն անցել են, թէ՞ ոչ։

Դ. Այդքան նենգ էք, որ ձեր իսկ վկայութեամբ 8 ամիս շարունակ լսելուց յետոյ պարզելով, որ հիմնազուրկ էք, փորձել էք մի վերջին ճիգով ինչ-որ բան կորզել՝ գաղտնալսելով իմ եւ իմ հոգեւոր եղբօր՝ Միքայէլ Սրբազանի խուցը, ընդ որում՝ մեր կալանքը տրւած է եղել 2 ամսով, դուք գաղտնալսման հրամանը տւել էք 3 ամսւայ համար, այդպիսով փաստելով երկարաժամկէտ կալանքի նախապէս ծրագրած լինելը։ Սա՛ է ձեր իրական նկարագիրը։

Երկրորդ՝ հարցս ԱԳՆ-ին է ուղղւած։ Մեզ հասած տեղեկութիւններով դուք զանազան միջազգային ներկայացուցիչների ասել էք, որ այս մեր գործում «ռուսական հետք» է առկայ, որը գրեթէ հաւաստի է, այլապէս ՀՀ իրաւական պատմութեան մէջ առաջին անգամ լինելով՝ ձեր իսկ նենգափոխած ձայնագրութիւնները չէիք թարգմանի անգլերէն եւ սփռի համացանցով։ Հարցս․

Ա. նման բան ասե՞լ էք, թէ՝ ոչ։

Բ. «ռուսական հետք» կա՞յ, թէ՝ ոչ։ Այս վերոնշեալ հարցերին միայն յստակ պատասխաններ եմ ակնկալում մինչեւ այս քառօրեայի աւարտը, այլապէս, դուք վերջնականացած ստախօս եւ խաբեբաներ էք։

Ամփոփեմ՝ այո՛, ինչպէս հաւատում եմ, Հոգեւոր Հայաստանը անպայման յաղթելու է ձեր «սուտ եւ կեղծ իրական չհայաստանին»։ Եւ իմացէք, որ «եթէ նոյնիսկ դարձեալ զօրանաք, դարձեալ պարտութեան էք մատնւելու, որովհետեւ Աստւած մեզ հետ է» (Ես․ 8:9-10): Կեցցէ՛ Արարատով, Սուրբ Էջմիածնով, Արցախով եւ մեր նահատակներով սրբագործւած Յաւերժական Հայաստանը»,- գրել է Բագրատ Սրբազանը։

Related Articles

Back to top button