Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ՄՕՐ ՁԵՌՔԵՐԸ

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

 

Այս ձեռքերը՝ մօ՜ր ձեռքերը,

հինաւուրց ու նո՜ր ձեռքերը…

 

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակւելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

ի՜նչ նազանքով,

երազանքո՜վ:

 

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Լոյսը մինչեւ լոյս չեն մարել այս ձեռքերը,

առաջնեկն է երբ որ ծնւել,

նրա արդար կաթով սնւել:

 

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

ծով լռութեա՜մբ,

համբերութեա՜մբ:

 

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Երկինք պարզւած սիւն են դառել այս ձեռքերը,

որ չփլւի իր տան սիւնը՝

որդին կռւից դառնայ տունը:

 

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

մինչեւ տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

այս ձեռքերը՝ ուժը հատած,

բայց թոռան հետ նոր ուժ գտած…

 

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժէ…

Related Articles

Back to top button