Ռուբէն Վարդանեան. «Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա»

«ԱԼԻՔ» – Բաքւի բանտում գտնւող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբէն Վարդանեանն ընտանիքի միջոցով ուղերձ է յղել։ Նա խնդրել է ընտանիքին եւս մէկ անգամ երախտագիտութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր զօրակցում ու աջակցում են իրեն։ Նա նաեւ կիսւել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնւող մարդկանց։
Մաս 1
«Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին եւ մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղօթում են իմ համար, նամակներ են գրում եւ պարզապէս անտարբեր չեն այն ամէնի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում եւ, ընդհանրապէս, մեզ բոլորիս հետ։
Այս խօսքերը ես կը ցանկանայի նւիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին (ցաւօք արդէն հեռացած) եւ իմ սիրելի աւագ քրոջը։ Հէնց նրանք օգնեցին ինձ տեսնել այս հիասքանչ աշխարհը եւ գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Նրանց հետ միասին՝ կը ցանկանայի շնորհակալութիւն յայտնել նաեւ իմ միւս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ՝ որպէս անհատի ձեւաւորման գործում։
Նրանք ապացուցեցին ինձ, որ փնտրող, ի հեճուկս բոլոր դժւարութիւնների ու մարտահրաւէրների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարեւոր պահերը։ Բայց դա անել շատ զգոյշ, որովհետեւ մեզնից իւրաքանչիւրն ունի հասունացման եւ տեղեկատւութեան ընկալման տարբեր արագութիւն։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։
Մենք բոլորս տարբեր ձեւով ենք լսում եւ ընկալում նոյն բառերը։ Ուստի իւրաքանչիւրը պէտք է ինքնուրոյն հասնի իր ընկալման կէտին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցաւօտ, բարդ «յղիութեան» ճանապարհով եւ պատրաստ լինի ամենադժւար, երբեմն կեանքի համար վտանգաւոր ծննդին։
Միայն այդ գիտելիքը ծնելով քո մէջ, յենւելով փորձի եւ անցեալի յիշողութեան վրայ, կարելի է այդ գիտելիքը դարձնել ամբողջական, թոյլ չտալ երկիմաստութիւն, դարձնել այն քո առանցքը, որի շուրջ էլ կը կառուցւի լիարժէք, սիրով լեցուն կեանքը։ Մարդն իրեն իսկապէս մարդ է զգում հէնց այս դժւար, բայց ազնիւ ինքնաճանաչման շնորհիւ։
Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականութիւն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լոյս: Բարին, դրականը թող յաւերժ լինեն մեր աշխարհում։
Ես սա ասում եմ, որպէս աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի եւ ցանկութիւնների ծառայող, բոլորին եւ ամէն ինչ իր շուրջը սիրող, յաւերժ սովորող, իրեն եւ աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մէկ ամբողջութիւն կազմող, մտքեր մեկնաբանող, մէկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր եւ գաղափարներ միաւորող, անցեալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպէս կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ եւ անհատուցելի պարտքի գիտակութեամբ Տիրոջ առջեւ՝ պարզապէս երջանիկ մարդ լինելու հնարաւորութեան համար:
Ռուբէն, որդի Կառլէնի»։
Մաս 2-ը, որտեղ Ռուբէն Վարդանեանը ներկայացնում է իր աքսիոմները, նախատեսւում է հրապարակել յաջորդ կիրակի։