Հասարակական

ՀԱՅ ՄԱՅՐ. ԳՈՅԱՒՈՐՄԱՆ ԱՂԲԻՒՐ, ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՄԻՋՆԱԲԵՐԴ, ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ԱՄՐՈՑ

Հայ ժողովրդի պատմութեան ընթացքում, հայ մայրը ոչ միայն եղել է ընտանիքում հոգեւոր, բարոյական ու ազգային սրբազան արժէքների եւ առաքինութիւնների ցոլացնող աստղը, ոչ միայն եղել է ընտանիքի ամրակուռ սիւնն ու զաւակների առաքինի դաստիարակը, այլեւ մեր պատմութեան ամենաճակատագրական պահերին իր անկոտրում կամքով, սկզբունքային կեցւածքով եւ անհուն զոհողութեամբ կանգնած է եղեկ պատնէշին՝ առանցքային ներկայութիւն ունենալով յանուն հայրենիքի եւ ազգի պայքարում։

Եւ այս իրողութիւնից ելնելով միթէ՞ կարելի է չյիշել եւ գլուխ չխոնարհել յիշատակի առջեւ այն պաշտելի մայրերի, որոնք յանուն հայի եւ հայրենիքի, առանց վարանելու պատերազմի դաշտ ճամփեցին իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին ու որդիներին, նրանց յորդորելով՝ կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրայ, միայն թէ՝ պատւով։

Միթէ՞ կարելի է չյիշել ու մոռացութեան տալ քաջասիրտ այն մայրերին, որոնք հաւատք պահպանող եկեղեցի եւ դպրանոց դարձան Դեր Զորի անապատներում, կենաց մահու կռիւ տւող հուր ու կայծակ դարձան Սարդարապատի խոյանքում, եւ վերջապէս յաղթանակներ կռող մուրճ ու զնդան դարձան Արցախեան ազատամարտում։

Արդարեւ հայոց ոսկեղնիկ լեզւի ողջ հարստութիւնն անգամ չի բաւարարում ճիշտ բնութագիրը տալու այն անհուն սիրոյ, խանդաղատական ջերմութեան, մաքրամաքուր ազնւութեան, անմնացորդ նւիրումի եւ անսակարկ զոհողութեան, որը կուտակւած է հայ մօր կերպարում։

Սիրելի՛ մայրեր, շնորհաւորում ենք Ձեզ Մայրութեան աւետումն Սուրբ Աստւածածնի տօնի՝ Մայրերի օրւայ առիթով։

Մեր լեզուն ու գրիչը որքան էլ զօրեղ ու ազդու լինեն, դարձեալ անզօր են արտայայտելու այն անեզր զգացումները, անհուն սէրը եւ խորը երախտագիտութիւնը, որը տածում ենք Ձեր նկատմամբ։

Դուք մեր ժողովրդի գոյաւորման աղբիւրը, ազգային ինքնութեան միջնաբերդն ու հայրենիքի գոյատեւման ամրոցն էք։

Վստահ ենք, որ հաւատարիմ Ձեր հայակերտման եւ հայրենապահպանման առաքելութեանը, երիցս կը դառնաք մեր ճամփան լուսաւորող փարոսն ու կառաջնորդէք մեզ դէպի ապահով եզերքներ՝ խարխափումի եւ տեղատւութեան այս օրերին։

ԽՄԲ.

Related Articles

Back to top button